Տնտեսագիտական համալսարանը ոգեկոչեց զոհված հայորդիների հիշատակը

16.06.2021 | 20:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #«Իմ անուշ տղա» #զոհված հայորդիներ
Թատերագիր Անահիտ Աղասարյանի եւ դերասանուհի-բեմադրիչ Տաթեւիկ Ղափլանյանի «Իմ անուշ տղա» պիեսի բեմադրությունն այսօր Տնտեսագիտական համալսարանում թատերական իրադարձության վերածվեց, ոգեկոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը եւ հանդիսատեսին նվիրեց հիացումի ու հպարտության զգացումներ:

«Դերասանական վարպետության սահմանը նվաճող իրենց խաղով մեր ուսանողները փայլեցին՝ մարմնավորելով ինքնատիպ կերպարներ, համոզիչ կերպով կերտելով պատերազմական իրադրության ողբերգական ու միաժամանակ լավատեսական,  արցունքախառն ու հումորով լեցուն դրվագներ։

ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ  եւ ջանքերով, դերակատարներ Անահիտ Հակոբյանի, Մարջան Գուլինյանի, Ինեսա Մարդոյանի, Արամ Պետրոսյանի, Ժորա Ստեփանյանի, Գագիկ Վարդանյանի, Հարություն Սուքոյանի, Վրեժ Սահակյանի եւ Վահրամ Ոսկանյանի փայլուն խաղով կյանք առած ներկայացումը այսօրինակ խոնարհում էր ՀՊՏՀ զոհված ուսանողների հիշատակի առջեւ:

Պատերազմը չսպիացող վերք է բացել մեր սրտերում, ցավ ու տրտունջ թողել: Մեր լուսեղեն ու անուշ զավակներն իրենց ծաղիկ հասակը հայրենիքին նվիրաբերեցին եւ մեր հուշերում մնացին հավերժ երիտասարդ՝ կենսախինդ եւ հումորով լեցուն, որպիսին ներկայացման հերոսներն են՝ Նարեկը, Դավիթը, Ճուտոն, Վահագնը, Քեռի Բարսեղը։  Իսկ որդեկորույս մոր կերպարը՝ Պուճուր մաման, հերոսածին մայրերի խտացումն է՝ լի  անսահման բարությամբ ու վեհությամբ»,- նշել են ՀՊՏՀ մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնում։

Անդրադառնալով բեմադրության մտահղացմանն ու իրագործմանը՝ Լիլիթ Դադայանն ասել է. «Տարիներ առաջ եմ դիտել Տաթեւիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ անուշ տղա»-ն՝ նվիրված նրա որդու հիշատակին: Հուզիչ էր, ազդեցիկ, լուսավոր եւ մինչեւ հոգու խորքը ցնցող: 44-օրյա պատերազմում ՀՊՏՀ-ն կորցրեց իր 28 ուսանողներին: Տղաների հիշատակին նվիրված միջոցառումների շարքում առաջին մտահղացումս այդ ներկայացումը կյանքի կոչելն էր: Բեմադրությունը որդուն կորցրած մոր տառապանքների, հերոսացումի ու լավատեսության  մասին է: Հույս ունեմ՝ պատերազմի արհավիրքով անցած մեր որդեկորույս մայրերի  հոգիներում այն ապրելու ցանկություն կառաջացնի»:

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով եւ նրանց հերոսացման արժեւորմամբ:

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց դերակատար ուսանողներին, Լիլիթ Դադայանին՝ հրաշալի բեմադրության համար, ինչպես նաեւ՝ ներկայացմանը ներկա՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ նշելով, որ դերակատարներից մեկը այդ ինստիտուտի ուսանող է: Ռեկտորը նաեւ երախտագիտության խոսք հղեց թատերագիր Անահիտ Աղասարյանին:

«Պատերազմի ավարտից հետո մի քանի միջոցառում ենք նվիրել մեր զոհված ուսանողներին, այսուհետ եւս, անկախ նրանից, թե ինչ ձեւաչափով կկազմակերպենք, նորից, ինչպես այս ներկայացումը, կլինի մեր խոնարհումը նրանց հիշատակի առջեւ եւ մեր հավաստիացումը՝ տղաները հավերժ մեր սրտերում են»,- ասել է Դիանա Գալոյանը:
Դիտում՝ 1575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai