էլեկտրական ավտոմեքենաների գլոբալ շուկան՝ վերափոխման ճանապարհին

15.03.2021 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Tesla #Ford Motor #Volkswagen
Մրցակիցները սկսում են դուրս մղել ամերիկյան Tesla-ին գլխավոր շուկաներից՝ այլ խոշոր ավտոարտադրողների կողմից էլեկտրական ավտոմեքենաների մրցակցող մոդելներն առաջ մղելու ֆոնին, գրում է Finmarket-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը (WSJ)։

ԱՄՆ-ում շուկայի մասնաբաժինը Tesla-ից սկսում է հետ վերցնել Ford Motor-ը, որը վերջերս գործարկեց իր առաջին էլեկտրական քրոսովերը՝ Mustang Mach-E-ն: Եվրոպայում՝ էլեկտրական ավտոմեքենաների աշխարհի խոշորագույն շուկայում, գերմանական Volkswagen-ն անցած տարի առաջ անցավ Tesla-ին: Մնացած շուկաներում, ինչպիսին է, օրինակ՝ Ասիան, Tesla-ն դեռեւս պահպանում եւ նույնիսկ ավելացնում է իր մասնաբաժինը:

Ըստ Motor Intelligence վերլուծական գործակալության՝ բարձր գնահատանքի արժանացած Mustang Mach-E-ն կազմել է անցած ամիս ԱՄՆ-ում մատակարարվող ամբողջ էլեկտրական տրանսպորտային միջոցների 12%-ը: Միաժամանակ, Tesla-ի մասնաբաժինը փետրվարին կրճատվեց մինչեւ մոտ 69%՝ նախորդ ամբողջ տարվա 79%-ի համեմատ:



Արեւմտյան Եվրոպայում գնորդները 2020-ին գրանցել են մոտ 98 հազ․ Tesla ավտոմեքենա, ինչը շուրջ 11%-ով պակաս է 2019 թ․ ցուցանիշից, մինչդեռ գրանցված էլեկտրական ավտոմեքենաների ընդհանուր թիվը կրկնապատկվել է: Շուկայում Tesla-ի մասնաբաժինը 2020-ին նվազել է մինչեւ մոտ 13%՝ նախորդ տարվա մոտ 31%-ի համեմատ:

«Վերջին տարիներին բազմիցս նշվել է, որ Tesla-ն կբախվի ուժեղ մրցակցության հետ: Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Volkswagen-ը եւ General Motors-ը (GM), միլիարդավոր դոլարներ են ներդնում իրենց էլեկտրական ավտոմեքենաների տեսականին ընդլայնելու համար: Tesla-ի շուկայական մասնաբաժնի կրճատումն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կարող է վկայել այն մասին, որ մրցակցությունը սկսում է սրվել»,- գրում է WSJ-ն:

Ճապոնական Honda Motor ավտոարտադրողը նախատեսում է 2024-ին ԱՄՆ շուկայում ներկայացնել ամբողջությամբ էլեկտրական երկու քրոսովեր, ինչպես նաեւ շուտով կառաջարկի իր ամենահայտնի մոդելների հիբրիդային տարբերակները: Քրոսովերից մեկը կարտադրվի Honda, երկրորդը՝ Acura ապրանքանիշների ներքո: Երկու մոդելներն էլ կմշակվեն GM-ի հետ համատեղ: Սեպտեմբերին Honda-ն եւ GM-ը ստորագրեցին Հյուսիսային Ամերիկայում դաշինք ստեղծելու մտադրությունների մասին արձանագրություն, որը կարող է ներառել գնումների եւ տրանսպորտային ընդհանուր հարթակների բնագավառում համագործակցություն:

Անցած շաբաթ հաղորդվել էր, որ GM-ը մտադիր է ԱՄՆ-ում կառուցել էլեկտրական  ավտոմեքենաների համար մարտկոցների երկրորդ գործարանը՝ հարավկորեական LG Chem-ի հետ համագործակցությամբ։ Ընկերություններն Օհայոյի հյուսիս-արեւելքում կառուցում են $2,3 մլրդ արժողությամբ մարտկոցների գործարան: Ակնկալվում է, որ այն կսկսի գործել հաջորդ տարի եւ ապագայում կարտադրի տարեկան հարյուր հազարավոր մարտկոցներ էլեկտրական ավտոմեքենաների համար:


 
WSJ-ն գրում է, որ, չնայած մրցակիցներին հաջողվել է ներխուժել որոշ շուկաներ, Tesla-ի բիզնեսը շարունակում է աճել: Անցած տարի ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է գրեթե կես միլիոն ավտոմեքենա, ինչն ավելի քան մեկ երրորդով գերազանցում է 2019-ի ցուցանիշը, եւ նպատակ ունի արագացնել աճի տեմպերը 2021 թվականին:

2020-ին Tesla-ի վաճառքները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գրեթե եռապատկվել են նախորդ տարվա հետ համեմատ՝ Շանհայի իր գործարանում արտադրության աճի ֆոնին: Այս պահանջարկի շնորհիվ Tesla-ի մասնաբաժինն էլեկտրական ավտոմեքենաների համաշխարհային վաճառքների ծավալում մնացել է անփոփոխ եւ անցած տարի կազմել շուրջ 22%:
Դիտում՝ 5037
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai