ՀայՓոստի ձեռքբերումները եւ թվայնացման գործընթացը վերաբրենդավորումից հետո

08.06.2022 | 18:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
ՀայՓոստն այսօր կազմակերպած «Նոր փոստի ծնունդը» միջոցառման ժամանակ ամփոփել է վերջին մեկ տարում ընկերության իրականացրած աշխատանքները, ներկայացրել ձեռքբերումները, թվայնացման գործընթացը, ինչպես նաեւ հայտարարել առաջիկայում գործարկվող «Էլեկտրոնային իրավահավաստի փոստ» ծառայության մասին:

Banks.am-ը ներկայացնում է միջոցառման առավել ուշագրավ դրվագները:

Մեկ տարի՝ նոր բրենդով

Հայկ Կարապետյան, ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն

Այսօր նշում ենք ՀայՓոստի վերաբրենդավորման 1 տարին՝ ինչից ելնելով էլ մեր այսօրվա միջոցառումը ստացել է «Նոր փոստի ծնունդը» խորագիրը: Այս տարվա ընթացքում Երեւանում 26 բաժանմունք ենք վերափոխել: Հանրապետության 3 քաղաքում՝ Իջեւանում, Գյումրիում եւ Վանաձորում արդեն ունենք քաղաքացիական կենտրոններ: Պետությունը ծառայությունները պատվիրակելու է ՀայՓոստին եւ մեկ վայրում հավաքված են լինելու բոլոր տեսակի պետական ծառայությունները:

Այս տարվա ընթացքում ՀայՓոստը ավտոպարկը ավելացել է շուրջ 190 մեքենայով, մարզերում բացվել են 8 նոր փոստի փոխանակման կենտրոն, որոնց շնորհիվ կարողացել ենք փոստի փոխանակումն արագացնել 3 անգամ: Ծանրոցների եւ նամակների առաքման պարկերը փոխարինվել են պլաստմասե արկղերով, որոնք առաքանին ավելի պատշաճ ու ապահով են հասցնում պատվիրատուին:

Հայկ Կարապետյանը


Վերջերս Երեւանում գործարկել ենք նաեւ «Նույն օրվա առաքում» ծառայությունը: Եթե հաճախորդը մինչեւ ժամը 12-ը Երեւանի ցանկացած փոստային բաժանմունք բերում է իր առաքանին, ապա մենք հավաստիացնում ենք, որ նույն օրն այն Երեւանում տեղ կհասնի:

Այս տարի Համաշխարհային փոստային միությունը մեզ $ 270 000 դրամաշնորհ է տրամադրել, որից $70 000-ը նախատեսված է փոստի սորտավորման ավտոմատացման գծի եւ $200 000-ը` էլեկտրական մոտոցիկլետներ գնելու համար: Ակնկալում ենք, որ դրանք հուլիսից Երեւանում կլինեն եւ կկարողանանք էքսպրես ծառայություն մատուցել: Առաջին փուլում ձեռք կբերենք 20 մոտոցիկլետ, դրանից հետո, եթե կարիք լինի, կընդլայնենք ցանցը:

Ամենակարեւորն այն է, որ ՀայՓոստն այսօր ունի նոր, թվայնացված համակարգ, որը կապում է ամբողջ Հայաստանի փոստային բաժանմունքները: Մոտ 750 000 իդենտիֆիկացված հաճախորդների բազա ունենք, որը թույլ է տալիս շատ ավելի լավ  սպասարկել հաճախորդներին:

Հակոբ Արշակյան, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Շատ տպավորված եմ, որ պետական կառավարման վերջին կարճ ժամանակահատվածի ընթացքում նման մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Կարող եմ ասել, որ ՀայՓոստը լավ օրինակ է դարձել Հայաստանում բիզնեսի ավտոմատացման, օպտիմալացման, իսկապես արագ, հետեւողական փոփոխությունների համար:

Հակոբ Արշակյանը


Մեր փոստային ծառայությունների գրասենյակների քաղաքացիական կենտրոնների վերափոխման այս գործընթացի մեջ, որը մենք կարող ենք տեսնել Գյումրիում, Վանաձորում եւ Իջեւանում, որտեղ քաղաքացին կարող է օգտվել գրեթե բոլոր պետական ծառայություններից, սկսած անձնագրի ստացումից, վավերացումից, հարկային հարաբերություններից, վերջացրած՝ փոստային ծառայություններով:

Անետա Բաբայան, Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Կարելի է ասել, որ այս բարեփոխումները մեր պետական համակարգի արդյունավետության տեսակետից կրիտիկական նշանակություն ունեցող բարեփոխումներ են լինելու: Մեր առանցքային խնդիրն առաջիկա մի քանի տարիների ընթացքում քաղաքացիակենտրոն, հաճախորդակենտրոն պետական ծառայությունների մատուցման համակարգեր ստեղծելն է: Այս համակարգերի մեջ ՀայՓոստն առանցքային նշանակություն եւ դեր ունեցող ենթակառուցվածք է:

Անետա Բաբայանը


Ներկայում մենք ՀայՓոստի գործընկերների հետ ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի կարողանանք կառուցել այն արդյունավետ համագործակցության մոդելը, որի հիման վրա առաջիկա տարիներին ՀայՓոստը կկարողանա պետական ծառայություններ մատուցող գործակալ դառնալ պետության համար: Հետագա տարիներին նաեւ թվային տրանսֆորմացիայի շնորհիվ ՀայՓոստի ենթակառուցվածքներն ավելի շատ քաղաքացիների համար հարմարավետ վայր կլինի եւ իրենց շփումը պետության հետ ավելի հարմարավետ պայմաններով կապահովվի:

ՀայՓոստի էկոհամակարգը

Հայկ Կարապետյան, ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն

Մեր էկոհամակարգի ձեւավորման ակտիվ փուլում է: Ներկայում էկոհամակարգի մաս են կազմում ՀայՓոստ Ամերիկան, որն ապահովում է ԱՄՆ-ից Հայաստան եւ Հայաստանից ԱՄՆ ապրանքների արագ եւ հուսալի առաքումը, ՀայՓոստ Մարկետ վաճառքի հարթակը, որտեղից կատարված ցանկացած գնում մենք կհասցնենք Հայաստանի ցանկացած կետ:

Մեր էկոհամակարգի մաս են կազմում Berber.am-ը, Արմոտեկան, HayPost.Med-ը, Stamps.am-ը: Berber-ը նախատեսված է տարբեր երկրներից օնլայն գնումներ կատարելու համար: Ներկայում մեկ պահեստ ունենք ԱՄՆ-ում, բայց շուտով այլ երկրներում եւս կունենանք: Արմոտեկան հարթակ է, որն ուղղված է հայկական արտադրանքը Հայաստանից դուրս վաճառելու համար:  

HayPost.Med-ը մեր ամենաքննարկված նախագծերից է: Այն դեռեւս 2 դեղատուն ունի Երեւանում եւ օնլայն առաքման ծառայությունը, որը թույլ է տալիս դեղեր առաքել Հայաստանի ցանկացած կետ:

«Էլեկտրոնային իրավահավաստի փոստ» ծառայությունը՝ առաջիկայում

Հայկ Կարապետյան, ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն

ՀայՓոստը հուլիսից կգործարկի «Էլեկտրոնային իրավահավաստի փոստ» ծառայությունը», որը գտնվում է մշակման վերջնական փուլում: Այս ծառայության շնորհիվ հաճախորդներին հնարավորություն կտանք իրենց նամակները ստանալ նաեւ հեռախոսով: Հենց այդ պահից ամբողջությամբ թվայնացված կհամարենք փոստի փոխանակման, ստացման ու ուղարկման գործընթացը: Հուլիսից արդեն այն հաճախորդները, որոնք չեն ուզում սպասել փոստատարին, այլ ուզում են միանգամից ստանալ նամակներն իրենց բջջային հավելվածի միջոցով, կունենան այդ հնարավորությունը:

Արթուր Հարությունյան, ՀայՓոստի ՏՏ տնօրեն

Այս համակարգի շահառուները կարող են լինել թե բիզնես գործընկերները, թե ֆիզիկական անձիք:

Արթուր Հարությունյանը


Համակարգը ստեղծելիս օգտագործել ենք բլոկչեյն տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս հուսալի ձեւով պահել տվյալները եւ կանխարգելել ցանկացած այլ անձանց կողմից դրանց կողմնակի փոփոխումը: Համակարգում կարող ենք միաժամանակ ավելի քան 3 մլն օգտատիրոջ սպասարկել:

Թվայնացման գործընթացը

Գրիգոր Բաղդագուլյան, ՀայՓոստի պրոդուկտների կառավարման եւ զարգացման բաժնի ղեկավար

Թվայնացման գործընթացում նախատեսում ենք մենք գործող էլեկտրոնային դրամապանակ միացնել ՀայՓոստի հավելվածին, էկոհամակարգի մյուս պրոդուկտները եւս ինտեգրել այնտեղ, ինչի արդյունքում մեր օգտատերերը հնարավորություն կունենան բոլոր վճարումները տեղում կատարել, օգտվել հասարակական եւ պետական ծառայություններից:

Գրիգոր Բաղդագուլյանը


Նախատեսում ենք առցանց առաքանիներ ստեղծելու հնարավորություն տալ, դրանք ավելի դյուրացված ընթացակարգով հանձնել փոստային բաժանմունք կամ ձեւակերպել առաքիչի կանչ: Հաճախորդները հավելվածի միջոցով կկարողանան նաեւ փոստային բաժանմունքներ այցելությունների ամրագրումներ կատարել:

Ռոբերտ Խաչատրյան, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար

Մեծ աշխատանք է կատարվել բավական կարճ ժամանակում։ Որոշ չափով ականատես եմ եղել այդ աշխատանքի կատարմանը։

Ռոբերտ Խաչատրյանը


Ամբողջ աշխարհում թղթայինից անցում է կատարվում էլեկտրոնային եղանակների եւ թվայնացումը, որ կատարել է Հայփոստը, հնարավորություն է տալիս հետ չմնալ աշխարհում կատարվող զարգացումներից ու դառնալ դրա մի մասը։ Կարծում եմ՝ հանրությունը լավ կընդունի եւ կկիրառի այս համակարգը։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 41384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai