Դավիթ Երեմյան. Ակտիվ կիրառում ենք SMART տեխնոլոգիաները մեր նախագծերում

13.12.2022 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը մասնակցել է Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին եւ «Խելացի տնտեսություն» պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է ընկերության՝ գյուղատնտեսական նախագծերում եւ ռեստորանային բիզնեսում խելացի տեխնոլոգիաների կիրառման հաջող փորձն ու առավելությունները։

15 տարուց ավելի գործող «Երեմյան Փրոջեքթսը» 2019 թվականից մեկնարկել եւ հաջողությամբ իրագործել է գյուղատնտեսական նախագծեր՝ հիմնված փակ ցիկլով «Սերմից՝ սեղան» հայեցակարգի վրա։ Ըստ Դավիթ Երեմյանի՝ մինչեւ գյուղատնտեսական նախագծերում SMART-լուծումների ներդնումը, ընկերությունն առաջիններից է եղել, որ ռեստորանային բիզնեսում կիրառել է դրանք, դեռ 2006-2008 թվականներից  օգտվել հատուկ հաշվարկային եւ կառավարման թվային ծրագրերից՝ խնայելով ծախսվող ժամանակը եւ ռեսուրսներ եւ բացառելով մարդկային գործոնով պայմանավորված  անճշտությունները:

«Հիմա ավելի շատ կենտրոնացած աշխատում ենք տավարաբուծության, կաթնաարտադրության, հողագործության ոլորտներում, որտեղ նույնպես կիրառում ենք թվային տեխնոլոգիաներ։ Մեր ֆերմաները՝ թե՛ Ջերմուկինը, թե՛ Տաշիրի նոր կառուցվողը, իրենց էությամբ հենց SMART-ֆերմաներ են։ Մենք օգտվում ենք տարբեր ծրագրերից, որոնք վերահսկում են կենդանիների առողջությունը, սնունդը, կաթնատվությունը։ Մենք աշխատում են DairyPlan C2 ծրագրով։ Այն հավաքագրում եւ փոխանցում է կենդանու մասին ահռելի,  առավելագույն մանրամասն ու ճշգրիտ ինֆորմացիա՝ տվյալ  կենդանին ինչքան է կերել, որքան առողջ է, երբ է ստացել պատվաստումները, որքան է կաթ տվել։ Հողերի մշակման մասով էլ մեծ դեր են խաղում նորագույն տեխնոլոգիաները, քանի որ մեր տեխնիկան էլ է հագեցված ու աշխատում նման ծրագրերով»,- նշել է Դավիթ Երեմյանն ու հավելել, որ SMART-տեխնոլոգիաները մեծ ազդեցություն են թողնում եւ ավելի արդյունավետ դարձնում աշխատանքը։



Դավիթ Երեմյանը հատուկ շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով.

«Նման միջոցառումներն այսօր անչափ կարեւոր են փորձի փոխանակման, կարիքների եւ խնդիրների բարձրաձայնման, հնարավոր համագործակցությունների հաստատման տեսանկյունից։ Այս բնույթի համաժողովներ պետք է հաճախ կազմակերպվեն, քանի որ օգտակար են թե՛ ՏՏ ոլորտի, թե՛ բիզնեսի ներկայացուցիչների համար»։

Silicon Mountains գագաթնաժողովը համախմբել էր բիզնեսի, ՏՀՏ եւ այլ ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու տնտեսության տարբեր ճյուղերում խելացի լուծումների կիրառման համաշխարհային միտումները, ընկերությունների փորձն ու տեսլականը՝ պետական համակարգում եւ մասնավոր հատվածում ժամանակակից եւ հեռանկարային տեխնոլոգիաների կիրառությամբ պայմանավորված սպասվող զարգացումները, Հայաստանի տեղն ու դերն այդ զարգացումներում։

Գագաթնաժողովը բաղկացած էր չորս պանելային քննարկումներից՝ Խելացի տնտեսություն, Խելացի կառավարում, Խելացի բանկային համակարգ եւ Խելացի ենթակառուցվածքներ։

«Մենք այսօր չենք խոսելու տեխնիկական լեզվով, այլ գնահատելու ենք ներկան եւ խոսելու ենք ապագայի մասին»,- իր խոսքում նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն ու հավելել, որ այս անգամ միջոցառումը նվիրված է տնտեսության տարբեր ճյուղերում թվային գործիքների կիրառմանը, ինչի նպատակով էլ մասնակիցները սեփական փորձով են պատմելու դրանց առավելությունների մասին։

Ամփոփելով խելացի ծրագրերի առավելություններն ու զարգացման հեռանկարները՝ քննարկումների մասնակիցները փաստեցին, որ նորարարությունների եւ ձեռնարկատիրական նոր նախաձեռնությունների ներդնումը բարձրացնում է արտադրողականությունն ու մրցունակությունը՝ այդպիսով բարելավելով նաեւ  հասարակության կյանքի որակը:
Դիտում՝ 33086
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai