Մեկնարկել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը

05.05.2022 | 18:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Երեւանում մեկնարկել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը: Դրա նպատակն է երիտասարդներին փոխանցել բիզնեսի ոլորտում առաջացող խնդիրների լուծման գործնական հմտություններ, բարելավել կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը:

Նմանատիպ մրցույթներն աշխարհում մեծ տարածում ունեն, Հայաստանում CaseKey-ն անցկացվում է երկրորդ անգամ:

Այս տարի մրցույթի հատուկ հյուրը Շոն Լիմոնն է, որն աշխարհի լավագույն քոուչերից է եւ դասավանդում է Ֆլորիդայի համալսարանում:

Banks.am-ը ներկա է եղել CaseKey-ի բացման միջոցառմանն՝ առանձնացնելով քննարկումների ու ելույթների հետաքրքիր դրվագները:

Արշակ Կարապետյան, CaseKey մրցույթի համահիմնադիր

Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին՝ Հայաստանի Կենտրոնական բանկին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը: Առանց նրանց աջակցության այս մրցույթն իրականություն չէր դառնա: Շնորհավորում եմ այսօր այստեղ ներկա մասնակիցներին, որոնք թեժ պայքարի արդյունքում հաղթահարել են մրցույթի առաջին փուլերը: Եթե թվերով խոսենք, 520 դիմորդից քոուչինգի փուլ են հասել 152-ը:

Արշակ Կարապետյանը


Բոլորին խորհուրդ եմ տալիս վայելել աշխատանքի, սովորելու ընթացքը, որովհետեւ վերջնարդյունքը շատ լավ է, բայց այս ընթացքում է, որ գիտելիք ու կապեր եք ձեռք բերելու:

Բենջամին Բրնս, ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրային գծով պատասխանատու

ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցել այս մրցույթին: Դեսպանությունում տնտեսական եւ առեւտրային հարցերով եմ զբաղվում եւ միշտ ուշադրություն եմ դարձնում երիտասարդներին, որոնք ձգտում են հաջողության հասնել ձեռնարկատիրության ոլորտում, նորարար գաղափարներ ու նոր մտածողություն են առաջ քաշում:

Բենջամին Բրնսը


Այսօր ապագա ու նաեւ ներկա ձեռնարկատերերը հնարավորություններ են փնտրում, հաջողության հասնելու նոր ճանապարհներ եւ բիզնես խնդիրների լուծման նման մրցույթները կարող են դառնալ այդ հնարավորություններից մեկը: Նման միջոցառումների ընթացքում դուք ոչ միայն յուրահատուկ մոտեցումներ եք գտնում իրական կյանքում հանդիպող խնդիրների լուծմանը, այլեւ սովորում եք իրարից:

Գարեգին Գեւորգյան, Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն

Մեծ հաճույք է տեսնելը, որ այս միջոցառումն ավանդական է դառնում, մեծ հաճույք է աջակցել դրան:

Գարեգին Գեւորգյանը


Այս նախաձեռնությունը դժվարությամբ է ծնվել, բայց հույս ունեմ ու վստահ եմ, որ CaseKey-ն դառնալու է Հայաստանի ամենահետաքրքիր բիզնես-միջոցառումներից մեկը:

Ալ Եսայան, IntelinAir ընկերության հիմնադիր, գործարար

Հաջողության բանաձեւն, ըստ իս, մի քանի բաղադրիչ ունի: Դրանցից առաջինը հոգատարությունն է: Եթե հոգատարությամբ չես մոտենում գործիդ, ստեղծածիդ, ուրեմն շարունակելով զբաղվել դրանով՝ անիմաստ էներգիա ես կորցնելու:

Ալ Եսայանը


Պետք է մի կողմ դնել բոլոր պատճառաբանությունները, որոնք մենք՝ մարդիկ, այդքան սիրում ենք, չմտածել՝ «ես բավարար գեղեցիկ չեմ», «բավարար կրթված չեմ», «բավարար նիհար չեմ» ու կենտրոնանալ միայն ձեր սրտում եղած առաքելության վրա: Երբ սկսեք հոգ տանել ձեր մտքերի ու առաքելությունների մասին, կնվիրվեք դրանց: Առհասարակ, ամբողջ կյանքում պետք է նվիրված լինել, խոսքը ինչ-որ բանին նվիրվելու մասին չէ միայն, նվիրված եղեք ինքներդ ձեզ: Շարունակեք աճել, ավելի լավը դառնալ, ներդրում արեք ինքներս ձեր մեջ:

Մանուկ Հերգնյան, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր

Այսօր, երբ մեր երկրում իսկապես ճակատագրական իրադարձություններ են տեղի ունենում, շատ դժվար է մասնակցել նման մասնագիտական քննարկումների: Պետք է խոստովանեմ՝ վերջին շրջանում քիչ եմ մասնակցում մասնագիտական միջոցառումների, բայց այս մեկը չէի կարող մերժել: Մի քիչ մտածելուց հետո հասկացա, որ այն իսկապես լուրջ կապ ունի մեր այսօրվա իրականության հետ: Երեւի մտածեցիք՝ խոսքն այն մասին է, որ եթե ամեն մեկն իր գործը լավ կատարի, ապա մեր երկիրը կզարգանա: Իհարկե, սա ճիշտ է: Բայց ես մի քիչ այլ բան նկատի ունեմ: Կարծում եմ՝ մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ շատ քիչ են մարդիկ, որոնք կարող են խնդիրներ լուծել:  Ոչ թե խնդիրներից փախչող, ոչ թե ուրիշին մեղադրող, ոչ թե խնդիրներից վախեցող, այլ «թեւերը քշտող» եւ խնդիրներ լուծող մարդիկ: Խոսքս բոլոր ոլորտների մասին է: Ի՞նչ առաքինություն պետք է ունենա մարդը, որ կարողանա խնդիր լուծել: Առաջինը, ըստ իս, քաջությունն ու համառությունն է:

Մանուկ Հերգնյանը


Երկրորդ կարեւոր առաքինությունը խոնարհությունն է: Կմտածեք՝ ի՞նչ կապ ունի խոնարհությունը խնդիրների լուծման հետ. մարդը, որը կարող է ընդունել իր սխալը, կարող է խնդիր լուծել: Case լուծելիս պետք է միշտ մտածեք՝ «այն, ինչ ես հիմա մտածում եմ, կարող է սխալ լինել»: Մյուս կարեւոր առաքինությունը լայնախոհությունն է՝ խնդրին տարբեր դիտանկյուններից նայելու կարողությունը:

Ռուբեն Հարությունյան, HENDERSON Group-ի հիմնադիր ղեկավար, գործարար

Կյանքն ինքն իրենով մրցույթ է, եթե չեք հավատում, հիշեք՝ ինչպես եք ծնվել: Դուք ծնվել եք մրցույթի մեջ ու ամբողջ կյանքը մրցույթ է լինելու:

Իմ կարծիքով՝ ձեռնարկատիրության մեջ հաջողության հասնելու համար երեք բաղադրիչ կա:

Ընկերությունը, որը ստեղծում եք, պետք է ունիկալ լինի: Համոզված եմ՝ ցանկացած ասպարեզում այսօր էլ կարելի է ստեղծել հաջողակ ընկերություն, կարեւորը՝ դրա յուրահատկությունը գտնելն է:

Ռուբեն Հարությունյանը


Երկրորդ՝ պետք է պատրաստ լինեք, որ ձեր այդ յուրահատկությունը շատ արագ սկսելու են կրկնօրինակել, ձեր շուրջը եղած իրավիճակը փոխվելու է՝ քաղաքական, տնտեսական առումով, նոր օրենքներ են ընդունվելու, նոր խոչընդոտներ են լինելու:

Պետք է կարողանաք ադապտացնել ձեր բիզնես մոդելը եղած իրականությանը: Հաջողության համար անհրաժեշտ երրորդ բաղադրիչը ժամանակն է: Ամեն ինչ ճիշտ ժամանակին արեք:

CaseKey մրցույթի բացման արարողությունից հետո մասնակիցների համար առաջին թրեյնինգն է անցկացրել Միացյալ Նահանգներից ժամանած աշխարհի լավագույն քոուչերից Շոն Լիմոնը:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 10761
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai