Նորվեգական մամուռ ու հայկական սեր՝ յուրահատուկ ինտերիերի բաղադրատոմսը

14.05.2022 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Մասնագիտությամբ կենսաբան Անուշ Մելքոնյանը 30 տարեկան է։ Մեկ տարի առաջ հիմնադրել է Green construction ընկերությունը, որը միակն է Հայաստանում, որ առաջարկում է կայունացված մամուռներով ինտերիերի դիզայն եւ ուղղահայաց կանաչապատում։

Ես կենսաբան եմ, 30 տարեկան։ Մասնագիտությամբ երբեք չեմ աշխատել, թեեւ շատ եմ սիրում լաբորատորիայի կյանքը։ Նախկինում երկու տարի կենսաբանություն ու քիմիա եմ դասավանդել դպրոցում։ Teach For Armenia ծրագրով 1 տարի Արագածոտնի Լեռնարատ համայնքում էի, հաջորդող մեկ տարին՝ Արարատի Դարբնիկ համայնքում։



Բնությունն ուզում էի մոտեցնել մարդկանց։ Այդպես այս բիզնեսի գաղափարը ծնվեց իմ գլխում։ Միշտ ուզում էի, որ մարդիկ ավելի շատ սիրեն բնությունը, կենցաղում օգտագործեն բնականը։ Միշտ մտածում էի՝ ես ի՞նչ կարող եմ անել, որ օգնեմ մարդկանց, որ բնությունը տանեմ նրանց տուն։ Երկար որոնումների արդյունքում կանգ առա մամուռների գաղափարի վրա։

Մամուռները, որոնք օգտագործում ենք ինտերիերի դիզայնում եւ ուղղահայաց կանաչապատման ժամանակ, կոչվում են Կլադոնիա թաթաձև կամ Եղջերվաքոս՝ քարաքոսների ընտանիքից են։ Ներկրում ենք Նորվեգիայից։

Հյուսիսային եղջերուների կենսական ցիկլով է պայմանավորված այս մամուռների աճը։ Նորվեգիայում այն շատ են սիրում ու շատ են կիրառում կենցաղում, որպես ինտերիերի անբաժանելի մաս։



Բնական հանքանյութերով ենք ստանում մամուռների գույնը։ Բնականը եւ առաջնային երանգը բաց շագանակագույն է։ Տարեկան կես սանտիմետր է աճում, իմ ձեռքում գտնվող ահա այս մամուռները 40-50 տարեկան են։

Ներկրվում ենք արդեն ներկված։ Այստեղ ես զբաղվում եմ կայունացմամբ ու դիզայնով։

Կայունացված մամուռ ասելով՝ հասկանում ենք մամուռի մեջ եղած բնական կենսաբանական հեղուկը, որով ապահովում ենք կյանքի կայուն շարունակությունը։ Սրա շնորհիվ այս մամուռներն ապրում են ավելի քան 10 տարի։

Անուշ Մելքոնյանը


1քմ համար պահանջվում է 5-6 կգ մամուռ։ Ահա թե ինչու է արժեքն այդքան բարձր՝ 1քմ-ն 125 000-ից մինչեւ 140 000 դրամ։

Մեր հաճախորդները շատ տարբեր են։ Գրասենյակային տարածքներում մամուռը նախընտրում են այն մարդիկ, ովքեր ամբողջ օրը անցկացնում են չորս պատի ներսում եւ ուզում են մի քիչ կենդանություն բերել իրենց տարածք։

Այս մամուռները յուրահատուկ հոտ ունեն՝ բնության հոտն է։ Երբեմն ասում են ջրիմուռներ, բայց ես ստիպված եմ լինում բացատրել մամուռի ու ջրիմուռի տարբերությունը։

Սա ընտանեկան բիզնես է, ամուսնուս հետ ենք կյանքի կոչում մեր գաղափարները, ես մշակում եմ, ամուսինս՝ չափագրում, երբեմն միասին էլ տեղադրում ենք։

Անուշ Մելքոնյանը


10 տարվա երաշխիքային ժամկետ ենք սահմանում։ Այդ ընթացքում խոնավության եւ ջերմաստիճանի կանոնների պահպանման պարագայում, բացառվում է մամուռների վնասվելը։ Մարդիկ թանկ են վճարում սրա համար, չենք ուզի երբեւէ հուսախաբ անել։

Այս մամուռների հարատեւության գրավականը ճիշտ կայունացումն է, եթե կայունացումը ճիշտ եւ հատուկ նյութերով արվի, ապա ամեն ինչ տեղը կընկնի։

Մեր առաջին գնորդը երիտասարդ զույգ էր, արտերկրից։ Նրանց հաջորդեց Հայաստանի խոշոր բանկերից մեկը, որը պատվիրեց մամուռով ձեւավորել Հյուսիսային պողոտայում գտնվող իրենց գրասենյակի պատերից մեկը։ Հենց այս աշխատանքն էլ դարձավ մեր ճանաչման ու հաջողության գրավականը։

Անուշ Մելքոնյանը


Այս մամուռները հրաշալի էներգետիկա ունեն։ Խաղաղություն են բերում, հանգստություն, սեր ու ներդաշնակություն։ Նաեւ լավ են ազդում աշխատունակության վրա, սթրեսն են իջեցնում, տրամադրություն բարձրացնում։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 7375
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai