Վերադարձ 1993 թվական` դրամի ծնունդը

22.11.2013 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

1993 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ից սկսված ՀՀ տարածքում դադարեցվեց ԽՍՀՄ Պետբանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992 թթ. նմուշի 1000, 5000 եւ 10 000 ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը եւ ներդրվեց ազգային արժույթը `10, 25, 50, 100, 200, 500 դրամները:


Banks.am-ը փորձել է թերթել պատմության էջերը` դրամի ստեղծման պատմությունը վերհիշելու ու շրջանառությունից հանված ռուբլիների ճակատագիրը պարզելու համար:

Լեւոն Տեր-Պետրոսյան` Ազգային դրամի շրջանառությունը մեր ժողովրդի համար արժանահիշատակ իրադարձություն է

(Հատվածներ 1993թ-ի նոյեմբերի 19-ին Հայկական հեռուստաընկերությամբ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից)

Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին հանրապետության առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական կացությունը նոր փորձության ենթարկվեց` կապված դրամաշրջանառության կազմալուծման եւ հիպերինֆլյացիայի նոր դրսեւորումների հետ: Նման իրավիճակներ ստեղծվեցին բոլոր այն նորանկախ երկրներում, որտեղ դեռեւս պաշտոնական շրջանառության մեջ էին ԽՍՀՄ պետբանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992թթ. նմուշի դրամանիշերը: Ձեզ քաջ հայտնի է, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների եւ Ռուսաստանի հետ դեռեւս այս տարվա սեպտեմբերի համաձայնագիր ստորագրեց միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, որի ուղղությամբ մեր դիրքորոշումը կապված էր ինչպես ընթացիկ խնդիրների լուծման, այնպես էլ երկարաժամկետ սոցիալական, տնտեսական, քաղաքական  եւ աշխարհաքաղաքական նպատակներով:

Մենք արեցինք մեզանից կախված ամեն ինչ միասնական ռուբլու գոտու խնդիրը քաղաքակիրթ փոխհամաձայնությամբ իրականացնելու համար: Ռուսաստանի կոշտ դիրքորոշման շնորհիվ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից: Արդյունքում Ռուսաստանն ինքը դուրս մնաց ռուբլու գոտուց, նրան հետեւեցին Ղազախստանն ու Ուզբեկստանը, եւ մենք նույնպես պետք է կատարենք մեր ընտրությունը: Ռուբլու գոտու ձեւավորման նման հեռանկարը որքան անցանկալի, այնքան էլ կանխատեսելի էր, որի համար մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ քայլեր, մասնավորապես` ամբողջությամբ տպագրվել եւ հանրապետություն է փոխադրվել ազգային դրամանիշը` դրամը…]

*****

[…Դրամաշրջանառության համալիր միջոցառումներ մշակելու եւ իրականացնելու նպատակով ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1993-ի հոկտեմբերի 13-ին ստեղծվեց հատուկ պետական հանձնաժողով: Եվ ահա, համակողմանիորեն գնահատելով ստեղծված նոր կացությունը եւ առաջնորդվելով օրենքով իրեն վերապահված իրավասություններով, դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշել է 1993 թվականի նոյեմբերի 22-ից ՀՀ տարածքում դադարեցնել ԽՍՀՄ Պետբանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992 թթ նմուշի 1000, 5000 եւ 10 000 ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը:



Նման քայլը ենթադրում է. նախ` կանխել այլ վայրերից շրջանառությունից դուրս եկող դրամանիշերի ներհոսքը ՀՀ: Երկրորդ` կառավարելի դարձնել ՀՀ դրամաշրջանառության ամբողջ համակարգը եւ այն ծառայեցնել մեր տնտեսության կայունացման ու բնակչության սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանը…]

***

[…Հանրապետության ներքին շուկան արժութային հնարավոր ներխուժումից պաշտպանելու համար նախատեսվում է հանրապետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացու հնարավորություն տալ ուղղակիորեն փոխարինել 50 հազար ռուբլի` ստանալով 250 դրամ: 50 հազար ռուբլուց ավելի՝ 1991-1992թթ.  հազար, հինգ հազար եւ տաս հազար դրամանիշով գումարները անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 26-ը ներառյալ ձեւակերպել որպես ավանդ խնայբանկերի հատուկ հաշիվներում…]

ՀՀ դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի որոշումը` 1991-1992 թթ. նմուշի ԽՍՀՄ պետբանկի եւ ՌԴ ԿԲ-ի 1000, 5000 եւ 10 հազար ռուբլիանոց դրամանիշերի փոխանակման մասին.

Ռուբլի-դրամ փոխանակումը՝ 1:200 հարաբերակցությամբ:

Այսպես՝ 10 դրամը = 2 000 ռուբլի, 25 դրամը = 5 000 ռուբլի, 50 դրամը =10 000 ռուբլի, 100 դրամը = 20 000 ռուբլի,  200 դրամը = 40 000 ռուբլի եւ 500 դրամը = 100 000 ռուբլի:

ՀՀ դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի որոշումը.

Հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ
1993-ի նոյեմբերի 22-ից սահմանել`1 դրամը=84 ռուսական ռուբլի:

Հայկական ռուբլու հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 1993-ի նոյեմբերի 22-ից սահմանել`100 դրամը=1 ԱՄՆ դոլար:

ՀՀ ԳԽ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Տ. Սարգսյան, ՀՀ ֆինանսների նախարար`Լ. Բարխուդարյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` Ի. Իսահակյան:



Պատմում է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը

Ազգային դրամի գաղափարն ուղղակիորեն կապված էր անկախ պետականության վերակազմավորման գործընթացի հետ: Սեփական արժույթն ունենալու խնդիրը նշված էր դեռեւս 1990 ընդունված ՀՀ Անկախության Հռչակագրում: Սակայն բուն գործընթացը փոքր-ինչ այլ որակ եւ տեսք ստացավ` քաղաքական եւ տնտեսական պատճառներով:  

Այդ ընթացքում բնական ձգտում կար միասնական տնտեսական միավոր ունենալու ուղղությամբ: Ռուսաստանը հայտարարում էր, որ կողմնակից է այդ գաղափարին, սակայն վերջինիս վճիռները ճիշտ հակառակն էին ապացուցում: Նոր ռուբլու գոտու վերաբերյալ 1993-ի սեպտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ հերթական համաձայնագիր ստորագրվեց, բայց ամեն ինչ այլ ուղղությամբ էր ընթանում. ակնհայտ էր, որ Խորհրդային Միության «վերջին ամրոցը» քայքայվում էր: Առաջիններից հենց Ռուսաստանն էր, որ դուրս եկավ ռուբլու միասնական գոտուց:

Հետագայում ընդունվեցին վճիռներ, որոնք բերեցին ազգային արժույթի ստեղծմանն ու շրջանառությանը: Այն ժամանակ մենք լիարժեք ԿԲ չունեինք, եւ ազգային արժույթը շրջանառության մեջ դնելու խնդիրը դրվեց հատուկ մարմնի վրա, որում ներկայացված էր կառավարությունը` ի դեմս Ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանի, Գերագույն խորհուրդը` ի դեմս  Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Կենտրոնական բանկը` ի դեմս նախագահ Իսահակ Իսահակյանի:


Բագրատ Ասատրյանը

Այդ ժամանակ Գերագույն խորհրդի նախագահության անդամ էի: Հանձնաժողովի ստեղծումից հետո ինձ առաջարկել էին ԿԲ  նախագահի պաշտոնը, սակայն քաղաքական որոշում էր կայացվել, որ ես այն կստանձնեմ ազգային արժույթը շրջանառության մեջ դնելուց հետո:

Գերագույն խորհրդում հատուկ քննարկում կազմակերպվեց` հասկանալու համար, թե ո՞րն է լինելու ազգային արժույթի անվանումը: Այստեղ «ծնվեցին» դրամ եւ լումա անունները: Լուման առաջարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, այն ավետարանական ծագում ուներ: Որքան հիշում եմ, դրամ անվանումը եւս նախագահը առաջակեց:  Հետո հայտարարվեց դիզայնի մրցույթ, որին հաջորդեցին հետագա գործընթացները:

Դրամը Հայաստան էր տեղափոխվել ռազմական օդանավերով

Հայկական դրամի առաջին խմբաքանակի տպագրությունն իրականացվել էր Գերմանիայում: Դրամը Հայաստան էր տեղափոխվել ռազմական օդանավերով, որի ընդունմանը եւս ներկա էի: Տպաքանակն այնքան մեծ չէր, որ անհանգստություն լիներ դրա պահեստավորման հետ կապված: Ավելի մեծ խնդիր էր Խորհրդային ռուբլին, որը զբաղեցրել էր հանրապետության գրեթե բոլոր բանկային պահուստները:

Հայաստանի տարածքում, ընդհանուր առմամբ, փոխանակվեց մոտ 117 միլիարդ դրամի նախկին սովետական ռուբլի: Երբեմն խոսակցություններ են լինում փոխարժեքի «սխալ» ընտրության մասին: Այն որոշվել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստում, կայացվել էր ճիշտ քաղաքական որոշում, որի հիմքում դրվել էր իրական գործող փոխարժեքը:  

Երբ մեկնարկեց դրամափոխանակման գործընթացը, փոխարկման պատասխանատու էի Ղարաբաղում: ԿԲ-ն տրանսպորտ չուներ, որ մեկնեինք այնտեղ: ՀՀՇ վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ինձ տրամադրվեց, ես նստեցի ղեկին, ԿԲ նախագահի տեղակալի եւ այլ պատասխանատուների հետ մեկնեցինք Ղարաբաղ: Նախքան մեր մեկնումը Ղարաբաղում բավական աշխատանք արդեն տարվել էր, ինչի շնորհիվ փոխանակման գործընթացը լիարժեք կատարվեց եւ արդեն երրորդ օրը ԼՂՀ ողջ տարածքում դրամը շրջանառության մեջ էր:



Ազգային արժույթի ստեղծման աշխատանքները տեխնիկապես արդյունավետ էին: Հանձնաժողովն աշխատում էր օր ու գիշեր: Սկզբում նախագահականում էր նրանց նստավայրը, հետո` Կառավարության ընդունելությունների տանը, որտեղ անգամ ջեռուցիչ չունեին: Վանո Սիրադեղյանը նավթավառ նվիրեց, որ մարդիկ կարողանան օրական 20 ժամ աշխատել: Իսկապես, շատ ծանր տարիներին էին:

Աշխատանքները կազմակերպչական իմաստով լավ կատարվեցին, իսկ արդյունքների իմաստով խնդիրներ ունեցանք: Խորհրդային Միության բոլոր տարիների ընթացքում ՀՀ-ում շրջանառության մեջ էր դրվել շուրջ 95 մլրդ ռուբլի, բայց փոխանակման ներկայացվեց շուրջ 120 մլրդ ռուբլի: Պատճառը ԽՍՀՄ այլ հանրապետություններից Հայաստան եկած ռուբլու մեծ հոսքն էր: Փաստորեն` 20 տոկոսից էլ ավել գումար մեր տնտեսությունն այդ ծանր ժամանակահատվածում իր վրա վերցրեց: Սա լուրջ խնդիր էր երկրի համար:  

Հայկական դրամի առաջին նմուշներն աֆրո-ասիական ուղղվածություն ունեին

Հայկական դրամի առաջին նմուշների ստեղծմանն ու դիզայնին մասնակցություն չեմ ունեցել, բայց ԿԲ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ստեղծվեց հատուկ հանձնախումբ, որի առաջնային խնդիրն էր ուսումնասիրել փողի դիզայնը, եւ մեր ազգային մտածելակերպից ելնելով որոշել` փողն ինչպիսի՞ն պետք է լինի: Գնահատման արդյունքում գոնե ինձ համար ոչ այնքան ուրախալի եզրակացության եկան, որ մեր դրամի առաջին խմբաքանակի դիզայնն ավելի շատ աֆրո-ասիական ժողովուրդների մշակույթին է բնորոշ:



Իմ համոզմամբ, մենք էությամբ եվրոպացի ենք, եւ փողի դիզայնի իմաստով եւս պետք է գնանք եվրոպական ճանապարհով:

Հիշում եմ, երբեմն խնդիրներ էին առաջանում այն գործիչների ժառանգների հետ, որոնց նկարները որոշել էինք պատկերել թղթադրամի վրա: Օրինակ, խնդիրներ ունեցանք Վիկտոր Համբարձումյանի ընտանիքի հետ, ով պատկերված էր 100 դրամանոց թղթադրամի վրա: Զրուցեցի Վիկտոր Համբարձումյանի որդու հետ: Նա ասում էր, թե ինչո՞ւ պետք է այդպիսի մեծ վաստակ ունեցող մարդու նկարը նման ցածր նոմինալով դրամի վրա լինի: Ես էլ բացատրեցի, որ այն ավելի մեծ մասայականություն է վայելելու:


Լուսանկարը` Ֆոտոլուր:

Հիշում եմ նաեւ դրամի առաջին կեղծման դեպքը, որը գրանցվել էր 1994-ի սկզբին: Հայ-վրացական սահմանի վրա կայացած առեւտրի ժամանակ հայտնաբերվել էր, որ 10 դրամանոցի վրա թանաքով մեկ զրո էին ավելացրել եւ այն 100 դրամի տեղ «անցկացրել»:

Պատմում է ԿԲ դրամաշրջանառության վարչության նախկին աշխատակից Գեւորգ Թումանյանը  

Հայկական դրամի առաջին խմբաքանակը պատվիրվել էր ֆինանսների նախարարության կողմից, քանի որ այն տարիներին ԿԲ-ն դեռեւս հանդիսանում էր ԽՍՀՄ պետբանկի հայաստանյան մասնաճյուղ: Առաջին նմուշի  համար համատեղ աշխատանք էին կատարել դիզայներներ Աշոտ Մանուկյանն ու Հրաչյա Ասլանյանը: Տարիներ անց, երբ որոշվեց նոր նմուշի թղթադրամներ թողարկել, մրցույթ հայտարարվեց եւ հաղթող ճանաչվեց Աշոտ Մանուկյանը: Կարճ ժամանակ անց մենք հասկացանք, որ առաջին նմուշի թղթադրամները թույլ պաշտպանված էին ժամանակակից տեխնիկական միջոցներից, եւ անհրաժեշտություն առաջացավ վերանայել դիզայնը: Ժամանակի սղության պատճառով էր, որ առաջին նմուշի դրամանիշերը դասական պահանջներին այդքան էլ չէին բավարարում:


Գեւորգ Թումանյանը

Այդ ժամանակ աշխատում էի ԿԲ-ի դրամաշրջանառության վարչությունում: ԽՍՀՄ մյուս հանրապետություններն աստիճանաբար անցնում էին իրենց ազգային արժույթներին: Այն հանրապետություններից, որտեղ կատարվել էր արժույթի փոփոխություն, չփոխանակված սովետական ռուբլիները հոսում էին դեպի Հայաստան: Հիշում եմ, օդանավակայանում հատուկ վերահսկողություն կար՝ մեծ քանակոթյամբ բերվող ռուբլիները թույլ չէին տալիս ներմուծել հանրապետություն: Մարդիկ ռուբլիները բերում էին արկղերով, հատկապես ծխախոտի մեծ արկղերն են տպավորվել հիշողությանս մեջ: Բնականաբար, նման «հոսքը» քայքայում էր Հայաստանի առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը, գներն օր-օրի աճում էին, իսկ Հայաստանը լցված էր ավելորդ ռուբլիով, որի դեմ պայքարելը բավական բարդ էր:


Լուսանկարը` Ֆոտոլուր:

Հասարակության արձագանքը դրամափոխանակությանը միանշանակ չէր: Բնական է, կային դժգոհություններ, հատկապես՝ փոխանակման սահմանափակման հետ կապված: Ոմանք ստիպված փնտրում էին մարդկանց, որոնք քիչ գումար ունեին եւ խնդրում իրենց գումարը եւս փոխանակել: Փոխանակման ժամանակահատվածը շատ կարճ էր, հետագայում լրացուցիչ ժամանակ հատկացվեց այն մարդկանց, ովքեր օբյեկտիվ պատճառներով չէին կարողացել փոխանակել ռուբլին:

Սովետական ռուբլին ոչնչացվեց այրման ճանապարհով

Մոսկվայից մի քանի անգամ հանձնաժողով եկավ, որի ներկայությամբ ռուբլիները ոչնչացվեցին այրման ճանապարհով: Երկար ժամանակ այրման համար տարածք էինք փնտրում: Երեւանում մեծ վառարաններ ունեցող տարբեր գործարաններ փորձեցինք, բայց ծավալն այնքան մեծ էր, որ որոշվեց այրումը կատարել Հրազդանի ցեմենտի գործարանում:

Սիրանուշ Եղիազարյան

Շնորհակալություն ենք հայտնում` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի պատասխանատու քարտուղար Սամվել Սարգսյանին:

Դիտում՝ 17951
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai