Կայացել է Էյչ-Էս-Բի-Սի «Առեւտրի ֆինանսավորման ակադեմիա»-ի 14-րդ սեմինարը

02.04.2015 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր  Երեւանում կայացել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ կազմակերպված «Առեւտրի ֆինանսավորման ակադեմիա»-ի 14-րդ սեմինարը, որին մասնակցել են շուրջ 50 կազմակերպությունների ղեկավարներ:

«Առեւտրի ֆինանսավորման ակադեմիա»-ն օգնում է հայ ներկրողներին եւ արտահանողներին իրականացնել առավել արդյունավետ միջազգային առեւտուր, նվազեցնել ռիսկերը, լիարժեք բացահայտել իրենց ներուժը եւ ընդլայնվել դեպի միջազգային շուկաներ: Սա պարբերաբար իրականացվող միակ համակարգված աշխատաժողով դասընթացն է հաճախորդների եւ տեղական բիզնեսների համար:

Միջոցառման ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առեւտրի ֆինանսավորման փորձագետները ներկաներին փոխանցել են միջազգային առեւտրի ոլորտում արդի միտումների մասին իրենց գիտելիքները եւ փորձը:

«Հայաստանի նման երկրների համար չափազանց կարեւոր է ունենալ առեւտրի ֆինանսավորման զարգացած ենթակառուցվածք: Կարեւոր է նաեւ այն, որ հայաստանյան ներկրողներին եւ արտահանողներին հասանելի լինեն անհրաժեշտ ֆինանսական գիտելիքները»,- ասել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

Նրա խոսքով՝ առեւտրի ֆինանսավորման ոլորտում իրենց ունեցած 150 տարվա միջազգային փորձը թույլ է տալիս նման աջակցություն ցուցաբերել:

«Օրեցօր ականատեսն ենք այն բանի, թե ինչպես են կազմակերպություններն առեւտրի ֆինանսավորման գործիքները գերադասում կանխավճարային տարբերակից, քանի որ առաջիններն ավելի ապահով են, նվազ ռիսկային եւ ֆինանսապես առավել արդյունավետ»,- հավելել է նա:

Թիես Քլեմենցը նշել է, որ 2014թ. արդյունքներով, ԱՄՆ-ն Հայաստանից արտահանող երկրների 5-րդ տեղում է, ինչը փաստում է, որ հայկական բիզնեսները կարող են անել շատ ավելին՝ օգտվելով ԱՄՆ-ում արտահանման հնարավորություններից՝ հաշվի առնելով նաեւ խոշոր Սփյուռքի առկայությունը: Նա հույս է հայտնել, որ միջոցառումը կնպաստի, որ հավակնոտ հայկական կազմակերպությունները դիտարկեն ամերիկյան շուկայում իրենց բիզնեսն ընդլայնելու հնարավորությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ նշել է, որ իր հիմնական նպատակներից է երկու երկրների միջեւ բիզնեսի եւ առեւտրային հարաբերությունների զարգացումը:
 
«Եթե ամերիկյան եւ հայկական բիզնեսներն ավելի շատ իմանան միմյանց մասին, ապա կկարողանանք խորացնել կապերը: Հայաստանի առեւտրային գործընկերների շարքում հինգերորդը լինելը դրական ցուցանիշ է: Սակայն ամերիկացիները սիրում են առաջինը լինել, եւ եթե հնարավորություն կա այդ մասնաբաժինն ավելացնել, ցանկանում եմ որ մենք դա անենք»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Նա նշել է, որ համագործակցության ընդլայնման հնարավորություն է տեսնում որոշակի ոլորտներում, որտեղ ԱՄՆ-ն ունի տեխնիկական փորձառություն՝ էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, ագրոբիզնես, հանքարդյունաբերութուն:

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցության վերաբերյալ իր երկրի դիրքորոշմանը՝ Ռիչարդ Միլսը նշել է, որ առեւտրային ներդրումների համար ԱՄՆ-ի դռները մնում են բաց:

Բանկի Առեւտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Կամո Մարգարյանն էլ նշել է, որ «Առեւտրի ֆինանսավորման ակադեմիա»-ի հիմնական նպատակն է հայ գործարարներին ծանոթացնել առեւտրի ֆինանսավորման գործիքների հետ: Այս անգամ միջոցառման շեշտը դրված է ԱՄՆ-Հայաստան առեւտրային հարաբերությունների վրա:

«Ներգրավել ենք կազմակերպություններ, որոնք կա՛մ արդեն իրականացնում են կա՛մ պլանավորում են առեւտրային հարաբերություններ հաստատել ամերիկյան շուկայում»,- ասել է նա:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առւետրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը, ներկայացնելով 2014թ. արդյունքները, նշել է, որ  բանկի առեւտրի ֆինանսական  բաժինը գրանցել է առեւտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալների 35% աճ (31.8 մլրդ դրամ): Նույն տարվա ընթացքում առեւտրի ֆինանսավորման գծով եկամուտներն աճել են 51%-ով: Առեւտրի ֆինանսավորման շուկայական մասնաբաժինը կազմել է 37%:

Դիտում՝ 15518
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW