Տրանսֆերային գնագոյացման կանոնների փոփոխությունները եւ EY ծառայությունները

18.03.2022 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#EY Armenia #տրանսֆերային գնագոյացում
Աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում առաջատար EY ընկերությունը (նախկինում՝ Ernst & Young) կազմակերպում է վեբինարների շարք՝ նվիրված հարկային օրենսդրության տարբեր ասպեկտներին: Շարքի առաջինը վերաբերել է Հայաստանում տրանսֆերային գնագոյացման (ՏԳ) կիրառմանը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել նաեւ Հայաստանում ՏԳ փոփոխությունների օրենսդրական փաթեթի վերաբերյալ եւ թե ինչպես կարող է EY ընկերությունն աջակցել հարկատուներին:

Banks.am-ը ներկայացնում է EY ընկերության կազմակերպած վեբինարի առանցքային կետերը:

Հայաստանում տրանսֆերային գնագոյացման կիրառությունը

Լիլիթ Սարգսյան, Հայաստանում տրանսֆերային գնագոյացման ավագ մասնագետ

Տրանսֆերային գնագոյացման կանոններն ուժի մեջ են մտել 2020թ.-ի հունվարի 1-ից, որոնք փաստաթղթավորման տեսանկյունից հարկատուների համար բերել են որոշակի պահանջներ: Հարկատուների կողմից հիմնական ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն ՏԳ ծանուցումը եւ փաստաթղթավորումը: 2021թ.-ի համար ծանուցումը հարկատուները պետք է ներկայացնեն մինչեւ այս տարվա ապրիլի 20-ը: Այն պետք է տեղեկատվություն պարունակի ընկերության վերահսկվող գործարքների մասին, իսկ հետագայում, եթե հարկային մարմինները կցանկանան, որ փաստաթղթավորում ներկայացվի, կծանուցեն ընկերություններին, որից հետո 30 օրվա ընթացքում անհրաժեշտ կլինի ներկայացնել նաեւ ՏԳ փաստաթղթավորում:

Համաձայն տրանսֆերային գնագոյացման օրենսդրության՝ այն գործարքները, որոնք իրականացվում են փոխկապակցված անձանց միջեւ, պետք է համապատասխանեն պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, այսինքն՝ ամեն ընկերություն իր հետ փոխկապակցված ընկերության հետ պետք է համագործակցի արդար որոշված գների հիման վրա:

Լիլիթ Սարգսյանը


Փոխկապակցված են համարվում այն կողմերը, երբ մի կազմակերպությունը հանդիսանում է մյուսի 20% եւ ավելի բաժնետեր կամ կազմակերպությունների ղեկավարը նույնն է: Փոխկապակցված են նաեւ, եթե ընկերության եկամուտների 80 եւ ավելի տոկոսը ստացվում է մեկ ընկերությունից:

Փոխկապակցվածության դեպք է նաեւ, երբ մի ընկերությունը վերցրել կամ տվել է փոխառություն, որի գումարը գերազանցում է ակտիվների հաշվեկշռային արժեքի 51%-ը:

Ռեզիդենտ ընկերությունների դեպքում եւս փոխկապակցվածություն առաջանում է նշված պայմանների դեպքում, սակայն սրան ավելանում է նաեւ այն, որ կողմերից որեւէ մեկը ռոյալթի վճարող, ազատ տնտեսական գոտու շահագործող է կամ օգտվում է հարկային արտոնություններից:

Գործարքները համարվում են վերահսկվող, եթե գործարքների տարեկան հանրագումարը գերազանցում է 200 մլն դրամը:

Վերոնշյալ պայմանի առկայության դեպքում վերահսկվող են հարավում նաեւ օֆշոր գոտում գտնվող հարկատուի հետ գործարքները՝ անկախ փոխկապակցվածության պայմաններից։

ՏԳ կանոնակարգերում փոփոխությունների փաթեթը

Նարեկ Ներսիսյան, Հայաստանում տրանսֆերային գնագոյացման ավագ մասնագետ

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որտեղ սահմանվում են տրանսֆերային գնագոյացման կանոնակարգում փոփոխությունները։

Հիմնական փոփոխություններից մեկը ավելացված արժեքի հարկի դուրսգրումն է տրանսֆերային գնագոյացման վերահսկման շրջանակից, որն ի տարբերություն մյուս փոփոխությունների, կտարածվի նաեւ 2020 թ․-ի գործարքների վրա:

Հստակեցվել է ՏԳ շրջանակում հարկման հատուկ ազատական համակարգ ունեցող երկիր հասկացությունը (օֆշոր): Ըստ նոր փոփոխությունների՝ ՏԳ վերահսկման շրջանակներում, օֆշոր են համարվում այն երկրները, որտեղ գործում է շահութահարկի եւ համանման այլ հարկերի 10% եւ ցածր դրույքաչափ կամ շահութահարկի ազատում: Օրինակ՝ եթե Լիբանանի հետ գործարքները համարվում էին վերահսկվող, քանզի Լիբանանը ներառված է Կառավարության կողմից հրապարակված հարկման հատուկ ազատական համակարգ ունեցող երկրների ցուցակում, ապա նոր փոփոխությունով այլեւս այդ երկրի հետ գործարքները վերահսկվող չեն համարվի, քանզի այնտեղ գործում է 17% շահութահարկի դրույքաչափ:

Նարեկ Ներսիսյանը


Մյուս փոփոխությամբ օրենքում ներմուծվել է անձ հասկացությունը, որը կփոխարինի հարկ վճարող տերմինին: Այն նպատակ ունի հստակեցնել փոխկապակցված անձինք հասկացությունը: Շատ հարկ վճարողների մոտ շփոթություն էր լինում, թե ինչ է նշանակում փոխկապակցվածություն: Նոր տերմինի ներբեռնումը հստակեցնում է, որ անձը վերաբերում է ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ իրավաբանական տեսակներին:

Փոփոխություններից մյուս կետով ընդլայնվել է ՏԳ վերահսկվող գործարքների շրջանակը: Ընդգրկվել են նոր տեսակի գործարքներ, ինչպիսիք են՝ ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրումը եւ ստացումը, փոխառությունների տրամադրումը եւ ստացումը, դրամական պահանջի իրավունքի փոխանցումը եւ զիջումը, ինչպես նաեւ ֆինանսական ակտիվի օտարման գործարքները:

Փոփոխությունների մյուս կետով բանկերի եւ վարկային կազմակերպությունների ֆինանսական գործարքների մեծ մասը դուրս են եկել ՏԳ վերահսկողության շրջանակներից: Վերահսկողության տակ են մնացել ավանդների ընդունման, վարկերի եւ լիզինգի տրամադրման, ֆակտորինգի, ինչպես նաեւ երաշխավորության ծառայությունները:

Հաջորդ կարեւոր փոփոխությունը նախնական գնագոյացման ինստիտուտի ներմուծումն է Հայաստանում, համաձայն որի, հարկ վճարողները կարող են համագործակցել հարկային մարմնի հետ, ապահովելով թափանցելիություն իրենց հաշվապահան եւ գնագոյացման քաղաքականությանը, արդյունքում հաստատել իրենց տրանսֆերային գինը եւ օգտագործել հաստատված գինը մեկից ավելի հարկային տարիների իրենց վերահսկվող գործարքներում:

Փոփոխությունների ամենակարեւոր կետերից է ՏԳ վերահսկման գործընթացի եւ կանոնների խախտման համար հարկային տույժերի եւ տուգանքների համակարգի ներդրումը:

Նոր օրենսդրությամբ հստակեցվում է նաեւ, որ ընկերության ծախսերի 80% ասվածը վերաբերելու է միայն ձեռնարկատիրական ծախսերին:

Նշենք, որ փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցումը նախատեսված է մարտի 22-ի նիստերի օրակարգում:

Ինչպես կարող է օգնել EY-ը հարկատուներին

Լիլիթ Սարգսյան, Հայաստանում տրանսֆերային գնագոյացման ավագ մասնագետ

EY-ը կարող է աջակցել հարկատուներին եւ մատուցել ՏԳ փաստաթղթավորման հետ կապված ցանկացած ծառայություն՝ նույնականացում, ՏԳ մեթոդաբանության մշակում, համադրելիության վերլուծություններ, փաստաթղթավորում, մոնիտորինգ:

Մատուցվող ծառայությունների առաջին փուլը նույնականացումն է, այսինքն՝ EY-ը օգնում է հարկատուին բացահայտել վերահսկվող գործարքները եւ փոխկապակցված կողմերը, պատրաստել ՏԳ ծանուցումը:  

EY-ը նաեւ մատուցում է ՏԳ փաստաթղթավորման պատրաստման ծառայությունը՝ շուկայի վերլուծություն, ՏԳ մեթոդի ընտրություն, համեմատական վերլուծությունների իրականացում եւ այլն:

Բացի վերոնշյալից՝ EY ընկերությունն իրականացնում է նաեւ որոշակի կանխատեսումներ: Օրինակ՝ եթե տվյալ պահին ընկերությունը ՏԳ շրջանակում չի, տարեկան շրջանառությունով 200 մլն դրամի շեմը չի գերազանցել, բայց փոխկապակցված կողմեր ունի եւ այդ գումարը հաջորդ տարի գերազանցվելու է, ապա EY-ը համեմատական վերլուծություն է իրականացնում, որի հիման վրա ընկերությունը կարող է պատրաստ լինել, թե ինչ է իրեն սպասվելու հաջորդ տարի:

Կամո Կարապետյան, Հայաստանում հարկային ծառայությունների ղեկավար

ՏԳ օժանդակության փուլերից որոշները, շատ ուշադիր լինելու, թրեյնինգներ անցնելու պարագայում, հարկատուները կարող են իրականացնել նաեւ ինքնուրույն, բայց կան կոնկրետ հատվածներ, նույն մեթոդաբանության, փաստաթղթավորման կազմման մասով, որոնք բացի մարդկային ջանքից եւ ունակությունից, պահանջում են նաեւ տեղեկատվական բազաներին հստակ հասանելիություն:

Կամո Կարապետյանը


Սրա լուծումը հարկային մարմինն այս պահին չունի, ոչ էլ այն անհրաժեշտ գումարն ունի, որ բոլորի համար այդ հասանելիությունը ապահովի: Հենց այստեղ է, որ EY-ը ունենալով տվյալների բազաների հասանելիություն եւ պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, հնարավորություն ունի աջակցել պատվիրատու ընկերություններին պատշաճ կերպով պատրաստել անհրաժեշտ փաստաթղթավորումը, որը հետագայում կօգնի պաշտպանել հարկատուի կիրառած մոտեցումը, գինը, հարկման բազան եւ այլն:

Արփի Ջիլավյան
Դիտում՝ 19154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai