«Գրանթ Թորնթոն». ԵԱՏՄ-ում միասնական աուդիտի ներդրումն առաջընթաց է

16.03.2017 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ավարտել է ԵԱՏՄ տարածքում աուդիտորական գործունեության վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ հանրային քննարկումը, որի նպատակն է միության տարածքում ձեւավորել աուդիտորական ծառայությունների միասնական շուկա:

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը Banks.am-ի խնդրանքով մեկնաբանել է լուրը՝ դրական գնահատելով այն:

«Միության տարածքում միասնական աուդիտորական շուկա ձեւավորելու նախաձեռնությունը նոր հնարավորություններ է բացում բոլոր անդամ երկրների աուդիտորական ընկերությունների համար՝ ստեղծելով գործունեության ծավալման համար նոր պոտենցիալ շուկաներ: Այդուհանդերձ, այս նախաձեռնության հաջողությունը մեծապես կապված է բոլոր շուկաներում որակի վերահսկողության վերաբերյալ միասնական մոտեցման ապահովման հետ»,- ասել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրենը:

Գագիկ Գյուլբուդաղյանը հիշեցրել է, որ վերջին շրջանում Հայաստանում օրենսդրական փոփոխություններ են ընթանում, մշակվում են հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի ոլորտները կարգավորող նոր մոտեցումներ:

«Աուդիտի ոլորտի որոշ տարրեր Հայաստանում դեռեւս զարգացման եւ կայացման փուլում են: Այդուհանդերձ, մեր մասնագետները մեծ պահանջարկ ունեն տարածաշրջանում, այդ թվում` նաեւ ԵԱՏՄ երկրներում: «Գրանթ Թորնթոն»-ի օրինակով կարող ենք փաստել, որ մենք աշխատել ենք եւ ծառայություններ մատուցել ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներում: Հետեւապես, կարող ենք ասել, որ շատ բնագավառներում կայացած եւ որոշ երկրների համեմատ նաեւ առաջադեմ ենք»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով հարցին, թե ԵԱՏՄ այս քայլն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի համար, Գագիկ Գյուլբուդաղյանն այն որակել է «առաջընթաց»:  

«Հասկանալով, որ Հայաստանի շուկան, օբյեկտիվ իրողությունից ելնելով, սահմանափակ է, ապա նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունը, անշուշտ, առաջընթաց է: Միասնական շուկայի ձեւավորման նպատակով հարկավոր են մի շարք փոփոխություններ ինչպես իրավական կարգավորումների մակարդակում, այնպես էլ որակի վերահսկողության միասնական ստանդարտների ու մեխանիզմների ներդրման ուղղությամբ»,- ամփոփել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրենը:

Դիտում՝ 3623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai