NOX-ը առաջարկում է հայկական տեքստիլ՝ եվրոպական որակով

28.05.2022 | 23:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
NOX home textile-ը հայկական տեքստիլային արտադրություն է, որն առաջարկում է խոհանոցային տեքստիլ եւ անկողնու սպիտակեղեն։ Այն հիմնադրել են Սոնա Եղիազարյանը, Քրիստինա Հովակիմյանն ու Արեւիկ Ավետիսյանը։ Երկու նպատակ ունեին՝ վերականգնել տեքստիլի հայկական արտադրության երբեմնի ճանաչումը եւ ստեղծել միջազգային լավագույն բրենդների հետ որակով մրցող ապրանքատեսակներ։

Սկսվեց համավարակի օրերին

NOX home textile-ը ստեղծելու գաղափարը ծնվել է Քրիստինա Հովակիմյանի մտքում, համավարակի օրերին։ Գաղափարով կիսվել է Արեւիկի եւ Սոնայի հետ։ 5 րոպեում է կայացվել համատեղ բիզնես հիմնելու որոշումը։

«Թափ էր հավաքում COVID-19-ը։ Բոլորը պարապուրդի էին մատնված, ամենուր դատարկություն էր եւ լռություն։ Եվ հանկարծ հայտնվում է Քրիստինան իր հրաշալի գաղափարով», - վերհիշում է NOX home textile-ի համահիմնադիր Սոնա Եղիազարյանը։

Սոնան ասում է՝ Հայաստանում ընդունված է գեղեցիկ իրերը փնտրել դրսի շուկաներում եւ պատվիրել շատ բարձր գներով, այն դեպքում, երբ նույնը կարելի է ստանալ նաեւ այստեղ՝ ավելի մատչելի եւ հասանելի տարբերակով։

Սոնա Եղիազարյանը


«Ուզում էինք, որ միջին խավի համար էլ հասանելի լինի որակյալ եւ գեղեցիկ ապրանք։ Որոշեցինք ռիսկի դիմել եւ սկսել», - բացատրում է Սոնան։

Հիմնադրման սկզբնական փուլում կազմակերպությունն արտադրել է անկողնու սպիտակեղեն։ Շուտով հասկացել են, որ շուկան ավելին է պահանջում եւ սկսել են կենտրոնանալ խոհանոցային տեքստիլի վրա։

Արտադրամասի հիմնումը

Քրիստինան պատմում է, որ հենց սկզբից են նշաձող սահմանել՝ որակը լավագույնը պետք է լինի, ապրանքները որակով չպետք է զիջեն միջազգային բրենդների նույն ապրանքատեսակներին։

«Սկզբում շատ բարդ էր հատկապես հումք գտնելու հարցը։ Ուզում էինք այնպիսի գույներ ու նախշեր, որ շուկայում չլինեն, մենք եզակի լինենք։ Սա երբեմն անհնար էր, որովհետեւ հումքը Հայաստանի շուկաներից էինք գնում։ Հետո որոշեցինք ներկրել։ Հիմա Հնդկաստանից եւ Ռուսաստանից ենք բերում։ Որակը շատ լավն է, գույների, նախշերի սահմանափակում էլ չկա», - պատմում է Քրիստինան։



Արեւիկը, Սոնան եւ Քրիստինան արտադրամասն ինքնուրույն են ստեղծել, վերանորոգել եւ վերազինել։ Սկզբում աշխատել են միայն մեկ դերձակի եւ մեկ ձեւավարի հետ, օգտագործել խորհրդային կարի մեքենաներ։ 4 ամիս հետո պարզել են, որ մեքենաները աշխատանքի ծավալին չեն դիմանում։

Քրիստինա Հովակիմյանը


«Մեր հաջողության գաղտնիքը հետեւյալն էր՝ մենք ամեն ապրանքատեսակի մեջ հոգի ենք դնում՝ ընտրում ենք գույնն ու ձեւը, եւ դա շատ է ձգում մարդկանց։
Պահանջարկի աճի շրջանում սկսեցինք հատ առ հատ նոր ու ժամանակակից կարի մեքենաներ ձեռք բերել», - վերհիշում է Քրիստինան։

Հետո սկսվեց պատերազմը։ Թվում էր, թե բիզնեսը կանգ է առնելու, բայց հանրության շրջանում Հայաստանում արտադրված ապրանքների գերպահանջարկ ձեւավորվեց, իսկ NOX home textile-ը ստացավ առաջին մեծածավալ պատվերը։

Ինչու NOX

NOX-ի համահիմնադիրները սկզբում կենտրոնացած են եղել միայն անկողնու սպիտակեղենի արտադրության ուղղությամբ։ Փնտրել են անվանում, որը կխորհրդանշեր գիշերը։ Ընտրել են հռոմեական դիցաբանությունից՝ Նոքսի, գիշերվա աստվածուհու անունը։



«Բայց երբ սկսեցինք նաեւ խոհանոցային տեքստիլով զբաղվել, անվանումը վերափոխեցինք՝ դարձնելով NOX home textile»։

Գնորդներն ու պահանջարկը

Սոնան եւ Քրիստինեն ասում են, որ հիմա ավելի լավ են հասկանում՝ ով է իրենց արտադրանքը սպառողը։ Ընկերության ղեկավարներն այս փուլում հիմնական շեշտադրումն անում են հաճախորդների մեծ քանակ ունեցող խանութների եւ կազմակերպությունների վրա։



«Շատ մեծ պահանջարկ ունեն մեր սրբիչները եւ բռնիչները, բարձերը։ Անակնկալ էր բացահայտել, որ հայ կանայք շատ են սիրում նաեւ գոգնոցներ, որոնց տեսականին եւ շուկայում չափազանց փոքր է։ Պահանջարկը հասկանալու համար ինքս ամեն օր շրջում եմ մեծ ու փոքր խանութներով», - մանրամասնում է Սոնան։



135 ապրանքատեսակ առաջարկող NOX home textile-ը մշակել է ցածր գնային քաղաքականություն, ներկայանում է 150 խանութում, որից 130-ը՝ մայրաքաղաքում է։
Գույների եւ նախշերի ընտրությունն անում են 3 համահիմնադիրներով՝ յուրաքանչյուրն ընտրում է իր նախընտրելի գույներն ու համադրում։ Սրա արդյունքում յուրաքանչյուր գնորդ կարողանում է գտնել սեփական ճաշակին համապատասխան տեսականին։



«Մեր երեքից եւ ոչ մեկը չի կարում կամ ձեւում, բայց մենք ենք որոշում ապրանքների տեսակները, չափերը, գույներն ու կարատեսակները։ Սա մեր հիմնական աշխատանքը չէ, երեքս էլ այլ աշխատանք ունենք», - ասում է Քրիստինան։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 45935
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai