PayuSAC. թռչնատառերով եզակի հայկական պայուսակներ

19.03.2022 | 23:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«PayuSAC» ապրանքանիշը շուկայում հայտնվել է 2020 թվականի օգոստոսի 31-ին։ Հիմնադիրը՝ Նվարդ Խաչատրյանն է, աջակիցն ու հովանավորը՝ ամուսինն է, Ալեքսանդր Սողոյանը։ «PayuSAC»-ն առաջարկում է հայկական արտադրության կաշվե պայուսակներ, էկո տոպրակներ ու նոթատետրեր՝ հայերեն թռչնատառերով։ Դրանք նկարվում են ձեռքով եւ տեղական արտադրության ջրակայուն ներկերով։ Տեսականին առցանց հարթակից տեղափոխվել է օֆլայն հարթակ եւ արդեն  ներկայացված է «Brands 485» խանութում, որի հիմնադիրները, նույնպես, ամուսիններ են։ Խանութում բացառապես հայկական արտադրանք է։ Banks.am-ն ուսումնասիրել է ապրանքանիշն ու զրուցել Նվարդի հետ։

PayuSAC-ը ստեղծելու գաղափարը իմն է։ Ֆիզարկաձակուրդում էի եւ ինձ համար չափազանց ծանր էր անգործությունը։ Ես միշտ աշխատել եմ եւ միշտ ունեցել եմ իմ անձնական գումարը։ Թեեւ որեւէ բանի կարիք չէի զգում, որովհետեւ ամուսինս շատ լավ աշխատանք ունի, բայց ինձ համար դժվար էր համակերպվել, որ ես բացի երեխա խնամելուց եւ դաստիարակելուց որեւէ այլ ներդրում չունեմ ընտանեկան գործերում։ Շարունակ մտածում էի ինչ-որ գեղեցիկ բան ստեղծելու մասին, որ կիրառեմ նաեւ մասնագիտական՝ նկարչական գիտելիքներս։

Նվարդ Խաչատրյանը


Մտածում էի նորություն ստեղծելու մասին, ուզում էի այնպիսի տարբերվող մի արտադրանք, որ դեռ ոչ մեկ չի առաջարկում։ Գլխումս ծնվեց թռչնատառերով պայուսակներ ստեղծելու  գաղափարը։ Երբ այդ մասին պատմեցի ամուսնուս, նա սկսեց ինձ ոգեւորել ու անընդհատ կրկնել՝ անպայման զբաղվիր դրանով;

Նվարդ Խաչատրյանը եւ Ալեքսանդր Սողոյանը


Մեկ ամիս ուսումնասիրեցինք շուկան եւ Հայաստանում արտադրվող պայուսակների տեսականին։ Որոշեցինք, որ թռչնատառերով պայուսակների հումքը պետք է Հայաստանում արտադրված լինի եւ վերջ։ Քանի որ այդ պահին ես  չէի կարող արտադրող լինել, սկսեցի գործակցել հայ արտադրողների հետ։ Նրանք կարում են իմ ուզած պայուսակը ըստ իմ էսքիզի, որի պատրաստ լինելուն պես, սկսում եմ նկարազարդել։



Այս պայուսակները ստեղծելիս մեկ այլ կարեւոր պայման էր, որպեսզի մեր արտադրանքի գինը մատչելի լինի, որպեսզի հայկական պայուսակը չմնա ցուցափեղկի հետեւում, հասանելի լինի ե՛ւ ուսանողին, որի գրպանում քիչ գումար կա, ե՛ւ դպրոցականի ծնողին, ե՛ւ նվեր գնողին։

Գաղափարը կյանքի կոչվեց մեկ ամսում եւ 150 000 դրամ ներդրմամբ։ Սկսեցինք 7 պայուսակից։ Երբ դրանք պատրաստ էին, ամուսինս սոցիալական ցանցում էջ բացեց եւ ընդամենը մի քանի հետեւորդ ունեցող էջում մենք տեղադրեցինք մեր ստեղծած նմուշները։

Նվարդ Խաչատրյանը եւ Ալեքսանդր Սողոյանը


Նույն օրում պատվեր գրանցեցինք։ Դա ե՛ւ շոկային էր ինձ համար, ե՛ւ ազդակ, որ ճիշտ տեղում եմ։ Մի քանի օրում մյուս պայուսակներն էլ սպառվեցին։

Սկզբում թռչնատառերից բացի նաեւ այլ պատկերներ էի նկարում։

Բայց սկսվեց պատերազմը, եղբայրս մեկնեց ռազմաճակատ որպես կամավոր եւ նրան գտանք շատ մեծ դժվարությամբ, ծանր վիրավորմամբ, մի քանի անգամ զոհվածների ցուցակում անունը հայտնվելուց հետո։

Չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում, բայց հասկանում էի մի բան՝  ամեն գնով պետք է պահպանել ու զարգացնել հայկականը եւ ամեն գնով պետք է անել ավելին՝ Հայաստանի համար։

Ինչու՞ թռչնատառեր։ Ես ուզում էի զարգացնել հայկականն ու հայկական մշակույթում իմ հետքը թողնել։ Թռչնատառերով շուկայում շատ բան կարող եք գտնել՝ շարֆերից մինչեւ սփռոցներ,  բայց պայուսակներ՝ ոչ։



Թռչնատառերն իմ անհատական էսքիզներով են։ Որոշեցի, որ այն որպես պատկեր այնքան հարուստ է, որ նկարելիս այլ բանով պետք չէ ծանրաբեռնել պայուսակը կամ նոթատետրը։ Օգտագործվող բոլոր նմուշները նորաստեղծ են, հիմքում մանրանկարչության գրքերում տեղ գտած թռչնատառերի օրինակներն են, որոնք ոճային, գունային եւ հաճախ պատկերային փոփոխությունների եմ ենթարկում, իմ ձեռագիրն ուզում եմ թողնել։



Ջրակայուն ներկեր եմ օգտագործում, որոնք Հայաստանում շատ-շատ բարդ է գտնելը, բայց անհնարին չէ։ Նախշի պահպանման տեխնոլոգիան ինքս եմ մշակում, որովհետեւ այլ բան է այն օգտագործել կտավներում, այլ բան՝ ձեռքի տակ անընդհատ գտնվող իրերի վրա։ Շատ եմ աշխատել տեխնոլոգիայի վրա, որպեսզի ստանամ այնպիսի բան, որ խոնավությունից բացարձակապես չվնասվի։

Պայուսակները սկզբում միայն առցանց էին վաճառվում։ Բայց անսպասելի ուշադրության կենտրոնում հայտնվեցինք եւ մեզ տարբեր խանութներից առաջարկեցին վաճառել մեր արտադրանքը։ Տեղափոխվեցին օֆլայն հարթակ եւ սկսեցինք մտածել սեփական խանութն ունենալու մասին։



Այս պահին մեր բիզնեսը երկուսով ենք վարում՝ նմուշների ստեղծմամբ զբաղվում եմ ես, առցանց էջի վարմամբ, հաճախորդներին սպասարկելով ամուսինս, իսկ ֆինանսական հարցերով՝ երկուսով։ Զգում ենք, որ այլեւս չենք հասցնում, եւ սկսել ենք մտածել աշխատակիցների մասին։

Սկզբում, երբ հումքը վերցնում էի ձեռքս, մի քանի ժամ մտորում էի, թե ինչ ստեղծեմ, ինչ պատկեր կսազի նմուշին, իսկ հիմա ձեռքս վերցնում եմ հումքը եւ 1 օրում ստեղծում եմ 4-5 մոդել։ Դրանց արժեքը սկսում է 12 000 դրամից եւ հասնում մինչեւ 20 000 դրամ՝ ցանկացած ձեւի ու չափի մոդել կա՝ ուսապարկից մինչեւ երեկոյան փոքրիկ պայուսակ։



Մեր գնորդները հիմնականում կանայք են, որոնք շատ են սիրում նվիրել այս պայուսակները։

Մեծ է պահանջարկը նաեւ արտերկրում։ Դեկտեմբերին, օրինակ, Գերմանիայում բնակվող մի կին, թռչնատառերով 18 օրինակ նոթատետրեր էր պատվիրել՝ իր եվրոպացի կոլեգաներին նվիրելու համար։



Շատ են օտարերկրացիները, որոնք պատվիրում են թռչնատառերով պայուսակներ՝ նրանց գրավում է հայկական տառի գեղեցկությունը, գույները եւ այն, որ այդ ամենը ձեռքով է ստեղծվում։ Արտերկրում բնակվող հայերի շրջանում էլ կա պահանջարկ։

Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 26597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai