Մոդելային արտաքինով մեղվապահը

10.12.2022 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Մարիաննա Ավետիսյան #մեղվապահ
Ասում են՝ երբեք ուշ չէ նոր մասնագիտություն ձեռք բերել: Լեզվաբան եւ քաղաքագետ Մարիաննա Ավետիսյանն այս ասույթի վառ ապացույցն է: Երբ նայում ես նրան, քեզ կարող է թվալ, թե մոդել է, բայց մոդելային արտաքին ունեցող այս աղջկան մեղրի հանդեպ սերը «ստիպեց» դառնալ մեղվաբույծ, թողնել հիմնական աշխատանքն ու տեղափոխվել մշտական բնակության ամառանոց: Մարիաննան երկար տարիներ է, ինչ առողջ սննդի կողմնակից է եւ հրաժարվել է շաքարից, դրա փոխարեն օգտագործում է մեղրը:

«Մենք քսան տարուց ավել ունեցել ենք փեթակներ, բայց ունեցել ենք նաեւ մեղվաբույծ, որը զբաղվում էր փեթակներով, պապիկիս ընկերն էր, պապիկս փեթակները գնել էր, իսկ նա հետեւում էր դրանց ու ամեն տարի մեր մեղրը ուղարկում մեզ»,- պատմում է Մարիաննան:

Քսան տարի մեղուներին տիրություն անելուց հետո մեղվապահը հայտնում է, որ այլեւս ի վիճակի չէ պահելու փեթակները: Մարիաննան ու հայրը որոշում են դրանք ժամանակավորապես տեղափոխել ամառանոց, իսկ հետագայում էլ՝ վաճառել: Քանի որ փեթակները ամառանոց տեղափոխել են ձմռանը, իսկ ձմռանը մեղուները «չեն աշխատում», գարնանը՝ մեղուների շարժը զգալուն պես, Մարիաննայի խորհրդով հայրը մեղվաբույծի է հրավիրում ամառանոց, վերջինս էլ, տեսնելով Մարիաննայի ոգեւորվածությունը, նրան տարբեր ցուցումներ է տալիս, թե ինչպես պետք է հոգ տանի մեղուների մասին:

«Պատասխանատվությունն ակամայից վերցրի ինձ վրա, հատկապես այդ շրջանում՝ գարնանը շատ կարեւոր էր մեղուների խնամքը: Արդեն այդ ընթացքում զգացի նաեւ, որ ընդհանուր գործընթացն ինձ դուր է գալիս, այլեւս չեմ ուզում վաճառել փեթակները, եւ ամենակարեւորը՝ մեղր կունենանք»,- պատմում է նա:

Արդեն երեք տարի է, ինչ Մարիաննան լքել է իր աշխատանքն ու Երեւանը եւ նախընտրել մեղուների խնամքը: Հայր ու դուստր բնակվում են քաղաքից դուրս՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում գտնվող ամառանոցում, իսկ աղջկա մայրն ու եղբայրը՝ Երեւանում:



Մեղուների մասին հոգ տանելու հետաքրքրության բարձրացմանը նպաստել է նաեւ սոցհարթակներում ակտիվությունը․ Մարիաննան Ինստագրամում եւ, հատկապես, Տիկ-տոկում հայտնի է որպես մեղվապահ աղջիկ, ունի 23 հազարից ավելի հետեւորդ ու իր էջում կիսվում է ոչ միայն մեղվաբուծության մասին տեղեկատվությամբ եւ դրվագներով, այլեւ առողջ ապրելակերպի մասին խորհուրդներով ու իր առօրյայով: Տիկ-տոկում նա պատահականորեն է հայտնվել, բայց մարդկանց արձագանքն օգնել է, որպեսզի շարունակի ակտիվորեն կիսվել մեղուների խնամքի մանրամասներով:

«Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում երկու հազար հետեւորդ ավելացավ, երկու հարյուր հազարից ավելի դիտում ունեցավ հոլովակը ու շատ մեկնաբանություններ»,- շեշտում է նա:

Տիկ-տոկում էջ ունենալը Մարիաննայի նպատակը չի եղել, չնայած կարանտինի շրջանում, երբ բոլորը տանն էին, Ինստագրամում վարում էր առողջ սննդի մասին էջ ու խորհուրդներով կիսվում իր հետեւորդների հետ: Իսկ երբ զգաց, որ կարողանում է մարդկանց մոտիվացնել, որպեսզի հասնեն իրենց ցանկալի արդյունքին՝ նիհարեն կամ քաշ հավաքեն, հասկացավ, որ այդ գործին եւս պետք է լուրջ մոտենալ, ու հիմա արդեն լիցենզավորված մասնագետ է:



«Աշխատում եմ առցանց, շատ չեն այն մարդիկ, ում հետ աշխատում եմ, բայց այդ զբաղվածությունս եւս սիրում եմ»,- պատմում է նա:

Մարիաննան մեղվաբուծությունը սկզբնական շրջանում դիտարկում էր միայն որպես հոբբի, բայց, երբ հասարակության կողմից մեծ մոտիվացիա ու դրական արձագանք ստացավ, որոշեց դա նաեւ բիզնես դարձնել: Սկսեց ընդամենը տասը փեթակից, իսկ հիմա ունի արդեն տասնութը։ Հույս ունի, որ մոտ ապագայում դրանց թիվը կդառնա երեսուն:

Ու հիմա հետեւորդների խնդրանքով Երեւանի խանութներից մեկում որոշել է փորձնական սիմվոլիկ քանակով մեղր դնել վաճառքի՝ Honey Marianna’s Bee ապրանքանիշի ներքո: Եվ սա միայն առաջին քայլերն են հոբբիի մակարդակից դեպի բիզնես տեղափոխվելու: Ավելի լուրջ քանակի դեպքում միայնակ դժվար կլինի գլուխ հանել, բայց դա չի միակ մտավախությունը: Այգում ծառերը շատ են, իսկ մեղվաբույծ աղջիկը լավ գիտի՝ մեղվին իր թռիչքի համար ազատ տարածք է անհարժեշտ:

«Դեռ չեմ ուզում շատ մեծ պլաններ կառուցել, բայց հետագայում գուցե թե աշխատողներ ունենամ, թե այլ ազատ տարածք եւ ավելի մեծ քանակով փեթակներ»,- ասում է նա:

Շողեր Սահակյան
Լուսանկարները՝ Մարիաննա Ավետիսյանի արխիվից
Դիտում՝ 39175
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai