ՀՀ-ն շարունակում է խթանել թեթեւ արդյունաբերության զարգացումը

14.02.2017 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ, UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկայի մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի համագործակցությամբ, իսկ ֆինանսավորումն իրականացնում է Ռուսաստանի կառավարությունը:

Ծրագրի երկրորդ փուլը, ինչպես եւ նախորդը, ուղղված է թեթեւ արդյունաբերության ոլորտներում գործող ընկերությունների արտադրողականության, մրցունակության եւ արտահանման կարողությունների զարգացմանը։
    
Առաջին փուլի արժեքը կազմել է շուրջ $1 մլն, որն ընդգրկել է հագուստ արտադրող ութ ձեռնարկություն, որոնք միավորվել են «5900BC» համատեղ բրենդի ներքո:

Ընկերություններին տրամադրվել է բազմակողմանի աջակցություն՝ արտադրանքի զարգացման, արտադրության արդյունավետ կազմակերպման, մարդկային ռեսուրսների, ֆինանսների, մարքեթինգի, արտաքին կապերի, իրավական հարցերի եւ այլ ուղղություններով, ինչպես նաեւ տրամադրվել համապատասխան տեխնիկական աջակցություն:

Երկրորդ փուլը՝ մոտ $2 մլն արժողությամբ, նախատեսում է ներառել կոշիկի եւ կաշվե իրերի արտադրության ոլորտի ընկերությունների:

«Թեթեւ արդյունաբերության ոլորտում տարեցտարի արձանագրում ենք աճ, այդուհանդերձ, ոլորտի ներուժը լիովին իրացված չէ: Հույս ունենք, որ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը մեզ հնարավորություն կտա առավելագույնս օգտագործելու այդ ներուժը»,- ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նա հիշեցրել է, որ օրերս հրապարակված 2017թ. իրականացվելիք ներդրումային ծրագրերում թեթեւ արդյունաբերությանը զգալի տեղ է զբաղեցրել:

«Ակնկալում ենք, որ 2017թ. ականատես կլինենք ոլորտի նոր ձեռնարկությունների բացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, այդ թվում` սահմանամերձ»,- նշել է նախարարը` հավելելով, որ միայն այս ծրագրերի շրջանակում նախատեսվում է ստեղծել մոտ 2200 նոր աշխատատեղ:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը եւս կարեւորել է նախագիծը:

«Այս ծրագրի իրականացումն արտացոլում է մեր գործընկեր երկրի (Ռուսաստան-խմբ.) մոտեցումներն ու ցանկությունը` զարգացնելու Հայաստանի համար շատ հեռանկարային այս ճյուղը: Ծրագրի նախորդ փուլի շրջանակում Հայաստան բերվեցին ոլորտի գիտելիքներ, ներկայացվեցին տեղի ընկերություններին ոլորտի նորություններն ու ուղղվածությունները, ինչպես նաեւ այն քայլերը, որոնք պետք է իրականացնել՝ ավելի մրցունակ դառնալու համար»,- նշել է փոխնախարարը` ընդգծելով, որ ծրագրի նոր փուլը թույլ կտա ներգրավել ավելի շատ ընկերությունների:

Դիտում՝ 2786
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai