YOKO. Հայկական արտադրության համովիկներ՝ շների համար

19.08.2022 | 22:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#YOKO
Երեւանյան այգիներից մեկում հանդիպում ենք Դավիթին, Ռաֆայելին եւ Յոկոյին:

Յոկոն երեք տարեկան է, յոթ քույր եւ եղբայր ունի: Բավականին «ազդեցիկ» ընտանիքում է ծնվել՝ հայրը Հայաստանի եւ Վրաստանի չեմպիոն է:

Յոկոն Ակիտա ինու ցեղատեսակի շուն է ու հայկական արտադրության YOKO համովիկների բրենդի «դեմքը»:

Յոկոն


YOKO-ի հիմնադիրներ Ռաֆայել Վարդանյանն ու Դավիթ Լեւոնյանը Banks.am-ին պատմել են շների համար կերեր ու համովիկներ արտադրելու գաղափարի, արտադրական գործընթացի, շանը ճիշտ ու բալանսավորված կերակրելու մասին:

Զրույցին մասնակցել է նաեւ Յոկոն՝ ճապոնական հանդարտությամբ հետեւելով կատարվողին:

Բիթլզյան մոտիվներն ու «անհնազանդ երեխան»

Ռաֆայել - Մասնագիտությամբ շենքերի նախագծող եմ, այսօր էլ աշխատում եմ այդ ոլորտում: Հիշում եմ՝ միշտ երազել եմ շուն ունենալ: «Խատիկո» ֆիլմը նայելուց հետո սկսեցի հետաքրքրվել Ակիտա ցեղատեսակով: Ուսումնասիրեցի ու հասկացա՝ սա հենց այն շունն է, որ ուզում եմ: Յոկոն մեր ընտանիքի անդամ դարձավ 2020թ. ապրիլից՝ երեք ամսականում:

Ռաֆայել Վարդանյանը


Ակիտաները շատ հանդարդ, հավասարակշռված շներ են, բայց Յոկոն նույնիսկ ակիտաների չափանիշներով է հանդարտ: Ինձ սա դուր է գալիս, որովհետեւ ինքս էլ աղմուկ ու վազք չեմ սիրում: Այսպես սամուրայի զսպվածությամբ կարող է նստել ու լսել մեր ամբողջ զրույցը: Յոկոն, ինչպես եւ բոլորը շները, որկրամոլ է, ուտել շատ է սիրում: Նաեւ շատ դոմինանտ բնավորություն ունի, երեք տարվա ընթացքում դեռ չեմ կարողացել վերջնական ենթարկել ինձ:



Առհասարակ, նկատում եմ, որ Հայաստանում շուն ունեցող մարդիկ հիմնականում չեն ուսումնասիրում կենդանու հոգեբանությունը: Շատերն են հարցնում՝ ինչո՞ւ էգ շուն ընտրեցի, բայց ուսումնասիրություններ կան, որ էմոցիոնալ կապի հաստատման տեսանկյունից ճիշտ է, որ տղամարդն էգ շուն պահի, կինը՝ որձ:

Երբ հարցնում են շան անունը, առաջին ասոցիացիան հիմնականում բիթլզյան է լինում, ասում են՝ «այսքան լավ շուն է, ինչո՞ւ եք անունը Յոկո դրել, էդ հրաշք տղերքին քանդեց» (ծիծաղում  է – հեղ.): Իրականում այս անունն ընտրել եմ, քանի որ Ակիտան ճապոնական ցեղատեսակ է, իսկ Յոկոն՝ միակ ճապոնական անունը, որ եկավ մտքիս: Հետագայում ուսումնասիրեցի ու իմացա, որ Յոկո նշանակում է «անհնազանդ երեխա»: Սա դուր եկավ ինձ:

Հայկական արտադրության միակ համովիկները

Դավիթ – Մանկությունից զբաղվել եմ ֆուտբոլով, հետո ինչ-ինչ պատճառներով թողեցի սպորտն ու այժմ աշխատում եմ էներգետիկայի ոլորտում: Դրա հետ մեկտեղ անընդհատ մտածում էի սեփական բիզնես սկսելու մասին:

Դավիթ Լեւոնյանը


Ռաֆայելն ու ես մանկության ընկերներ ենք, ծանոթ ենք 20 տարուց ավելի: Մի օր հերթական հանդիպման ժամանակ կիսվեցի բիզնես սկսելու մտքով ու հարցրեցի՝ չունի՞ հետաքրքիր գաղափար կամ նախագիծ: Շատ հետաքրքիր էր համընկնումը, որովհետեւ միանգամից ասաց՝ ունի ու իրեն մարդ է պետք, որ կօգնի գաղափարն իրականացնելու հարցում:

Ռաֆայելը պատմեց, որ մտածում է առանց հավելումների, բնական համովիկներ՝ «лакомка»-ներ արտադրել շների համար: Աշխարհում շանը համովիկներով խրախուսելը շատ տարածված է, դրանք հարմար են կենդանուն դաստիարակելու, վարժեցնելու ընթացքում, սակայն Հայաստանում տեղական արտադրության համովիկներ չկային: Այսպիսով, մենք կլինեինք առաջինն ու շուկային կառաջարկեինք բնական արտադրանք: Քանի որ միտքը շատ լավն էր, առանց ժամանակ կորցնելու, կարելի է ասել, երկու օրում որոշեցինք ու սկսեցինք: Մի քանի օրում արտադրամասի համար տարածք գտանք, գնեցինք անհրաժեշտ սարքավորումները:

Մեզ շատ օգնեցին կենդանիների մի շարք խանութներ: Սկսելուց առաջ զրուցել էինք նրանց հետ՝ հասկանալու՝ կա՞ պահանջարկ: Ասել էին, որ շուկայում նման արտադրանք չկա ու մեծ սիրով կվաճառեն հայկականը: Սա առավել ոգեւորեց մեզ, որ գնանք գաղափարի հետեւից:



YOKO համովիկները շուկայում հայտնվեցին այս տարվա մարտ ամսից: Մինչ այդ էլ ունեինք պատրաստի տեսականի, սակայն խանութներում վաճառքի դնելուն ու շուկա դուրս գալուն լրջորեն էինք պատրաստվում, ցանկանում էինք ի սկզբանե բրենդի անունը որակի հետ ասոցացվի: Հիմա կարող եմ ասել՝ այդպես էլ կա ու հիմքը լավ ենք դրել:

Ինչ վերաբերում է բրենդը Յոկոյի անունով կոչելուն, առաջարկն արեց Ռաֆայելն ու ես սիրով համաձայնեցի: Յոկոն ինձ էլ է շատ հարազատ: Կարելի է ասել, մեր երրորդ ընկեր-գործընկերն է, իսկ եթե ավելի անկեղծ՝ մեր տնօրենը (ծիծաղում է- հեղ.):



Տեսականին ու կենդանու բնական սննդակարգին մոտեցված թաց կերերը

Ռաֆայել – Հավովիկներ արտադրելու միտքն առաջացավ, քանի որ Յոկոն ալերգիկ է: Ոչ մի, նույնիսկ համաշխարհային բրենդի համովիկներ, չէի կարողանում տալ նրան: Ճիշտ է՝ պիտակների վրա հիմնականում գրվում է, որ արտադրանքն առանց հավելումների է, բայց ալերգիկ ռեակցիաներից հասկանում էի, որ դրանում առնվազն կոնսերվանտներ կան: Բացի այդ, խոնավություն պարունակող առանց հավելումների արտադրանքը չի կարող 1,5 տարի պահպանման ժամկետ ունենալ: Մեր արտադրանքի պահպանման ժամկետն, օրինակ, ընդամենը 2 ամիս է:

Այս խնդրի պատճառով Յոկոյի համար սկսեցի ինքս համովիկներ պատրաստել, քանի որ դրանց կարիքը միշտ լինում էր կենդանուն խրախուսելու համար: Համացանցում ուսումնասիրելով, կարդալով՝ հասկացա ամբողջ գործընթացը: Սկզբում այդ համովիկների «սպառողները» Յոկոն ու նրա ընկեր շներն էին:



Մի անգամ զրուցում էի «Funny dog house» կենդանիների խանութից իմ ընկերների հետ, նրանք եւս երկու շուն ունեն, որոնք մեր համովիկները շատ են սիրում: Կատակով ասացի՝ «մի օր սա բիզնես ենք դարձնելու», իրենք միանգամից արձագանքեցին՝ «բայց շատ լավ միտք է, ինչո՞ւ չես սկսում»: Արդյունքում, նրանք առաջին խանութներից էին, որ սկսեցին վաճառել մեր արտադրանքը:

YOKO-ի համովիկներն անցնում են միայն չորացում՝ առանց որեւէ հավելումների: Ունենք տավարի եւ հավի չորացրած ներքին օրգաններ: Հավի դեպքում՝ չորացված վիզ, քարաճիկ ու լյարդ, տավարի՝ ուղեղ, սիրտ եւ թոք: Տավարի թոքն այսօր մեր ամենավաճառվող արտադրանքներից է, քանի որ կենդանու օրգանիզմի համար արժեքավոր նյութեր է պարունակում ու սիրված է շների կողմից: Ամբողջ տեսականին ներկայացված է երկու տարբերակով՝ մեծ եւ փոքր շների համար. չափերով փոքր կենդանիների համար համովիկներն ավելի մանր ենք կտրատում: Դրանք հնարավոր է գնել Երեւանի կենդանիների բազմաթիվ խանութներից:

Ունենք նաեւ թաց կերեր, որոնք Հայաստանում նորություն են ու դեռեւս բրենդավորման փուլում են: Համաշխարհային բազմաթիվ անասնաբույժներ եկել են եզրահանգման, որ եփված արտադրանքը վնասակար է շան համար եւ քիչ-քիչ կենդանին պետք է անցնի հումակերության: Մեր կերերը մշակում ենք այս սկզբունքով ու առավելագույնս մոտեցնելով կենդանու բնական սննդակարգին: Մեր կերը բաղկացած է 40 տոկոս մսից, 20 տոկոս ներքին օրգաններից, 20 տոկոս միրգ-բանջարեղենից ու 20 տոկոս բրնձից: Այս խառնուրդը վաճառվում է սառեցված բրիկետի տեսքով ու կենդանու տիրոջը մնում է միայն հալեցնել այն: Քանի որ բալանսավորված կերի մշակույթը Հայաստանում դեռեւս տարածված չէ, հիմա մեր հաճախորդները հիմնականում ռուսներ են: Տելեգրամ ալիքներից բազմաթիվ հաճախորդներ ունենք, որոնք Հայաստան են տեղափոխվել շների հետ ու գնում են մեր արտադրանքը:

Ընդունում ենք նաեւ հատուկ պատվերներ: Լինում են մարդիկ, որ կարծում են՝ 40 տոկոս ածխաջուրն իրենց շան համար շատ է, կամ խնդրում են, որ հանենք բրինձը: Այդպես էլ անում ենք ու կատարում վերահաշվարկ: Խանութներում այս արտադրանքը դեռեւս չի լինի, քանի որ պահման հատուկ պայմաններ է պահանջում, բայց ցանկացողները կարող են պատվիրել օնլայն տարբերակով: Անկախ պատվերի քանակից՝ Երեւանի տարածքում առաքումն անվճար է:  

Ռաֆայել Վարդանյանը


Ինչ վերաբերում է արժեքին, համովիկների կամ կերի գինը ցածր չէ, բայց դրա շնորհիվ մենք որակյալ արտադրանք ենք ստեղծում: Մեզ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ է ձեր արտադրանքը տեղական, բայց արտասահմանյան այս կամ այն բրենդից թանկ է, բացատրում եմ՝ անհամեստ կարող է հնչել, բայց այդ արժեքի հաշվին արտասահմանյան բրենդից շատ ավելի որակյալ արտադրանք ունենք, որը ստանում ենք առանց հավելումների, արհեստականորեն չենք ավելացնում դրա քաշը եւ այլն: Ինձ համար սկզբունքային է, որ մարդիկ սովորեն շներին կերակրել որակյալ արտադրանքով. վաճառում եմ այն, ինչով կերակրում եմ նաեւ իմ շանը: Ճիշտ է, ես էլ, Դավիթն էլ հակված ենք մտքին, որ պետք է ունենալ նաեւ ավելի մատչելի տեսականի, որպեսզի կարողանանք մրցակցել մատչելի արտադրանքի հետ, բայց անկախ գնից՝ այն պետք է բնական ու որակյալ մնա:

«Պահանջարկն ավելանում է, երկուսով այլեւս չենք հասցնում»

Դավիթ – Արտադրական բոլոր գործընթացները դեռեւս երկուսով՝ ես եւ Ռաֆայելն ենք անում: Ինչպես հասկանում եք՝ գլխավոր համտեսողն էլ Յոկոն է (ժպտում է – հեղ.), բայց պահանջարկն ավելանում է, ու հասկանում ենք՝ այլեւս չենք հասցնում: Առաջիկայում կընդլայնվենք ու նոր աշխատակից կունենանք:

Մեր արտադրանքը մեկ անգամ օգտագործողն այն անպայման խորհուրդ է տալու շուն ունեցող իր ընկերներին: Սա կարեւորագույն նպատակն էր, որին ցանկանում էինք հասնել: Այսօր մեզ առաջ տանող, մոտիվացնող ուժը շատ գումար վաստակելը չէ, հակառակը՝ դեռ մեր անձնական գումարներն ենք շարունակում ներդնել: Այն փուլում ենք, երբ պետք է առավել մտածենք արտադրանքի որակի, այն կատարելագործելու մասին: Եթե ի սկզբանե մտածենք գումարի մասին, հնարավոր է՝ կարճատեւ հաջողություն ունենանք ու արագ ձախողվենք:

Դավիթ Լեւոնյանը


Ցանկանում ենք շուկայում ունենալ այնպիսի անուն, որ մարդիկ հասկանան՝ հայկական արտադրանքը շատ որակյալ է ու կարող է ոչ միայն մրցել համաշխարհային շատ բրենդների հետ, այլեւ հաղթել այդ մրցակցությունում:

Կարեւոր է, որ այսօր մեր հասարակությունում զարգանում է նաեւ կենդանուն ճիշտ կերակրելու մշակույթը: Մարդիկ հասկանում են՝ շուն պահելը միայն զվարճանք չէ, նա պետք է բալանսավորված սնունդ, վիտամիններ ստանա:

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 51373
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai