Փիրուզ Սարգսյան. «Ես երբեք չեմ դադարի իմ առջեւ խնդիրներ դնել»

09.07.2012 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին:

- Դժվա՞ր է լինել կին ղեկավար:

- Իմ աշխատանքային գործունեությունն այնպես է դասավորվել, որ ուսանողական նստարանից հետո անմիջապես անցել եմ աշխատանքի, այն էլ շատ պատասխանատու աշխատանքի: Սկսել եմ աշխատել ամենաստորին օղակներից. Կենտրոնական բանկում եղել եմ պայմանագրային մասնագետ, տարիներ շարունակ աշխատել եմ այնտեղ, իսկ հետագայում՝ իրավաբանական ստորաբաժանման ղեկավար: Կյանքիս այդ շրջանում, երբ ամուսնացած չէի, երեխաներ դեռ չունեի, ավելի հեշտ էր, իհարկե, որովհետեւ ծնողներս ամեն կերպ օգնում էին: Այն ժամանակ կենցաղային հոգսերի մասին չէի մտածում:

Իհարկե, դժվար է լինել կին, մայր, երեխաներին դաստիարակել եւ միաժամանակ աշխատել նման կարեւոր ոլորտում: Բայց կարեւորն այն է, թե ինչպիսի մարդկանցով ես դու շրջապատված: Առաջին հերթին, կարեւորն ընտանիքն է, զգում եմ, որ ունեմ օժանդակություն բոլորի կողմից, թե՛ ամուսնուս, նրա ընտանիքիս, թե՛ ծնողներիս ու հարազատներիս: Բոլորը փորձում են օգնել, որպեսզի կարողանամ ամեն ինչ հասցնել:

Բայց աշխատանքս էլ շատ եմ սիրում: Ուղղակի հպարտ եմ իմ աշխատանքով: Առաջին օրվանից եղել եմ այս կառույցի ղեկավար, շատ հաճելի է, երբ տեսնում ես քո կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի արդյունքը: Մեծ բավականություն ես ստանում դրանից: Զգում ես, որ մի փոքր, բայց կարեւոր գործ ես անում երկրի համար, թող բարձր չհնչի, բայց…

- Ի՞նչ մտավախություն ունեիք, երբ ստանձնեցիք այս պաշտոնը:

- Գիտեք, մտավախությունը մեծ էր, շատ-շատ հոռետեսները կային, մարդիկ, ովքեր չէին հավատում, որ կառույցը կկայանա: Շատերին թվում էր, որ սա ինչ-որ հերթական ծրագիր է: Ֆինանսական կազմակերպությունները, որոնք աջակցություն են ցուցաբերել այս կառույցի կայացման գործին, նույնպես ինչ-որ չափով թերահավատ էին մոտենում: Առաջին վեց ամիսներից հետո, երբ մեր դուռը թակող հատուկենտ մարդկանց թիվն ավելացավ, մենք հասկացանք, որ այս գործը հաջողված է:

- Ի՞նչ նպատակներ ունեք, որոնց դեռ չեք հասել:

- Ամենակարեւորն այն է, որ ես երբեք չեմ դադարի իմ առջեւ խնդիրներ դնել: Այն պահին, երբ ես տեսնեմ, որ չունեմ որեւէ ձեւակերպված խնդիր, ինձ համար շատ դժվար պահ կսկսվի: Հույսով եմ, որ նման պահ իմ կյանքում երբեւէ չի լինի: Ընտանիքում, բնականաբար, մեր հիմնական նպատակն է եւ ցանկությունը դաստիարակել երեխաներին մեր երկրին, մեր հասարակության արժանի, արժանավայել մարդ: Դուստրս 6 տարեկան է, որդիս՝ 4,5, նրանք էլ իրենց փոքրիկ խնդիրներն ունեն, ցանկությունները: Մենք փորձում ենք իրենց օգնել, հույսով եմ, կիրականանա մեր նպատակը:

- Հանգստյան օրերն ինչպե՞ս են անցնում:


- Երեխաները շատ են սիրում զբոսնել, քաղաքում թափառել: Տղաս շատ է սիրում Կարապի լիճը, հատկապես՝ ամռանը: Երբ աշխատանքից հոգնած գնում եմ տուն, ինչքան էլ հոգնած լինեմ, եթե գալիս է խնդրանքով, ամեն ինչ թողնում եմ, մեկ-մեկ անգամ ընթրիք չեմ պատրաստում, միասին գնում ենք զբոսնելու:

Շաբաթ-կիրակի աշխատում ենք միասին լինել, որքան հնարավոր է: Շաբաթ օրերին մայրիկիս մոտ ենք գնում, ավանդույթ է արդեն դարձել: Բոլորս հավաքվում ենք միասին, մայրիկս համեղ ուտեստներ է պատրաստում: Ընտանեկան միջավայրում ենք նախընտրում անցկացնել:

- Իսկ օրն ինչպե՞ս եք սկսում:


- Երեխաներն արթնանում են, սիրում են իրենց գիշերային զգեստով տանը մի փոքր մնալ, խաղալ: Առավոտյան ճանապարհում եմ ամուսնուս, երբեք Դավիթից շուտ տանից դուրս չեմ գալիս, դա ավանդույթ է: Մաղթում եմ հաճելի օր նրան, հետո ես էլ եմ դուրս գալիս տանից: Իսկ երեխաները մնում են դայակի հետ:

- Կանացի նախասիրություն ունե՞ք:  

- Անկեղծ լինեմ, այժմ ժամանակը չի բավականացնում դրանով զբաղվել: Հիմա իմ միակ հոբին թխվածք պատրաստելն է: Շատ եմ սիրում խոհանոցում լինել, պատրաստել տարբեր ճաշատեսակներ: Եթե ամուսինս գալիս է տուն, եւ ճաշը պատրաստ չի լինում, տխրում է (ժպտում է):

Դպրոցական եւ ուսանողական տարիներին շատ սիրել եմ ասեղնագործել: Տարբեր ցուցահանդեսների եմ մասնակցել: Ինքնուրույն եմ սովորել: Հիշում եմ, դասարանով մեկնել էինք Էստոնիա, որտեղ ցուցահանդեսի եմ մասնակցել: Իսկ հիմա անգամ տարրական կոճակ կարելու համար ժամանակ է պետք:

- Բայց, ի վերջո, առաջին տեղում ընտանի՞քն է, թե՞ աշխատանքը:


- Իհարկե, ընտանիքը: Ամենակարեւորն ընտանիքն է: Հույսով եմ, նման փորձություն երբեք չի լինի: Ամուսնության առաջին օրերից ամուսնուս հետ հասկացել ենք իրար: Նա հասկանում է, որ ես լիարժեք կին եմ, երբ եւ ընտանիքում եմ, եւ աշխատանքի վայրում: Նա ողջունում է, դեռ ավելին, հրահրում, որպեսզի դոկտորանտուրա ընդունվեմ: Իզուր չէ ասված. ընտանեկան կյանքում պահպանելով սեփական արժանապատվությունը՝ պետք է փոխադարձաբար հաշվի առնել միմյանց մտքերը, համոզմունքները, զգացմունքները, ինչպես նաեւ ձգտումները:      
   
Փիրուզ Սարգսյանի հետ զրուցել է Էլեոնորա Արարատյանը:

Դիտում՝ 7084
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai