Ինչպե՞ս բիզնեսին պաշտպանել իր մտավոր սեփականությունը Հայաստանում

01.07.2013 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Վաղուց արդեն զարմանք չի առաջացնում այն փաստը, որ խոշորագույն եւ հանրահայտ ընկերությունների ոչ նյութական ակտիվներն իրենց արժեքով զգալի գերազանցում են նյութականներինը: Շատերն են լսել, թե ինչ թեժ դատական պայքարներ են ընթանում հսկա ընկերությունների միջեւ, որոնք մեղադրում են իրար ուրիշի մտավոր սեփականությունը գողանալու համար: Վերջին նման խոշորագույն վեճը ԱՄՆ-ում էր՝ Apple-ի եւ Samsung-ի միջեւ, որում երկրորդը պարտվեց եւ պարտավորվեց վճարել $1 մլրդ-ի տուգանք:

Գնալով մտավոր սեփականությունը վերաիմաստավորվում է նաեւ հայաստանյան բիզնեսի համար՝ ձեռքբերելով ավելի ու ավելի մեծ կարեւորություն: Դրա հետ մեկտեղ մտավոր սեփականության պաշտպանությունը Հայաստանում դեռ հեռու է ուժեղ լինելուց, իսկ փոքր շուկան չի նպաստում մեզանում անդրազգային կորպորացիաների միջեւ վեճերին, որոնք այդքան հաճախակի են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում եւ դրանով իսկ նպաստում են ոլորտի ամրապնդմանը: Թե ինչպես հայկական բիզնեսին լավագույնս պաշտպանել իր մտավոր սեփականությունը, Banks.am-ին պատմել է Էյ-Էմ (AM) իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Գրիգոր Մինասյանը:
 
- Ինչպիսի՞ն է մտավոր սեփականության խախտումների հետ առնչվելու Ձեր իրավաբանական պրակտիկան: Որքա՞ն հաճախ են հաճախորդները դիմում ձեզ իրենց մտավոր սեփականության խախտման հետ կապված հարցերով:

- Մտավոր սեփականության օբյեկտների ոլորտը զարգացման նոր ուղղություններ է ստանում: Հանրապետությունում մեծանում է այս ոլորտին նվիրված սեմինարների, ճանաչողական հանդիպումների քանակը, որոնք կազմակերպվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների կողմից:

Բարձրանում է շուկայում գործող ընկերությունների իրավագիտակցությունը, եւ օրենքի դերը նոր արժեւորում է ստանում այս ոլորտում ծագած խնդիրների լուծման հարցում: Այս ամենը, անշուշտ, նպաստում է նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչն ուղեկցվում է նաեւ մտավոր սեփականության օբյեկտների իրավատերերի կողմից իրենց իրավունքների պաշտպանության հարցում հետեւողականության ցուցաբերմամբ:

Այս եւ այլ հանգամանքներով է պայմանավորված այն, որ հետզհետե մեր ընկերության իրավաբաններին առավել հաճախ են դիմում մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության խնդիրներով: Շուկայի համար առավել խոստումնալից գործոններից կարելի է համարել նաեւ այն, որ մեր ծառայություններից են օգտվում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Մեր հաճախորդների առավել հաճախ հասունացող խնդիրներից են ապրանքային նշանների գրանցումը, դրանց պաշտպանությունն անբարեխիղճ օգտագործումից, միջազգային հանրաճանաչ ապրանքային նշանների պաշտպանությունը տեղական շուկայի մասնակիցներից, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների եւ մտավոր սեփականության այլ օբյեկտների գրանցումը:

Հաճախ նաեւ դիմում են ապրանքային նշանների օգտագործման վերաբերյալ լիցենզիոն պայմանագրերի կազմման խնդիրներով: Ընկերությունների եւ ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանության հարցում գործադրվում են բոլոր հնարավոր օրինական միջոցները` դատական եւ արտադատական եղանակներով պաշտպանությունը, քրեաիրավական պաշտպանությունը, գրանցված մտավոր սեփականության օբյեկտի որոնումը համապատասխան տվյալների բազաներում, բանակցությունների վարումը եւ համապատասխան պայմանագրերի կնքումը մրցակից ընկերությունների հետ:         

- Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության մակարդակը: Ի՞նչ հիմնական բացթողումներ կարող եք մատնանշել եւ ի՞նչպիսի լուծումներ առաջարկել:

- Հանրապետությունում մտավոր սեփականության պաշտպանության մակարդակը դեռեւս բարելավման կարիք ունի, եթե որպես համեմատության օրինակ ենք վերցնում զարգացած եվրոպական պետությունները: Հիմնականում խնդիրները վերաբերում են պետական մարմինների կադրային պատրաստվածությանը եւ նյութատեխնիկական միջոցներով ապահովվածությանը:

Բնականաբար, անհրաժեշտ են նաեւ համապատասխան բարելավումներ օրենսդրության մեջ: Այսպիսի խնդիրները համապետական նշանակություն ունեն եւ պահանջում են համապատասխան ժամանակահատված լուծման համար:

- Ինչպե՞ս կարող է Հայաստանում գործող ընկերությանը հնարավորինս ապահովագրվել իր մտավոր սեփականությունը խախտումներից:

- Ինչպես ցանկացած իրավունքի պաշտպանություն, այնպես էլ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությունը պահանջում է հետեւողական ու պատասխանատու մոտեցում: Որպես կանոն, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք իրենց իրավունքների պաշտպանության մասին հիշում են այն ժամանակ, երբ դրանք արդեն խախտվել են, այնինչ ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է խուսափել նման խնդիրներից:

Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար առաջնային քայլն այդ իրավունքների գրանցումն է իրավասու մարմիններում: Հետագայում, երբ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ իրավունքների պաշտպանության ուղղությամբ հնարավոր խախտումները վերացնելու նպատակով, գրանցված իրավունքներ ունեցող սուբյեկտը գտնվում է մեկ քայլ առաջ իր մրցակիցներից:

Գրանցումը կատարվում է որոշակի ժամանակահատվածի համար, որից հետո անհրաժեշտ է պարբերաբար երկարաձգել այն: Օրինակ՝ “Ապրանքային նշանների մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը հաշվարկվում է դրա գրանցման վերաբերյալ հայտի ներկայացման պահից 10 տարի ժամկետով, որից հետո այն կարող է ամեն անգամ երկարաձգվել տասը տարով:

Միեւնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ մտավոր սեփականության օբյեկտները, օգտագործման որոշակի փուլում դառնալով հանրաճանաչ, բացի իրենց իրավատիրոջը որոշակի ֆինանսական հաջողություններ բերելուց, նաեւ դառնում են գայթակղիչ շուկայի անբարեխիղճ մասնակիցների համար, որոնք ձգտում են իրենց հերթին շահույթ կորզել դրանց ապօրինի օգտագործումից: Նման անբարեխիղճ միջոցներից է մտավոր սեփականության որեւիցե օբյեկտին շփոթելու աստիճան նման մեկ այլ ապրանքային նշանի, արդյունաբերական նմուշի, ֆիրմային անվանման օգտագործումը կամ նույնիսկ գրանցումն իրավասու մարմիններում, որն «օրինականացնում է» այն, ինչն օրինական չէ:

Նման տհաճ անակնկալներից խուսափելու համար պահանջվում է մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ աչալրջությունն ու նման գրանցումներին օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ճիշտ առարկելու կարողությունը՝ որպես լրացում իրավասու մարմինների կողմից իրականացվող կանխարգելիչ գործունեության:

- Ներկայումս Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ընթանում են բանակցություններ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ, որի հիմնական կետերից է հենց մտավոր սեփականության պաշտպանությունը: Ծանո՞թ եք արդյոք այս գործընթացին եւ ինչպե՞ս կմեկնաբանեք այն: Մասնավորապես, ենթադրո՞ւմ է պայմանագիրն արդյոք, որ Հայաստանում գրանցված պատենտները կգործեն նաեւ ԵՄ երկրներում:

- Հայաստանի հետ ԵՄ-ի բանակցությունները դեռեւս շարունակվում են, բանակցային գործընթացում կնքվելիք պայմանագրի տեքստը Եվրամիության պահանջների համաձայն հրապարակման ենթակա չէ, սակայն բանակցությունների առանցքային կետերը մեզ չեն կարող որոշակիություն տալ այն հարցում, թե ինչպիսի լուծում կստանան մտավոր սեփականության օբյեկտների գրանցման ընթացակարգի, դրանց գործողության տարածքի վերաբերյալ հարցերը, քանի որ, ինչպես արդեն նշեցի, բանակցային գործընթացը շարունակվում է:

Գրիգոր Մինասյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:

Դիտում՝ 4362
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai