Մոպեդներն ու հեծանիվները՝ Իջեւանը բացահայտելու նոր միջոց

22.07.2022 | 23:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Տավուշի մարզի Իջեւան քաղաքի «Կամար» հյուրանոցն ավելի քան 30 տարվա պատմություն ունի: 90-ականներին հիմնվելով որպես փոքրիկ ընտանեկան հյուրատուն՝ այսօր այն հյուրերին բազմաթիվ ծառայություններ է առաջարկում ինչպես հանգստի, այնպես էլ՝ աշխատանքի համար:

2021թ.-ից դրանց ավելացել է եւս մեկը՝ մոպեդների ու հեծանիվների վարձույթը: Այնպես որ, եթե մեքենայով չեք եկել Իջեւան կամ հոգնել եք մեքենա վարելուց, կարող եք մոպեդ կամ հեծանիվ վարձել եւ ուսումնասիրել քաղաքի ու տավուշյան բնության հետաքրքիր վայրերը:



Մոպեդներն ու հեծանիվները «Կամար» հյուրանոցը ձեռք է բերել ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրով, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունն ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, իրականացնում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

Մեդիամաքսի հետ զրույցում «Կամար» հյուրանոցի սեփականատեր Փառանձեմ Նազինյանը պատմել է նոր ծառայության ու մարզային զբոսաշրջության զարգացման կարեւորության մասին:

Փառանձեմ Նազինյանը


Փոքրիկ հյուրատնից՝ co-working ու տաքացվող լողավազան ունեցող հյուրանոց

Դեռ 1990-ական թվականներից մեր հյուրանոցի այսօրվա տարածքում հյուրատուն էր գործում: Բիզնեսով զբաղվում էր ամուսնուս մայրն ու մեր տան երկրորդ հարկը գործում էր որպես B&B: Կարող ենք ասել՝ Տավուշում հյուրատնային ոլորտի առաջամարտիկներից ենք: Տարիների ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց ընդլայնվել ու այսօր «Կամար»-ը բավականին մեծ հյուրանոցային համալիր է դարձել: Առաջին հերթին, հյուրերին հարմարավետ գիշերակացի հնարավորություն ենք տալիս: Մեր հյուրանոցը հարմար է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ՝ գործուղումների համար:



Մեզ մոտ շատ են կանգ առնում նաեւ միջպետական ճանապարհով՝ Վրաստանից Հայաստան եկողները: Գիշերակացից բացի, ունենք մի շարք այլ ծառայություններ եւս՝ կոնֆերանս դահլիճ, որտեղ հնարավոր է քննարկումներ, գործնական հանդիպումներ կազմակերպել ու օգտագործել այն նաեւ որպես co-working: Ունենք բացօթյա, տաքացվող լողավազան, ինչն իջեւանյան եղանակի դեպքում կարեւոր է: Մինչեւ վերջերս մեզ մոտ օդը սառն էր ու տաքացվող լողավազանը շատերին էր գրավում ու բերում մեզ մոտ:



Այս պահին ընթանում է հյուրանոցին կից ռեստորանի, փակ լողավազանի, համամի ու սաունայի շինարարությունը: Անցյալ տարվանից ունենք նաեւ նոր ծառայություն՝ մոպեդների ու հեծանիվների վարձույթ, ինչպես ժամավճարով, այնպես էլ՝ օրավարձով:



Ցանկանում էինք գրավել երիտասարդներին

Ինչպես ասացի, հյուրանոցով երկար տարիներ զբաղվել է ամուսնուս մայրը: Այն միշտ պահպանել է իր սկզբնական կոլորիտն ու ուղղվածությունը՝ ընտանեկան հանգիստ եւ գործուղումներ: Ինչ-որ պահից հասկացանք՝ պետք է ընդլայնել հյուրերի սեգմենտն ու անպայման գրավել ակտիվ երիտասարդներին: Երիտասարդներն ամեն ինչի շարժիչ ուժն են ու ցանկանում էինք հյուրանոցն իրենց համար էլ հետաքրքիր դարձնել, որպեսզի մեզ մոտ գան ոչ միայն պասիվ, այլեւ ակտիվ ու մի քիչ էլ էքստրեմալ հանգստի սիրահարները: Այդպես ծնվեց մոպեդների, հեծանիվների վարձույթ ունենալու եւ դրանցով շրջակայքում տուրեր կազմակերպելու գաղափարը:

Իջեւանում եւ մերձակայքում բազմաթիվ հետաքրքիր վայրեր կան ու հյուրերը կա՛մ պետք է իրենց մեքենայով գնան դրանք տեսնելու, կա՛մ, եթե առանց մեքենա են, օգտվեն տաքսիներից: Մոպեդներն ու հեծանիվները հնարավորություն են տալիս այդ ճանապարհն ու ժամանցն առավել հետաքրքիր դարձնել:

Քանի որ EU4Bussines ITTD ծրագրով ուշադրություն է դարձվում հատկապես մարզային զբոսաշրջության զարգացմանը, դիմեցինք դրամաշնորհի համար ու ծրագրի աջակցությամբ ձեռք բերեցինք 14 մոպեդ եւ 14 հեծանիվ: 2021թ. նոյեմբերից դրանք հասանելի են մեր հյուրերին:



Մոպեդների եւ հեծանիվների տրամադրման կարգն ու անվտանգությունը

Վարձակալության երկու տարբերակ կա՝ կա՛մ օգտվել մեր կազմակերպած տուրերից, կա՛մ վարձակալել եւ ինքնուրույն ընտրել ճամփորդության ուղղությունը: Ընդ որում, հեծանիվ կամ մոպեդ վարձակալելու համար պարտադիր չէ լինել մեր հյուրանոցի հյուրը, կարող եք կանգ չառնել «Կամար»-ում, բայց վարձակալել դրանք ժամավճարով կամ օրավարձով: Վարձակալության կետ կա նաեւ քաղաքի կենտրոնում: Ինչ վերաբերում է մեր կազմակերպած տուրերին, դրանց ընթացքում հիմնականում ծանոթացնում ենք քաղաքին ու հարակից հետաքրքիր վայրերին, այցելում ենք Իջեւանի քանդակների այգի, դենդրոպարկ, գինու գործարան:

Դեռեւս չունենք GPRS տեղորոշման սարքեր եւ վարձակալությունը փոխվստահության վրա է, բայց առաջիկայում անպայման նախատեսում ենք ձեռք բերել դրանք: Ինչպես նաեւ, կունենանք սաղավարտներ, որպեսզի վարելն առավել անվտանգ լինի:



Այս ծրագրով արդեն ունենք նոր աշխատակիցներ, որոնք վերապատրաստվել են ու տիրապետում են սարքերի աշխատանքին: Յուրաքանչյուրն, ով ցանկանում է մոպեդ կամ հեծանիվ վարձակալել, նախ 10-15 րոպե թեստ-դրայվ՝ փորձաշրջան է անցնում մեր աշխատակցի վերահսկողությամբ: Միայն այն բանից հետո, երբ աշխատակիցը համոզվում է, որ վարձակալողը փորձառու է ու կարողանում է շատ լավ վարել հեծանիվը կամ մոպեդը, սարքավորումը տրվում է վարձակալության: Բազմաթիվ են դեպքերը, երբ մերժում ենք անփորձ վարորդներին:



Շատերն են գալիս մեզ մոտ հենց այս ծառայության համար

Ինչպես ասացի, ի սկզբանե նպատակ ունեինք մեր հյուրանոցն ու քաղաքն առհասարակ, հետաքրքիր դարձնել նաեւ երիտասարդների համար: Կարող եմ ասել՝ մեզ մոտ ստացվեց: Եթե ուսումնասիրում ենք «Կամար» հյուրանոց եկողների վիճակագրությունը, վերջին ամիսներին շատ են մարդիկ, որոնք իմացել են մոպեդներ եւ հեծանիվներ վարձակալելու հնարավորության մասին եւ դա ազդել է հանգստի համար մեզ ընտրելու որոշման վրա: Հատկապես ամառային սեզոնին հետաքրքրությունը մեծ է նաեւ քաղաքի կենտրոնում հեծանիվներ ու մոպեդներ վարձակալելու նկատմամբ:



Հեծանիվներն ավելի լայն հնարավորություններ են տալիս եւ եթե կարողանում եք վարել, շատ հարմար են մեծ հեռավորությունների համար: Մոպեդների դեպքում կա մարտկոցը վերալիցքավորելու եւ ճանապարհների խնդիր: Շատ քարքարոտ, անտառային կածանների վրա մոպեդ վարել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է վերալիցքավորմանը, ամբողջությամբ լիցքավորված մոպեդը հնարավոր է վարել մոտ 2 ժամ: Ամբողջ օրով վարձակալելու դեպքում մենք տրամադրում ենք նաեւ վերալիցքավորման համար անհրաժեշտ սարքը, որը փոքր է ու հեշտությամբ տեղավորվում է մոպեդի բեռնախցիկում:



Դրամաշնորհները՝ զբոսաշրջության զարգացման միջոց

Մենք այս տասնամյակների ընթացքում փոքրիկ հյուրատնից վերածվել ենք մեծ հյուրանոցային համալիրի ու շատ բան կարողացել ենք անել հենց զբոսաշրջությանն աջակցող ծրագրերի ու դրամաշնորհների շնորհիվ: Այնպես որ չափազանց կարեւորում եմ դրանք: Տավուշի մարզը զբոսաշրջային մեծ ներուժ ունի ու նման աջակցող ծրագրերի շնորհիվ բիզնեսներն աճելու, ավելի շատ ծառայություններ առաջարկելու հնարավորություն են ստանում: Եթե մարզում աճում է բիզնեսը, շատանում են հյուրանոցներն ու հյուրատները, հետեւաբար քաղաքում շարժն էլ ավելանում է, հյուրերն օգտվում են տեղում եղած խանութներից, այլ ծառայություններից: Մեզ մոտ հրաշալի բնություն կա ու եթե լինեն հարմարավետ հյուրանոցներ, հյուրատներ եւ հետաքրքիր ծառայություններ, բնականաբար, զբոսաշրջիկները կձգտեն գալ այստեղ:

Յանա Շախրամանյան  
Դիտում՝ 85026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai