ՊԵԿ ղեկավարը կարեւորել է գործակցությունը Հայաստանի եւ Իրանի միջեւ

09.12.2021 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռուստամ Բադասյան #Իրան
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կարեւորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել տրամադրել կոնտակտային անձանց տվյալներ, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում մինչեւ 2022 թվականի մարտ ամիսը ավարտին հասցվեն անհրաժեշտ միջոցառումները եւ մեկնարկի գործընթացը:

Հանդիպմանը դիտարկվել են բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները: ՊԵԿ ղեկավար կազմը, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով, պատրաստակամություն է հայտնել երկկողմ, 24 ժամյա ռեժիմով կապ պահպանել իրանցի գործընկերների հետ: Այդ նպատակով կողմերը կփոխանակվեն համապատասխան ստորաբաժանումների կոնտակտային տվյալներով։

Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ գործակցության զարգացմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն ՊԵԿ-ի, այլեւ ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, եւ ՀՀ կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը՝ դրանք առավել զարգացնելու ուղղությամբ։

Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել են նաեւ «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» հարթակը, էլեկտրոնային միջավայրում հայտարարագրման ամբողջական գործընթացը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող նորարարական գործիքակազմը։ Անդրադարձ է կատարվել մեծ ծավալի տվյալների (Big Data) անալիտիկ հաշվետվությունների համակարգին, իրական միջավայրում ցուցադրվել են  սահմանային անցման ժամանակահատվածի հսկողության, մաքսային հսկողության ընթացակարգերի մշտադիտարկման եւ հաշվետվողական այլ համակարգեր։
Դիտում՝ 2112
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai