Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով

17.03.2020 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#վերաֆինանսավորման տոկոսադրույք #ԿԲ
Այսօրվա նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%:

2020թ. փետրվարին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%:

«Աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածումը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության եւ գործընկեր երկրների տնտեսական աճի վրա։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում զգալի աճել են անորոշությունները, ինչն արտահայտվել է զարգացած երկրների բորսայական ինդեքսների շարունակական անկմամբ, հանքահումքային ապրանքների գների նվազմամբ, զարգացող երկրների փոխարժեքների արժեզրկմամբ, որոնց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա գնահատվում է գնանկումային։

ԿԲ գնահատականների համաձայն, այս ազդեցություններն արտահայտվում են նաեւ ՀՀ տնտեսության վարքագծում համախառն առաջարկի եւ պահանջարկի միաժամանակյա կրճատմամբ։ Հիմնական ազդեցությունն իր վրա է կրում ծառայությունների ճյուղը, հատկապես այն ենթաճյուղերը, որոնք կապված են զբոսաշրջության եւ ժամանցի կազմակերպման հետ։ ԿԲ հիմնական սցենարի համաձայն, տնտեսական աճը բավականին կդանդաղի կարճաժամկետ հատվածում, սակայն չի ազդի երկրի տնտեսական պոտենցիալի երկարաժամկետ հեռանկարների վրա»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ Խորհուրդը,  քննարկելով տնտեսության զարգացումները, գնահատում է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմը հնարավորություն չունի ազդելու առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական անորոշության աճի եւ տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա։ Այս պարագայում կարեւոր է շարունակել պահպանել երկրի մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա ապահովել կառավարության կողմից մշակվող տնտեսական քաղաքականության թիրախավորված միջոցառումների արդյունավետությունը։

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ վերջին տարիներին իրականացված ցածր գնաճային քաղաքականության շնորհիվ գնաճային սպասումները ներկայումս բավականին խարսխված են, հետեւաբար, ելնելով ԿԲ գների կայունություն նպատակից, եւ գնահատելով գնաճային ներկա զարգացումները, համաշխարհային տնտեսության ապագա ազդեցությունները եւ ձեւավորված անորոշությունները, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով։ Արդյունքում, ըստ հիմնական սցենարի՝ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի համեմատաբար ցածր մակարդակում՝ հետագայում աստիճանաբար մոտենալով նպատակային թիրախին։

«Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկը ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության եւ ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում է տարբեր այլընտրանքային սցենարներ եւ պատրաստ է արձագանքել իրավիճակի ցանկացած զարգացմանը՝ ապահովելով գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ամփոփել են ԿԲ-ում:
Դիտում՝ 3435
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai