Ֆինհաշտարարին ներկայացված դիմումներն ավելացել են 26%-ով

24.01.2017 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ներկայացված դիմումների քանակը տարեկան կտրվածքով ավելացել է 26%-ով` կազմելով 4735 բողոք:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Նա նշել է, որ բողոքների աճը պայմանավորված է ինչպես ֆինանսական համակարգում նոր միջնորդությունների եւ կարգավորումների ի հայտ գալով, այնպես էլ բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացմամբ, որին նպաստել է նաեւ գրասենյակի իրականացրած ակտիվ գործունեությունը` տարատեսակ արշավների եւ ֆինանսական կրթմանն ուղղված միջոցառումների միջոցով:

Փիրուզ Սարգսյանի խոսքով` ներկայացված դիմումներից ֆինանսական համակարգին վերաբերել են 4118-ը, որոնցից քննության է առվել 1523-ը (աճ` 5,2%):

Ֆինանսական օմբուդսմենին ներկայացված դիմումների մոտ 80%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի, իսկ հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին հատուցման գումարը կազմել է շուրջ 157,3 մլն դրամ:

Ընդ որում, դրական ելքով գործերի մեծամասնությունը (57,4%) լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով:

Ֆինօմբուդսմենի գրասենյակ ներկայացված դիմումների հիմնական մասն ուղղված է եղել ապահովագրական ընկերություններին (1248 դիմում կամ ընդհանուրի 82%-ը)` հիմնականում կապված ԱՊՊԱ գործարքների հետ (վնասի գնահատման եւ հատուցման չափի հետ կապված անհամաձայնություններ, չհատուցման դեպքեր եւ այլն):

Բանկերի դեմ բողոքները (232 դիմում, 15,2%) հիմնականում առնչվում են ավանդային պայմանագրերին, ինչպես նաեւ վարկային գործառնություններին եւ վճարահաշվարկային ծառայություններին: Մեծ թիվ են կազմել նաեւ քարտային զեղծարարությունների հետ կապված դիմումները:

Բողոքներ են եղել նաեւ՝ կապված վարկային կազմակերպությունների հետ (19 դիմում, 1,2%):

«Մեր ութ տարիների ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ ՀՀ ֆինանսական համակարգում կայացել է մի կարեւոր օղակ, որը շատ մեծ դեր եւ նշանակություն ունի սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից: Ֆինանսական հաշտարարն այս ընթացքում ձեռք է բերել ճանաչում եւ վստահություն ինչպես հանրության, այնպես էլ միջազգային գործընկերների շրջանում` վերջինների կողմից դիտարկվելով որպես ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի կայացման հաջողված փորձ»,- ընդգծել է հաշտարարը:

Փիրուզ Սարգսյանը ներկայացրել է նաեւ 2016թ. արդյունքներով հաշտարարի հետ լավագույն համագործակցող ճանաչված կազմակերպությունները, որոնց համաձայն՝ լավագույն համագործակցող բանկ է ճանաչվել Արդշինբանկը, լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն՝ «Ինգո Արմենիա»-ն:

Հաշտարարի հետ լավագույն համագործակցող աշխատակիցներ են ճանաչվել Շաքե Մանուկյանը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանից, եւ Յուրի Պառավյանը` «Նաիրի ինշուրանս»-ից:

Դիտում՝ 7085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai