Արցախում նյութական վնաս կրած անձանց ֆինանսական աջակցություն կտրամադրվի

21.04.2021 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #Արայիկ Հարությունյան #ֆինանսական աջակցություն
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 19-ին հաստատել է կառավարության որոշում`2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը հաստատելու մասին:

Միջոցառումն իրականացվելու է ԱՀ կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից: Շահառուին գույքի փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձեւով եւ/կամ գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ եւ մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ:

Աջակցության գումարի մինչեւ 5 մլն դրամը կտրամադրվի դրամական օգնության ձեւով, իսկ 5 մլն դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, որոնց  թողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումը իրականացվելու է Արցախի կառավարության սահմանած կարգով:

Արցախի տարածքում գործարար ծրագրի իրականացման, հարկային, վարկային եւ այլ կրեդիտորական պարտավորությունների կատարման դեպքերում մուրհակը կարող է մարվել մինչեւ ժամկետի լրանալը:

Կառավարության որոշման համաձայն, եթե ծրագրի շահառուին տրամադրվել է նաեւ պետական աջակցություն վարկային պարտավորությունների կատարման համար, ապա սույն միջոցառման շրջանակում աջակցությունը կտրամադրվի գույքի կորստի գնահատված չափի եւ վարկային պարտավորությունների համար տրամադրված աջակցության դրական տարբերության դեպքում՝ միջոցառմամբ սահմանված չափերով:

Միջոցառմամբ սահմանված են աջակցության ենթակա կորսված գույքի տեսակները եւ դրանց համապատասխան աջակցության չափերը:

Ապրիլի 19-ին Արայիկ Հարությունյանի հաստատած կառավարության մեկ այլ որոշմամբ կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ պատերազմի հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրում:

Ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը. ընդգրկվել են նաեւ գրավատների վարկառուները:

Համաձայն որոշման՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում բնակված ֆիզիկական անձանց հիփոթեքային եւ սպառողական վարկերի ողջ պարտավորությունների չափով տրամադրվող աջակցությունը կիրառվելու է նաեւ ֆինանսավարկային կազմակերպություններում առկա պարտավորությունների նկատմամբ:

Բռնազավթված տարածքներում տնտեսական գործունեություն իրականացրած, ինչպես նաեւ պատերազմական գործողությունների հետեւանքով կորուստ կրած եւ ֆինանսավարկային կազմակերպություններում բիզնես վարկային պարտավորություններ ունեցող ծրագրի շահառու հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին եւս կտրամադրվի աջակցություն կորստի չափով, բայց ոչ ավել, քան այդ պարտավորությունների 50%-ը:
Դիտում՝ 909
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai