Տնից դուրս, բայց ոչ գրասենյակում. Երեւանում աճում է сo-working-ների պահանջարկը

01.04.2022 | 22:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Co-working կամ համաշխատանքային տարածքները Հայաստանում, թեեւ աշխատանքային նոր մշակույթ են, սակայն զարգանալու մեծ հեռանկար ունեն։ Երեւանում գործում են մոտ 20 ընկերություններ, որոնք ընդլայնվում են։ Պատճառը միայն հեռավար աշխատանքի պահանջարկի աճը չէ։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխվող մասնագետներին տեղավորելու համար մի շարք сo-working-ներ առաջիկայում նոր մասնաճյուղեր կբացեն։

«The Area»-ն


Ազատ ոճով նորոգած եւ կահավորված սենյակներ, ինտերնետ եւ անհրաժեշտ համակարգչային տեխնիկա, սուրճի անվճար հյուրասիրություն եւ լռություն․ սրանք կատարյալ պայմաններ են աշխատողի համար։ Այսպիսի վայրերում կարելի է նաեւ գործնական հանդիպումներ կամ մեծ միջոցառումներ կազմակերպել։

Էմիլյա Գոնջյանը


«Եթե տանն եմ մնում, պարզապես չեմ աշխատում, ոչ թե խանգարում են, այլ հակառակը՝ չափազանց հարմարավետ վիճակը ոչ աշխատանքային տրամադրություն է ստեղծում»,- ասում է դիզայներ Էմիլյա Գոնջյանը: Նա сo-working-ում աշխատելու հինգ տարվա փորձ ունի։ Վերջերս աշխատում է «The Area» համաշխատանքային տարածքում։

Ելենա Ասիլբեկյանը


Ելենա Ասիլբեկյանը գործընկերների հետ է տեղափոխվել «The Area»։ Մարդկային ռեսուրսների զարգացման մենեջերի համար սա համօգտագործվող տարածքում աշխատելու առաջին փորձն է։ Դժգոհ չէ, թեեւ չի խուսափում աշխատել նաեւ տնից․«Մեզ ընտրության հնարավորություն տալիս են, եւ երբեմն նաեւ տնից եմ աշխատում»։

Բիզնես՝ սահմանափակումների նվազեցումից եւ պատերազմից հետո

Երիտասարդ ամուսիններ Հայկ Մուրադյանն ու Քրիստինե Մելքոնյանն անցած տարի նաեւ գործընկերներ դարձան՝ որոշեցին Երեւանի կենտրոնում բացել համօգտագործվող տարածք։ «The Area»-ն սկսեց գործել 2021թ-ի օգոստոսից, երբ կորոնավիրուսի համավարակի սահմանափակումները մեղմացվեցին։

Հայկ Մուրադյանը


«Թե՛ համաճարակը, թե՛ պատերազմը բիզնես սկսելու մտահղացման հակառակ տրամաբանությունն էին հուշում, բայց մենք, լինելով նաեւ այլ երկրի քաղաքացի, որոշեցինք բիզնես սկսել հենց Հայաստանում», - ասում է Քրիստինեն:

Քրիստինե Մելքոնյանը


«The Area»-ում աշխատում են հիմնականում թիմերով, կան 10-15 մշտական անհատ- այցելուներ։ Մի քանի ամիս գործող ընկերության հիմնադիրները չեն բողոքում, իրենց խոսքով՝ փորձում են «մարդկային» գներ սահմանել եւ հանգամանքները չչարաշահել, օրինակ, ծառայության արժեքը չեն բարձրացրել Հայաստան տեղափոխված ռուս մասնագետների համար, երեք հոգի արդեն մեկ ամսվա ամրագրում են արել։

Կոնստանտին Մոլչանովը


Ուլյանովսկից եկած Կոնստանտին Մոլչանովը մեր այցելության պահին «The Area»-ի պայմաններին էր ծանոթանում։ «Հիմա ամեն ինչ անորոշ է, ոչ մեկը չգիտի, թե ինչ սպասել։ Այստեղ կմնամ եւ կաշխատեմ այնքան, մինչեւ հստակություն կլինի»,- ասում է իրեն պարտադրված փախստական համարող մեր զրուցակիցը։

Աշխատանքային միգրանտները՝ сo-working-ների առաջարկի աճի պատճառ

«COWO»-ն


Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիների հանդիպեցինք նաեւ «COWO» համաշխատանքային տարածքում։ Իվան Տորոպիցինը Պերմից է։ Նրա կարծիքով, պարտադրված տեղափոխության դժվարությունները հաղթահարելու ամենակարճ ճանապարհը сo-working-ն է։

Իվան Տորոպիցինը


«Եթե տեղափոխվել ես, գրասենյակ գտնելը շատ դժվար է։ Сo-working-ն առաջին հարմար տաբերակն է․ ամեն ինչ ունես՝ թե՛ ինտերնետ, թե՛ համայնք, որը քեզ օգնում է»,- նկատում է ՏՏ ադմինիստրատոր Տորոպիցինը։

Լուսինե Գասպարյանը


Մոսկվայաբնակ Լուսինե Գասպարյանը եւս նոր է տեափոխվել Հայաստան։ Ֆինանիստին առաջին հերթին կենտրոնացում է պետք, իսկ տանը դա դժվար է ապահովել։ «Երեխաս երեք տարեկան է։ Ճիշտ է,  բավական լսող է, ամեն դեպքում, եթե դու տանն ես, առաջին հերթին մայրիկ ես։  Տանը դժվար է կենտրոնանալ, իսկ ես ճիշտ պետք է կազմեմ բյուջեն»,- ասում է ամուսնու հետ «COWO»-ում աշխատող մեր զրուցակիցը։

Լիլիթ Վարդանյանը


«200-ից ավելի ռուս գործընկերներ արդեն եկել են, բայց եթե տարածքներն այս պահին պատրաստ լինեին, 700 հարցում ունեինք։ Առաջիկա երկու ամսում նախատեսում ենք տեղավորել 3 000 հոգու»,- տեղեկացնում է «COWO»-ի գործադիր տնօրեն Լիլիթ Վարդանյանը։

Վճարե՞լ տարածքի համար, թե՞ աշխատել տնից

«COWO»-ում, ըստ Լիլիթ Վարդանյանի, կա 750 հոգանոց համայնք։ Կանխատեսում են երկու ամսից եռապատկել, երկու նոր տարածք բացելու են կենտրոնում, մտադիր են նաեւ համաշխատանային տարածք հիմնել Իջեւանում։ Նոր մասնաճյուղերը կլինեն ավելի լայն գործառույթներով, անգամ երեխաների համար նախատեսված հատված կլինի։ «Դա կլինի մի տեղ, որտեղ կարող ես առավոտից գալ ինչպես աշխատավայր, բայց կզգաս ինչպես տանը»,- նկարագրում է Լիլիթ Վարդանյանը:

Հետքովիդային շրջանում շատերը սովորեցին տանն աշխատել, բայց այն շատերի համար, միեւնույն է, դեստրուկտիվ է։ Դա է պատճառը, որ մարդիկ նախընտրում են վճարել, բայց աշխատել համապատասխան աշխատանքային մթնոլորտում։

Սվետա Համբարձումյանը


Սվետա Համբարձումյանի համար թեեւ վճարում է գործատուն, բայց վստահեցնոմ է՝ եթե ինքն էլ վճարելու լիներ, տանը չէր մնա։ Արտասահմանում գործող ընկերության համար հեռավար աշխատող 10 գործընկերների հետ «COWO»-ում են տեղավորվել․«Այստեղ տրամադրում է մթնոլորտը, տանը չի ստացվում»։

Լիլիթ Վարդանյանը նշում է, որ տարածքը հիմնելիս նախաձեռնողները կարեւորել են նաեւ այն գաղափարը, որ մարդիկ ոչ միայն գան աշխատելու, այլ նաեւ մտքեր փոխանակելու, իրար օգնելու։



Պարզվում է՝ դա իսկապես ճիշտ թիրախ է։ Հաշվապահ Անահիտ Գրիգորյանը համոզված է՝ եթե դու մի կազմակերպության աշխատակից ես, անձնային աճի հնարավորությունները շատ ավելի քիչ են, քան այստեղ, երբ կարող ես հետեւել այլ ընկերությունների։

Անահիտ Գրիգորյանը


Անահիտ Փիլոսյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Դիտում՝ 18512
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai