Գարեգին Բ-ն ռուսաստանյան հյուրերի հետ քննարկել է բլոկչեյնի զարգացումը

22.07.2020 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գարեգին Բ #IPChain #բլոկչեյն
Ռուսաստանյան IPChain ասոցիացիայի ներկայացուցիչները Հայաստան կատարած այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ քննարկել են Հայաստանի բլոկչեյն ենթակառուցվածքի զարգացումը։

Ինչպես ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է IPChain-ի նախագահ Անդրեյ Կրիչեւսկին, հանդիպումը կայացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

«Խոսել ենք երկրի տնտեսության զարգացման հետագծի փոփոխության հնարավորությունների, ռեսուրսային մոդելից դեպի մարդկային կապիտալի տնտեսություն անցում կատարելու մասին. վերջինս ենթադրում է ազգային մշակութային ժառանգության պահպանումը՝ մարդկանց գիտելիքների եւ տաղանդների օգտագործման հետ մեկտեղ»,- ասել է Կրիչեւսկին։

Նա ընդգծել է, որ հանդիպման մասնակիցները նշել են եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի կյանքում։

«Գարեգին Երկրորդն օրհնել է ստեղծարար ոլորտների եւ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախագծերը, որոնք մենք հիմա իրականացնում ենք հայ գործընկերների հետ, ինչպես նաեւ բարձր է գնահատել այն հանգամանքը, որ իրենք աշխատում են ի բարօրություն եւ պաշտպանում են արարիչ մարդուն»,- նշել է ասոցիացիայի նախագահը։

IPChain-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաեւ Մտավոր սեփականության ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Մատվեեւը։

«Մեզ համար շատ կարեւոր է, որ Նորին Սրբությունը մտադիր է ամեն կերպ աջակցել նախագծերին, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանն ու այն արդյունքների տեխնոլոգիական պաշտպանությանը, որոնք ստեղծվել են տաղանդի եւ ստեղծարար մարդկանց ջանքերի շնորհիվ։ Առաջին հերթին, դա IPChain բլոկչեյն ենթակառուցվածքի հիման վրա զարգացող լուծումներն են»,- նշել է Սերգեյ Մատվեեւը։
Դիտում՝ 22196
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai