Քիմիայից՝ գործվածքներ․ վանաձորցի ուսուցչուհու Wilarso-ն

21.08.2022 | 00:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Wilarso
Վանաձորցի Տաթեւիկ Ղուկասյանը քիմիայի ուսուցչուհի է, երեք երեխայի մայր եւ Wilarso գործվածքից հագուստի բրենդի հիմնադիրը։ Ասում է՝ քիմիան գործվածքների հարցում իրեն չի օգնում, բայց շատ օգտակար կլինի, երբ մի օր որոշի թելերի արտադրություն հիմնել եւ բնական միջոցներով ներկել, ինչի մասին շատ վաղուց է մտածում։

Տաթեւիկ Ղուկասյանը ընտանեկան բիզնեսը հիմնել է 2021 թվականին` մայրության արձակուրդի (դեկրետ) ընթացքում։

Գործող մեքենայի «անակնկալները»

2009 թվականից դպրոցում եմ, շատ եմ սիրում աշխատանքս։ Այժմ դեկրետում եմ, բայց մինչ այդ երեք տրանսպորտ փոխելով՝ Վանաձորից հասնում էի Սպիտակի շրջանի Լեռնանցք գյուղ։ Ռոմանտիկայի ժանրից էր, բայց ես դրանից լիցքավորվում էի։ Երբ ուսանող էի՝ ասում էի, որ կտորի արտադրություն եմ բացելու եւ ներկելու համ օգտագործելու եմ բնական հումք։ Այս հարցում քիմիան ինձ հաստատ օգնեց:
 
Ես սիրում էի գործվածքներ եւ գիտեի, որ մի օր այն աշխատանքի է վերածվելու։ Հիմնական աշխատանքները սկսեցին, երբ դեկրետի մեջ էի ու չէի ուզում պարապ նստել։ Փորձեցի հասկանալ, թե ինձ ինչի մեջ եմ տեսնում։ Գումար ունեի հավաքած, որոշեցի գործող մեքենա գնել, մինչ այդ գործում էի շյուղերով, բայց շատ դանդաղ էր ստացվում։

Տաթեւիկ Ղուկասյանը


Հետաքրքրվեցի Հայաստանում եղած մեքենաներով։ Գործող մեքենաները լինում են երկու տեսակի՝ կենցաղային եւ արտադրական։ Արտադրականների դեպքում հրամանները տալիս ես եւ ստանում պատրաստի արտադրանք, իսկ կենցաղայինի դեպքում աշխատանքն ավելի շատ է։ Այս իմաստով, կենցաղայինը համարժեք է ձեռքով աշխատանքին, արտդրողականությունը ցածր է, արժեքը՝ թանկ։

Մեքենան, որ ընտրեցի, արժեր մոտ 900 հազար դրամ, բայց որոշ նախշերի հրահանգներ տալու համար նաեւ անհրաժեշտ էր համակարգիչ գնել, իսկ սկզբում գոնե փորձեր անելու համար էլ՝ մոտ 200 հազար դրամի թելեր։

Շատերը մեքենա գնելուց հետո այն վաճառում են, քանի որ չեն պատկերացնում աշխատանքը, թվում է՝ հրահանգները տալիս ես, սեղմում enter-ի կոճակն ու նստում սուրճ խմելու, իսկ իրականում ամեն հատի հետ աշխատում ես, պարզապես գործվածքն ավելի համաչափ է ստացվում, քան շյուղերով գործելու պարագայում, բացի այդ, կենցաղային մեքենայով չես կարող սերիական արտադրանք տալ։

«Կամ փորձում ես, կամ լսում փորձվածներին»

Գաղափարը ծնվեց այն մտքից, որ մարդիկ հաճախ չեն գտնում հարմարավետ հագուստ, որովհետեւ չափերը ստանդարտ են։ Ես գործում եմ հագուստի մոդելները, ցուցադրում, իսկ պատվեր անելիս հաճախորդը կարող է փոխել նախշը, գույնը, երկարությունը։ Ցանկացած մոդել կարող է ավելի հարմար լինել հաճախորդի համար։

Սկզբում հագուստներ էի գործում երեխաներիս, ամուսնուս, ինձ համար։ Ընթացքում հասկանում էի, թե որքան երկար ժամանակ է պահանջում աշխատանքը։ Հետո սկսեցի հասկանալ, թե ինչի հետ գործ ունեմ, ինչն է դրական, ինչը բացասական։ Սկսեցի հասկանալ մեքենայի տրամաբանությունը, փչանում է, ես եմ սարքում, յուղը վերջանում է՝ ավելացնում եմ, համակարգչային ծրագրերն եմ փոփոխում։



Հայաստանում այս ոլորտում կրթության հնարավորությունները քիչ են։ Ամեն ինչ անում եմ ինքնուսուցմամբ։ Այս գործում հաջողելու հնարավորությունը փորձն է, աշխատասիրությունը, անընդհատ կարդալը, նայելը, սովորելը։ Պետք է մեծ համբերություն եւ ցանկություն ունենաս։ Երեք երեխա ունեմ, աշխատանքի ամենաթեժ պահին նրանց մոտ կարող են շատ տարբեր ցանկություններ առաջանալ, բայց երբ հաջողվում է տան գործերի, երեխաների խնամքի հետ նաեւ բիզնեսը կազմակերպել, հաճույք եմ զգում։

Մի թելով հագուստը կարող է լավ ստացվել, այլ թելով՝ ոչ։ Այս գործում կամ փորձում ես, կամ լսում փորձվածներին։ Եթե մեքենան նոր է, անծանոթ, ապա սովորելու, թելերի առանձնահատկությունները հասկանալու համար գոնե մեկ տարի պետք է, այն էլ՝ եթե համբերատար ամեն օր աշխատես։ Պատկերացրեք՝ ուզում եք լեզու սովորել, նույնը սա է։



Որեւէ մոդել ստանալուց առաջ նախ` գծագրում ես, թե ինչ ես ուզում անել, հետո որոշում ես, թե որտեղից ես սկսելու եւ ավարտելու։ Մեքենան սահմանափակ չափեր ունի, հագուստի մասերն առանձին են գործվում։ Ամեն անգամ պետք մտածել եւ հարմարվել մեքենային։ Մեքենայով հնարավոր է մի օրվա ընթացքում մեկ կապիչ կամ գլխարկ գործել, իսկ ավելի մեծ հագուստի դեպքում, եթե պատրաստի մոդել է, ապա աշխատանքը կարող է տեւել 4 օր, նոր մոդելի դեպքում՝ առավելագույնը 10 օր։ Գործելուց հետո հագուստը լվանում եմ, հաշվում հատերը, լինում է՝ քանդելու անհրաժեշտություն է առաջանում, եթե պատվիրողը մոտ է, ապա փորձում է, եթե հեռու՝ ապա օգտվում եմ «6-րդ զգայարանից», հասկանալու՝ լավ կնստի, թե՝ ոչ։

Ամառային գործվածքներ

Մարդիկ, երբեմն, խուսափում են գործվածքից, հենց ասում ես գործվածք՝ պատկերացնում են ցուրտ, ձմեռ, բայց ես նաեւ ամառային, գեղեցիկ թեթեւ հագուստ եւ լողափի համար տունիկաներ եմ պատրաստում։ Կախված թելի բաղադրությունից՝ ամեն եղանակի համար կա գործվածք։ Ամառայինները նախընտրելի է, որ լինեն մաքուր բամբակից, ձմեռայինները՝ բրդի տեսակներից։

Մարդիկ խուսափում են արհեստական թելերից, բայց քիմիական լավ մշակում անցած թելեր կան, որոնցից հարմարավետ հագուստ է ստացվում։ Երեխաների հագուստը, եթե հատկապես մաշկին է կպնում, բացառապես մաքուր բամբակից եմ պատրաստում, մյուս դեպքերում կարող է լինել ակրիլ, բուրդ, կիսաբուրդ։



Աշխատում եմ տարբեր երկրներում արտադրված եւ տարբեր բաղադրություն ունեցող թելերով։ Տեղական թելեր չունենք, ակրիլ չկա, կա բուրդ, այն էլ՝ հիմնականում կարպետների համար է նախատեսված։

Փորձում եմ հագուստի բոլոր տեսակներն էլ գործել։ Գինը գոյանում է թելի արժեքից, օգտագործված թելի քանակից, իմ կատարած աշխատանքից։ Գլխարկները կարող են արժենալ մինչեւ 7 հազար դրամ, պուլովերները՝ 12-15 հազար, կարդիգանները՝ 20-25 հազար, այս ընթացքում մեկ բրդյա վերարկու եմ գործել, որի արժեքը կազմել է 45 հազար դրամ։

Արդյունքը՝ 5 տարի անց

Wilarso գործվածքների բիզնեսի արդյունքը գնահատելու համար 5 տարի ժամանակ է պետք։ Իմ գործող մեքենան 5-10 տարվա օգտագործման երաշխիք ունի եւ դրանով եմ գնահատում։ Այս գործը ձգվել չի սիրում, անընդհատ աշխատել է սիրում, այլապես արդյունքը կլինի այնպես, ինչպես իմ դեպքում է՝ ձգված եւ քիչ։ Ինձ այս գործի հիմնական պահող ուժն այն է, որ սիրում եմ ստեղծել։

Տաթեւիկ Ղուկասյանը


Սեպտեմբերին մայրության արձակուրդս կավարտվի եւ ես դեռ չգիտեմ՝ կկարողանամ համատեղել ուսուցչական աշխատանքն ու գործվածքները, թե՝ ոչ։
Այս պահին իմ աշխատանքը խմորվում է, վերջնական չէ, հույս ունեմ, որ կունենամ իմ խանութը եւ կկարողանամ նաեւ այդպես վաճառել։ Չեմ ուզում սերիական արտադրության անցնել, ինձ չեմ պատկերացնում մեծ արտադրամասում։ Ավելի հավանական է, որ որոշակի զարգացումից հետո ընդգրկեմ սկսնակների, ձեռագործ աշխատանքով զբաղվողների։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 22284
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai