Կոստյումի նոր կանոնները. HENDERSON-ի եւ DRAGO-ի համագործակցությունը

23.12.2022 | 23:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Նոյեմբերին Սայաթ-Նովա 8 հասցեում բացվեց HENDERSON մոդայի տան ֆլագման սրահը: Այդ միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին եկել HENDERSON-ի բազմամյա գործընկեր, իտալական տեքստիլի առաջատար հանդիսացող DRAGO կտորի գործարանի ներկայացուցիչները:

Banks.am-ը զրուցել է DRAGO-ի կոմերցիոն տնօրեն Էնրիկո Պինչինի հետ, որը պատմել է HENDERSON-ի հետ համագործակցության, տղամարդկանց գործարար հագուստի նոր միտումների, ինչպես նաեւ կոստյումում բարձրորակ կտորի դերի մասին։

DRAGO-ի հաջողության հիմքերը

DRAGO Lanificio in Biella-ի պատմությունը սկսվել է 1970-ականներից, երբ Ումբերտո եւ Լաուրա Դրագոները հիմնեցին DRAGO Filati ընկերությունը՝ սկսելով մանվածքի արտադրություն: Ժամանակի ընթացքում բիզնեսին միացան նաեւ ընտանիքի երիտասարդ անդամները, որոնք ընդլայնեցին արտադրությունը՝ գործարկելով բրդյա գործվածքների շարքը: Այսօր DRAGO-ն այն քիչ գործարաններից է, որտեղ իրականացվում է ամբողջ արտադրական ցիկլը՝ սպիտակ բրդից մինչեւ պատրաստի կտորներ։

«Ընկերության սկզբնավորման առաջին իսկ շրջանից ընտանիքը պատասխանատվություն ստանձնեց թելերի համար ընտրելու այնպիսի բուրդ, որը թույլ կտա հետագայում ստանալ հարթ ու որակյալ կտորներ: Երբ որոշվեց ընդլայնել գործունեությունը եւ արտադրել պատրաստի կտորներ, պետք էր պահպանել թելերի որակի արդեն սահմանված նշաձողը: Ընտանիքը իմաստություն ցուցաբերեց՝ ներդրումներ կատարելով ոչ միայն սարքավորումների ձեռքբերման, այլեւ աշխատակիցներին հատուկ մոտեցում ցուցաբերելու ուղղությամբ:

Արտադրանքի հաջողությունն ապահովում է երկու հիմնական գործոնների համադրումը: Առաջինն, իհարկե, նորարարական տեխնոլոգիաներով որակյալ կտորներն են: Քանի որ մենք կտորները նախագծում ենք դրանց՝ խանութներում հայտնվելուց 1,5 տարի ավելի վաղ, ուստի երկրորդ կարեւոր գործոնը կանխազգալն է, թե ինչ պահանջարկ կլինի շուկայում 1,5 տարի անց: Սրա համար պետք է սերտորեն աշխատենք մեր հաճախորդների հետ՝ հասկանալու նրանց կարիքները, ունենանք լավ բնազդ, քաջատեղյակ լինենք նորաձեւության թրենդներից: Միայն այս կերպ կարող ենք շուկայում լինել հաջողակ»,- մանրամասնում է DRAGO-ի կոմերցիոն տնօրեն Էնրիկո Պինչինը:

DRAGO-ի եւ HENDERSON-ի ընդհանուր արժեքները

DRAGO-ի եւ HENDERSON-ի համագործակցությունը սկսվել է 7 տարի առաջ: Այսօր համագործակցության կենտրոնում HENDERSON Su Misura-ի անհատական կարի ծառայության հնարավորություններն են: Ի դեմս HENDERSON-ի՝ իտալական ընկերությունը գտել է շատ զգայուն գործընկերոջ, որի հետ այն կիսում է նույն արժեքները, մասնավորապես, ձգտումը ստեղծելու բարձրորակ արտադրանք մատչելի գնով:

Էնրիկո Պինչինը

«Տղամարդկանց նորաձեւությունը ընթանում է անհատականացման ուղղությամբ, երբ արտադրվում է կոստյում, որը լիարժեքորեն կհամապատասխանի հաճախորդի պահանջներին: HENDERSON-ի ֆլագման սրահում հաճախորդը կարող է ընտրել DRAGO-ի կատալոգներում ներկայացված 1000 տեսակ կտորներից։ Նա կարող է ընտրել նաեւ գույնը, ֆուրնիտուրան, հագուստի մոդելը»,- ընդգծում է Պինչինը։

Ժամանակակից կոստյում. տեխնոլոգիաներ եւ ազատություն

Երկար տարիներ կոստյումը համարվում էր պաշտոնական հագուստ, որը կրում էին միայն վերնաշապիկով, փողկապով եւ դասական կոշիկներով: Սակայն ժամանակակից մոտեցումն այլ է։ Այն նկատվում է հատկապես երիտասարդության մոտ, որը հեռացել է հայրերի սահմանած կանոններից եւ այժմ կոստյումն այլ կերպ է կրում։

«Հիմա շատերի տեսադաշտից վրիպում է այն փաստը, որ կոստյումը չափազանց հարմար հագուստ է տղամարդկանց համար, որովհետեւ շատ գրպաններ ունի եւ մշտապես հիանալի տեսք է հաղորդում։ Եթե տղամարդն ունի HENDERSON-ից կոստյում՝ կարված DRAGO կտորից, նա կարող է համադրել այն ինչի հետ ցանկանա՝ կախված իր տրամադրությունից եւ իրավիճակից։ Օրինակ՝ սպիտակ շապիկի եւ կեդերի հետ, բարձր օձիքով սվիտերի կամ ջինսե վերնաշապիկի հետ՝ ընտրելով ինչպես casual, այնպես էլ սպորտային կոշիկներ: Սակայն մի շատ կարեւոր հանգամանք կա. կոստյումը պետք է կարված լինի բարձրորակ կտորից։ Այսպիսով, նոր ոճային կոստյումի գաղտնիքը հենց բարձրորակ կտորներն են, որոնք շատ ավելի թեթեւ են, քան նախկինում պատրաստվող բրդյա կտորները: Միեւնույն ժամանակ դրանք կարող են լինել ավելի տաք, եթե նախատեսված են ձմռան համար, ու ավելի հով, եթե ամռան համար են: Բարձր տեխնոլոգիաների կիրառումն արտադրական գործընթացում մեզ թույլ է տալիս կարգավորել կտորի վերջնական հատկանիշները՝ ըստ մեր ցանկության»,- պատմում է DRAGO-ի կոմերցիոն տնօրենը:

DRAGO կտորների մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանք քիչ են ճմռթվում։ Դրա շնորհիվ գործուղման ժամանակ միեւնույն կոստյումը կարելի է կրել մի քանի օր: Կարելի է պարզապես երեկոյան այն լոգարանում թողնել՝ տաք ջուրը միացրած, եւ այն ինքն իրեն կուղղի:

«HENDERSON-ի հետ համագործակցության շրջանակում մենք կիրառում ենք natural stretch եւ bi-strech տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ հագուստը ստացվում է ավելի հարմարավետ եւ փափուկ: Այն նաեւ թույլ է տալիս ճանապարհորդությունների ժամանակ խուսափել ավելորդ սթրեսներից: Մեր տեխնոլոգիան թույլ է տալիս արտադրել ջրակայուն եւ չաղտոտվող կտորներ, եւ կոստյումը մաքուր կմնա, եթե դրա վրա պատահաբար ինչ-որ բան թափեք, կամ ընկնեք անձրեւի տակ», - ասում է Էնրիկո Պինչինը:

HENDERSON-ի մուտքը հայկական շուկա

Drago ընտանիքը ողջունում է HENDERSON-ի մուտքը հայաստանյան շուկա: Էնրիկո Պինչինի խոսքով՝ նման արձագանքը կապված չէր միայն բիզնեսի հետ.


«Սա մեզ համար հրաշալի առիթ էր վերջապես այցելելու Հայաստան, որի մասին այդքան լսել էինք HENDERSON-ի մեր ընկերներից Իտալիայում հանդիպումների ժամանակ։ Բիզնեսի տեսանկյունից եւս շատ ուրախ ենք, որովհետեւ HENDERSON նորաձեւության տան ընդլայնումն ու միջազգայնացումը մեզ համար էլ է քայլ առաջ»,-նկատում է նա։

DRAGO-ի ներկայացուցիչները մի քանի օր անցկացրեցին Հայաստանում, իսկ ընկերության տարածաշրջանային կոմերցիոն մենեջեր Ալեքսանդր Պլատոնը փոքր-ինչ երկար մնաց, որպեսզի վարպետության դասեր անցկացնի HENDERSON-ի սրահի աշխատակիցների համար:

«Այս ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեմ, բազմիցս սեմինարներ ու վարպետության դասեր եմ անցկացրել տարբեր երկրներում։ HENDERSON-ի երեւանյան ֆլագման սրահի աշխատակիցները պետք է տիրապետեն կտորների մասին ամբողջական տեղեկատվությանը, կարողանան պատասխանել բոլոր տեխնիկական հարցերին: Նպատակն այն է, որ նրանք սիրեն այն արտադրանքը, որի հետ գործ ունեն, հասկանան՝ ինչ ունեն իրենց ձեռքերում: Ես հպարտանում եմ մեր արտադրանքով ու փորձում եմ այդ հպարտությունը փոխանցել նաեւ մեր գործընկերներին»,- բացատրում է Ալեքսանդր Պլատոնը։

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 68393
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai