«Գրանթ Թորնթոն Հայաստանը» 25 տարեկան է. նվաճումներն ու հավակնոտ նպատակները

03.12.2022 | 00:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունը 25 տարեկան է:

Սկսելով 5-6 աշխատակցից ու մատուցելով հիմնականում աուդիտորական ծառայություններ՝ այսօր ընկերությունը միավորում է մոտ 200 միջազգային ու տեղացի փորձառու մասնագետի՝ բազմաթիվ ոլորտներից:

«Գրանթ Թորնթոն Հայաստանն» առաջարկում է ինչպես ավանդական՝ աուդիտորական, խորհրդատվական, հաշվապահական հաշվառման աութսորսինգի, իրավաբանական ու հարկային ծառայություններ, այնպես էլ աշխատում է տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, ռիսկերի կառավարման եւ այլ ոլորտներում: Ընդ որում՝ ծառայությունների արտահանումն ընկերությունում զգալի տոկոս է կազմում:

Թվայնացումը, նորարար մտածողությամբ կադրերի ներգրավումն ընկերության ռազմավարության կարեւորագույն մասն են, քանի որ ոլորտի առաջատարի դիրքը պարտավորեցնում է ոչ միայն համապատասխանել շուկայի փոփոխվող պահանջներին, այլեւ լինել նորարարության ու մտքի առաջնորդ:

Banks.am-ի հետ զրույցում «Գրանթ Թորնթոն Հայաստանի» «հնաբնակները»՝ երեք ընկերությունների տնօրենները, պատմել են «Գրանթ Թորնթոն Հայաստանի» կազմավորման, կարեւորագույն նվաճումների մասին ու կիսվել նոր նպատակներով:

Գուրգեն Հակոբյան, «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ տնօրեն, 23 տարի «Գրանթ Թորնթոն Հայաստանում»

Ընկերությունում աշխատանքս սկսել եմ ամենաներքեւից, համարյա դռան մոտ էի նստում (ծիծաղում է -հեղ.): Հիմա ղեկավարում եմ խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունը Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանային տնօրեն եմ. կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել: Սիրում եմ աշխատանքս, քանի որ այն շատ դինամիկ է, հետաքրքիր ու դրա շնորհիվ շփվում եմ շատ խելացի մարդկանց հետ: Փաստացի՝ մենք գիտելիք ենք վաճառում: Հաճախորդների հետ աշխատանքը նույնպես շատ յուրօրինակ է: Մեզ համար շատ կարեւոր է տեսնել՝ ինչպես են հաճախորդները, հետեւելով մեր խորհուրդներին, բիզնեսում առաջընթաց գրանցում: Միշտ ասում եմ՝ մենք ոչ թե ժամ ենք վաճառում, այլ ստեղծում ենք հավելյալ արժեք:

Գուրգեն Հակոբյանը


Ինչ վերաբերում է 25 տարվա ընթացքում եղած հաջողություններին ու ապագա նպատակներին՝ շարունակել գործել որպես միջազգային բրենդ ներկայացնող հայկական ընկերություն, որի աշխատանքն ու հավակնությունները չեն սահմանափակվում միայն հայաստանյան շուկայով: Կարող ենք ասել, որ առնվազն տարածաշրջանային ընկերություն ենք: «Գրանթ Թորնթոն Հայաստանից» ճյուղավորված ընկերություններ արդեն բացվել են 6 երկրում՝ Վրաստան, Տաջիկստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Բելառուս, Լիբանան:

Այս ընկերությունները կրում են «Գրանթ Թորնթոն» միջազգային բրենդն ու հիմնադրվել են հայաստանյան գրասենյակի կողմից: Առհասարակ, արտաքին շուկաներին մեծ ուշադրություն ենք դարձնում ու այսօր ծառայություններն արտահանում ենք ավելի քան 20 երկիր: Մեր շրջանառության գրեթե 40%-ը բաժին է ընկնում արտահանմանը: Աշխատելով Հայաստանից՝ «Գրանթ Թորնթոն» ցանցի այլ երկրների գրասենյակների գործընկերների հետ համագործակցելով՝ մենք կարողանում ենք հեռավար մատուցել բազմաթիվ ծառայություններ: Այս առումով հաջողված համագործակցություն ունենք Լյուքսեմբուրգի, Պուերտո Ռիկոյի, Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի «Գրանթ Թորնթոնի» գրասենյակների հետ: Սա ապացուցում է մի բան՝ հայաստանյան խորհրդատվական միտքը ոչ միայն ենթակա է արտահանման, այլեւ պահանջված է. մեր կարեւորագույն կապիտալը մարդիկ են: Սա պետք է գիտակցել ու առավել ակտիվ աշխատել այս ուղղությամբ:

Արմեն Հովհաննիսյան, «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ տնօրեն, 24 տարի «Գրանթ Թորնթոն Հայաստանում»

Ընկերությանը միացել եմ 1998թ.-ին, երբ այն դեռ կազմավորման փուլում էր: 5-6 աշխատակից էինք ու զբաղվում էինք հիմնականում աուդիտով: Կարծում եմ՝ ընկերության աճն ակնհայտ է, հիմա միայն աուդիտի ոլորտում մոտ 80 աշխատակից ունենք: «Գրանթ Թորնթոն Հայաստանում» ամենից շատ գնահատում եմ մարդկային հարաբերությունները, որոնց հիմքը դրել են ընկերության հիմնադիրները: Մեզ համար կարեւոր է, որ մարդիկ սիրով գան աշխատանքի ու իրենց հարմարավետ զգան այս միջավայրում:



Այս 25 տարվա ընթացքում «Գրանթ Թորնթոն Հայաստանը» կայուն զարգացում է ապրել՝ ոչ միայն դառնալով տարածաշրջանի խոշորագույն աուդիտորական ընկերություն, այլեւ ընդլայնելով մատուցած ծառայությունների շրջանակը: Այսօր այն ընդգրկում է ամբողջ ֆինանսական ու արդեն նաեւ տեխնոլոգիական ոլորտը:

Համավարակը, թվային տեխնոլոգիաների զարգացումը փոխեցին տարբեր մասնագիտություններում եղած մոտեցումները: Եթե մինչ այդ հեռավար աշխատանքն ասոցացվում էր միայն ՏՏ ոլորտի հետ, ապա այժմ կա գիտակցում, որ մտավոր աշխատանք կատարող ցանկացած մարդ կարող է աշխատել հեռավար: Սա բազմաթիվ նոր հնարավորություններ է տալիս ու այս տարվանից մենք սկսել ենք աուդիտի ոլորտում որոշ բաղադրիչներ հեռավար մատուցել: Համագործակցում ենք մեր ցանցի անդամ ընկերությունների հետ աշխարհի տարբեր անկյուններում ու նախատեսում ենք հեռավար մատուցվող ծառայությունների ծավալը հասցնել տեղական շուկայի ծավալին:

Հակոբ Թադեւոսյան, «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ տնօրեն, 21 տարի «Գրանթ Թորնթոն Հայաստանում»

Հիմնականում ավելի շատ ընկերությունում ենք լինում, քան տանը (ծիծաղում է-հեղ.), այնպես որ, մի քիչ դժվար է նկարագրել՝ ինչ է տվել մեզ ընկերությունը կամ ինչ փոխել մեր կյանքում: «Գրանթ Թորնթոն Հայաստանը» պարզապես կյանքի անբաժան մաս է, առանց որի քեզ դժվարությամբ ես պատկերացնում:



Անցած 25 տարվա ընթացքում մենք ոչ միայն կարողացել ենք դառնալ ոլորտի առաջատար, այլեւ՝ պահպանել ենք այդ դիրքը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է, քանի որ մի բան է առաջատար դառնալը, մեկ այլ բան՝ կանգ չառնելն ու անընդհատ կատարելագործվելու շնորհիվ՝ շարունակել զարգանալ, առաջ գնալ, հաղթահարել նոր մարտահրավերներ ու ապացուցել, որ արժանի ես առաջատար լինել:

Ընկերությունում ես համակարգում եմ իրավաբանական եւ հարկային խորհրդատվության, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման աութսորսինգի ծառայությունները: Վերջինը համեմատաբար նոր ուղղություն է մեզ համար ու այստեղ եւս զգալի աճ ունենք ինչպես ֆինանսական ցուցանիշներով, այնպես էլ՝ աշխատուժի ու հաճախորդների ծավալով:

Այսօր, երբ մենք խոսում ենք մեր ձեռքբերումների մասին, չենք կարող հաշվի չառնել, որ աշխատում ենք բոլորիս հայտնի անվտանգային ու սոցիալական մարտահրավերների պայմաններում: Այս առումով, մեր միասնական աճն ու ձեռքբերումները կրկնակի են արժեւորվում ինձ համար: Լիահույս եմ, որ դժվարությունները ժամանակավոր են, իսկ առաջընթացը շարունակական է լինելու:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 28828
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai