ՀՊՏՀ-ն դարձել է միջազգային նախագծի համակարգող

21.01.2021 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #Դիանա Գալոյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) 2020թ․ տարեվերջին դարձել է միջազգային՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի եւ տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի համակարգող։

Ինչպես հայտնել են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագիծն ունի 1,5 տարվա տեւողություն եւ համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով:

Նախագծի նպատակն է խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը Հայաստանում եւ Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։

Այսօր առցանց ձեւաչափով կայացել է նախագծի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցել են ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը,  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը,  «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ինժեներատեխնոլոգիական բաժնի ղեկավար Վլադիմիր Դեխտյարյովը, «Հաթերք Ֆուդ» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Սամվել Միրզախանյանը, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սոնա Մատինյանի գլխավորությամբ, ԿԳՄՍ եւ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՓՄՁ-ների եւ հետազոտական ինստիտուտների ու ակադեմիական կառույցների հետաքրքրված ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջունել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ապա անդրադարձել է նախագծի կարեւորությանը եւ ընդգծել, որ ՀՊՏՀ գործընկերները սույն նախագծի շրջանակներում հեղինակավոր բուհեր եւ ինստիտուտներ են, մասնավորապես Մասարիկի համալսարանը (Չեխիա), Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանը (Լեհաստան), «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան) եւ Կոշիցեի տեխնիկական համալսարանը (Սլովակիա):

«Կարծում եմ, որ նախագիծը կարեւորություն ունի Հայաստանի համար նաեւ այն պատճառով, որ նպատակ ունի խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։ Սա հատկապես կարեւորում եմ հետպատերազմյան ժամանակաշրջանում, քանի որ նախագծի շրջանակում հնարավոր է լինելու բարձրացնել հայկական ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ տեխնոլոգիական ծրագրեր իրականացնելու գործում, ընդլայնել եւ ամրապնդել համապատասխան աշխատակիցների գիտելիքներն ու կարողությունները տեխնոլոգիաների փոխանցման գործում եւ այլն»,- նշել է ՀՊՏՀ ռեկտորը։

Այնուհետեւ մասնակիցները հանդես են եկել նախագիծը ներկայացնող  շնորհանդեսներով։  

Նախագծի նպատակն է բարձրացնել Հայաստանի եւ Վրաստանի ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ գիտահետազոտական գործունեության առավելությունների վերաբերյալ, ընդլայնել եւ ամրապնդել գիտելիքի եւ տեխնոլոգիայի փոխադրման համար պատասխանատու աշխատակազմի գիտելիքներն ու կարողությունները Արեւելյան գործընկերության թիրախավորած երկրներում, մշակել ՓՄՁ-ների եւ գիտահետազոտական ենթակառուցվածքների միջեւ համագործակցության հայեցակարգ Արեւելյան գործընկերության թիրախավորած երկրներում:
Դիտում՝ 3449
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai