Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է

06.05.2021 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԳԿ #համաշխարհային գներ #պարենային ապրանքներ
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) այսօրվա հաշվետվությունում նշվել է, որ պարենային ապրանքների համաշխարհային գները ապրիլին աճել են՝ արձանագրելով տասնմեկերորդ անընդմեջ ամսական աճը:

Աղյուսակը գլխավորում է շաքարի գնաճը, իսկ հացահատիկային մշակաբույսերի գները վերականգնվել են:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը ապրիլ ամսվա ընթացքում կազմել է միջինը 120,9 նիշ, ինչը 1,7%-ով բարձր է մարտ ամսվա համեմատ եւ 30,8%-ով բարձր՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: Այն 2014թ.-ի մայիսից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 3,9%-ով՝ 2020թ.-ի ապրիլի համեմատ գրանցելով համարյա 60%-ով ավելի բարձր ցուցանիշ: Այսպիսի գնաճը պայմանավորված է Բրազիլիայում ցածր բերքատվությամբ եւ Ֆրանսիայում ցրտահարության պատճառած վնասներով:  

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ապրիլին աճել է 1,8%-ով՝ պայմանավորված արմավենու յուղի գնառաջարկի բարձրացմամբ, քանզի խոշոր արտահանող երկրներում կանխատեսվում էր արտադրության տեմպի դանդաղում: Սոյայի եւ հլածուկի յուղերի գները նույնպես աճել են, իսկ արեւածաղկինը՝ փոքր ինչ նվազել:  



ՊԳԿ մսի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատ աճել է 1,7%-ով: Տավարի, գառան եւ խոզի մսի գնառաջարկի աճը պայմանավորված է Արեւելյան Ասիայում այդ մթերքների մեծ պահանջարկով: Թռչնամսի գները կայուն են մնացել:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը  ապրիլին աճել են 1,2%-ով, ինչը 26%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:  Եգիպտացորենի գները աճել են 5,7%-ով՝ գրանցելով 66,7%-ով ավելի բարձր ցուցանիշ, քան նախորդ տարի էր: Նման աճը պայմանավորված է ԱՄՆ-ում կանխատեսվածից ավելի քիչ տնկումներով, ինչպես նաեւ Արգենտինայում, Բրազիլիայում եւ ԱՄՆ-ում մշակաբույսի վիճակի հետ կապված մտահոգություններով: Ցորենի միջազգային գները հիմնականում կայուն են մնացել, իսկ բրնձինը, գարունը եւ սորգոյինը՝ մի փոքր նվազել:  

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատ աճել է 1,2%-ով: Կարագի, պանրի եւ անյուղ կաթի փոշու գնառաջարկի աճը պայմանավորված է Ասիայից ներմուծման մեծ պահանջարկով:
Դիտում՝ 1128
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai