Հայկակ Արշամյանը նախագահին է ներկայացրել Արցախում վերակառուցման ծրագրերի ընթացքը

05.08.2021 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկակ Արշամյան #Արմեն Սարգսյան #«Հայաստան» հիմնադրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող շուրջ 30 մլրդ դրամի վերակառուցման ծրագրերի ընթացքը:

Դրանք ներառում են համայնքային եւ համապետական նշանակության ճանապարհների վերակառուցում, դպրոցների հիմնանորոգում, ջրամատակարարման ցանցի կառուցում եւ լայնածավալ բնակարանաշինություն:

Նշվել է, որ բնակշինարարության առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 բնակարան եւ 290 տուն: Բնակարանների եւ շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ՝ Ստեփանակերտում եւ Իվանյան համայնքում՝ սեփական տանիքով ապահովելով Շուշիից եւ Հադրութից տեղահանված 457 ընտանիքի։

Արմեն Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է նաեւ սեպտեմբերից Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրների ծրագիրը՝ համայնքային, կրթական եւ սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծման նպատակով:

Շուրջ 1 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից եւ կիրականացվի փուլերով՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով եւ մասամբ նաեւ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ:

Նշելով, որ Արցախի, Սյունիքի համայնքներին անվտանգային, տնտեսական եւ սոցիալական աջակցությունը առաջնահերթություն է՝ Արմեն Սարգսյանը ասել է, որ բոլոր միջոցներն ու ջանքերը պետք է գործադրել աջակցության կարիք ունեցող մեր համայնքներին ու հայրենակիցներին սատար կանգնելու համար։
Դիտում՝ 714
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai