ՔՈԱՖ-ը տնով է ապահովել Արցախից տեղահանված ընտանիքներին

14.06.2021 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՔՈԱՖ #արցախցիներ #տներ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) Լոռու մարզի Դսեղ ու Դեբետ համայնքներում տներ է կառուցել Արցախից տեղահանված ու Հայաստանում ապաստանած 13 ընտանիքների համար։

Հունիսի 11-ին առաջին երկու ընտանիքները՝ Մարգարյաններ ու Չիրկինյաններ, մուտք գործեցին իրենց նոր, հարմարավետ տները՝ կահավորված, ապահովված կենցաղային բոլոր հարմարություններով՝ մշտական ջուր, ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի համակարգ, ինտերնետ։ Նախագծի այս փուլի իրականացմամբ 100-ից ավել արցախցիներ ապահովված կլինեն տներով։

«Դեռեւս 2020թ․ դեկտեմբերի 6-ին «Շուռ տանք սարերը» ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտարարվել էր, որ հավաքագրված գումարը 2021թ․ ծախսվելու է նաեւ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար տների կառուցման վրա։ Կառուցվել է 13 տուն՝ մեկ տունը միջինում 75 քմ մակերեսով։ Ընդհանուր առմամբ կառուցվում է 960քմ բնակելի տարածք՝ 1քմ-ը $430 արժեքով։ Տներն ամբողջովին կահավորվում են՝ պատրաստ հյուրընկալելու բազմանդամ ընտանիքների։ Ներառվող կենցաղային պարագաներից են սառնարանը, լվացքի մեքենան, փոշեկուլը, հեռուստացույցը, խոհանոցային պարագաները եւ այլ անհրաժեշտ իրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

«ՔՈԱՖ-ը շատ արագ արձագանքեց ճգնաժամին․հրատապ կերպով մոբիլիզացրեցինք մեր ռեսուրսներն ու Արցախից տեղահանված ընտանիքներին տրամադրեցինք թե՛ կացարան, թե՛ մարդասիրական աջակցություն»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը եւս նշել էր Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին պատշաճ որակի տներով ապահովելու կարեւորությունն ու հրատապությունը, որպեսզի որեւէ պարագայում չկրկնվի 1988թ․ երկրաշարժից հետո բազմաթիվ ընտանիքների՝ տասնամյակներով անմխիթար տնակներում ապրելու պատմությունը։

«Ընտանիքներին ընտրելիս բազմաթիվ չափանիշներ ենք հաշվի առել, բայց ամենակարեւորներից այն է, որ կարճ ժամանակում տներով ենք ապահովել այն ընտանիքներին, որոնք արդեն ունեին Հայաստանից ու Արցախից հեռանալու մտադրություններ․ այս կերպ մենք պահել ենք նրանց երկրում»,- ասել է նախագծի ղեկավար Օվսաննա Եղոյանը։
Դիտում՝ 2015
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai