SPRING PR․ Մենք հաղթել ենք թիմային ու նվիրված աշխատանքի շնորհիվ

11.08.2021 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#SPRING PR #IPRA Golden World Awards
SPRING PR ընկերությունը PR ոլորտի ամենախոշոր մրցանակաբաշխության՝ Միջազգային PR ասոցիացիայի IPRA Golden World Awards-2021-ի հաղթող է ճանաչվել։ SPRING PR-ը IPRA Golden World Awards-ում հաղթած առաջին հայկական ընկերությունն է։

Հաղթանակած արշավի, դրա ընթացքում տեղի ունեցած ամենահետաքրքիր դրվագների եւ միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնելու կարեւորության մասին զրուցել ենք SPRING PR ընկերության հիմնադիրներ Նվարդ Մելքոնյանի, Տաթեւիկ Սիմոնյանի, Մարիաննա Մուսոյանի եւ ընկերության PR տնօրեն Մարիամ Սաֆարյանի հետ։

- SPRING PR-ը հայտնի է իր բազմաբնույթ արշավներով ու համարձակ գաղափարներով: Եվ, ահա, Ձեր գաղափարներից մեկն արժանացել է ոլորտի բարձրագույն գնահատականին։ Ինչո՞վ է առանձնահատուկ «Համերի ճանապարհ» արշավը։

Տաթեւիկ Սիմոնյան. Առաջին անգամ չէ, որ SPRING PR-ի արշավները ներկայացնում ենք միջազգային մրցույթներում։ Ունեցել ենք հաղթանակներ, մեր նախագծերից շատերը նաեւ տարբեր մրցույթներում հեղինակավոր բազմաթիվ կազմակերպությունների հետ միասին եղել են եզրափակիչներում, ինչը ոչ պակաս կարեւոր ձեռքբերում է։

Օրինակ՝ PROFAL ընկերության «ProfEye Challenge. պահպանելով պատմական Երեւանը» արշավը Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի WCFA Davos Communications Awards-2021 եւ PR-ի միջազգային ասոցիացիայի IPRA Golden World Awards-2020 եզրափակչում էր։

2018-ին «Երեմյան Փրոջեքթս»-ի Գինեսի ռեկորդակիր «Ամենաերկար գաթա» միջոցառումը Eventiada IPRA Golden World Awards ժյուրիի հատուկ մրցանակի արժանացավ։

SPRING PR-ի Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության «Լինե՛նք հոգատար Հայաստան. Ջրի համաշխարհային օր» արշավը «Ապագայի հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017» միջազգային մրցանակաբաշխության «Ապագայի Պրո Բոնո» անվանակարգում հաղթող է ճանաչվել բացառիկ արդյունքներ գրանցելու համար:



Բայց «Համերի ճանապարհ» արշավն, իհարկե, մեզ համար առանձնահատուկ է ու խորհրդանշական։ Նախեւառաջ նրանով, որ այն հաղթել է PR ոլորտում ամենահեղինակավոր ու նշանավոր մրցանակաբաշխությունում․ Միջազգային PR ասոցիացիայի IPRA Golden World Awards-ը համարվում է PR ոլորտի «Օսկար»։ Եվ երկրորդն ու ամենակարեւորը՝ «Համերի ճանապարհ»-ն ամբողջությամբ Հայաստանի, հայկական մշակույթի, խոհարարության եւ հյուրընկալության ավանդույթների մասին է։

Պատասխանատվությունը կրկնակի մեծ է, քանի որ մենք աշխարհին ներկայացնում ենք Հայաստանը։ Այս արշավի շրջանակում շատ երկար ենք մտածել, որպեսզի ճիշտ ու թիրախային կոմունիկացնենք այն արժեքավորը, ինչը շատ հաճախ մնում է լուսանցքում, բայց, ինչն անպայման պետք է իմանան մեր երկրի մասին։ Շատ կարեւոր էր միջազգային հանրությանը Հայաստանը ներկայացնել հենց այս արշավով` մեր երկիրը դիրքավորեով որպես զբոսաշրջային ցանկալի ու պահանջված ուղղություն: Մեծ պատիվ է նաեւ, որ Հայաստանն առաջին անգամ հենց նման արշավով հաղթող ճանաչվեց:

- «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ ձեր համագործակցության ընթացքում բազմիցս ականատես ենք եղել գեղեցիկ եւ տարբերվող միջոցառումների ու նախագծերի, որոնք մեծամասամբ վերաբերել են Հայաստանին, հայկական խոհանոցին ու մշակույթին։ «Համերի ճանապարհ»-ը՝ որպես հաղորդակցային արշավ ինչո՞վ է գրավել միջազգային հանրությանը։

Մարիաննա Մուսոյան. Հաջողության հասնելու գործում մեծ նշանակություն ունի, երբ գործընկերդ նաեւ համախոհ է եւ վստահում է քեզ, քո պրոֆեսիոնալիզմին։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը միշտ կարեւորել է ռազմավարական հաղորդակցություններն ու մեր երկար տարիների համագործակցության ընթացքում աջակցել ամենահամարձակ գաղափարների իրականացմանը։ Սա մեզ համար ոգեւորող, մոտիվացնող ու նաեւ պարտավորեցնող է։ Այո´, մեր նախագծերն արդյունավետ էին, հաջողված ու նաեւ սիրված հանրության կողմից՝ շնորհիվ թիմային ու նվիրված աշխատանքի։ Մենք հաջողել ենք համախմբվածության, նույն նպատակներն ունենալու, դրանց հավատալու եւ մեր պատկերացրած արդյունքի հետքերով միասին գնալու շնորհիվ։



Նվարդ Մելքոնյան. Մասնագետի համար չափազանց կարեւոր է, երբ աշխարհում քո ոլորտի ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալները գնահատում եւ ընդունում են աշխատանքդ՝ որպես միջազգային չափանիշներին համապատասխանող, կոնցեպտուալ, պատշաճ իրականացված եւ մրցունակ նախագիծ։ Սա, իսկապես, մեծ ձեռքբերում է մեր ամբողջ թիմի, ու, կարծում եմ, նաեւ մեր երկրի PR ոլորտի համար:

IPRA GWA ժյուրիի կազմում ներգրավված՝ աշխարհի տարբեր երկրների պրոֆեսիոնալները քննարկել ու բարձր են գնահատել այս արշավը հենց նրա համար, որ այն ուներ հստակ կոնցեպտ, համապատասխանում էր PR ռազմավարական արշավի բոլոր չափանիշներին։ Այն ուներ հստակ սահմանված նպատակ, խնդիրներ, հաղորդագրություններ, թիրախային լսարաններ եւ արշավի իրականացման նորարար մեթոդներ։ «Համերի ճանապարհ»-ը բազմաժանր հաղորդակցային արշավ էր. օգտագործել ենք թե՛ դասական եւ թե՛ ժամանակակից PR-գործիքներ, ներգրավված են եղել բոլոր հարթակները՝ թվային, տպագիր եւ օնլայն մեդիաներ, հեռուստատեսություն, լուսաբանումներ տեղական ու միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում։ Չեմ կարող չնշել, որ այս հաղթանակի մի մասը նաեւ մեր գործընկեր տեղական ու միջազգային լրատմիջոցներինն է, որոնք մշտապես մասնակցել են մեր արշավներին, կիսել նույն զգացողությունները, մեզ հետ անցել «համերի ճանապարհով», եւ լուսաբանել Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր նախագիծ։



«Համերի ճանապարհ» արշավն ամբողջությամբ լուսաբանվել է այնպիսի միջազգային մեդիաներում, ինչպիսիք են՝ National Geographic, Business Traveler, Elle, Esquire, L'Օfficiel, Café Babel Brussels, Komsomolskaya Pravda, Izvestia, Arguments and Facts, Restorator, Rosiyskaya gazeta, theVillage.ru, Buro, SRSLY by Gasprom media, Nezavisimaya Gazeta, Afisha Daily, Gastronom, Utair, Aeroflot, S7, Sapsan, Solt, Timeout, B.FM Radio, OTV Lebanon.

Մարիամ Սաֆարյան. «Համերի ճանապարհ» արշավով մենք մի քանի կարեւոր PR հիմնախնդիր էինք սահմանել. հանրահռչակել հայկական խոհանոցը, ճանաչելի դարձնել հայկական խոհարարական ավանդույթները եւ հյուրընկալության սկզբունքներն ամբողջ աշխարհում, խթանել Հայաստանում գաստրոզբոսաշրջության ներուժի զարգացումն ու բարձրացնել զբոսաշրջիկների ու տեղի բնակիչների շրջանում ազգային խոհանոցի հեղինակությունը, Հայաստանը դիրքավորել որպես գաստրոհաբ։

Արշավը մի քանի փուլերից էր բաղկացած. մեկնարկեցինք «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմով, որի հիմքում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի եւ բրենդ-շեֆ Զորիկ Իսպիրյանի՝ Հայաստանի գյուղերով ու քաղաքներով, Արցախի տարբեր բնակավայրերով ճանապարհորդությունն է։

Ֆիլմի նկարահանման ընթացքն ինքնին հետաքրքիր ճամփորդություն էր, ուրախ եւ զավեշտալի պատմություններն ու հետաքրքիր դրվագներն այնքան շատ են, որ կարելի է նույնիսկ առանձին ֆիլմ նկարահանել։

IPRA GWA-ի Ժյուրին մեծապես ուշադրություն է դարձնում արշավների յուրահատկությանը, թե որքանով են դրանք հետաքրքիր ու չկրկնվող, որովհետեւ կրեատիվ մասը շատ լուրջ կոմպոնենտ է։



Այս առումով «Համերի ճանապարհ»-ն ինքնատիպ էր. «Համերի ճանապարհ» ֆիլմից, միջազգային մեդիա տուրերից բացի ներառում էր ֆանտաստիկ ու բացառիկ GASTRO COUTURE նախագիծը` հայկական արքունական խնջույքի կոնցեպտով, հայկական խոհանոցի ու հյուրընկալության ավանդույթների կոնցեպտուալ հիմքով Harmony Yerevan-ի հետ համատեղ իրականացված նորաձեւության բացառիկ ցուցադրությունը։

Միջազգային PR ասոցիացիան այս դաշտում գիտելիքի ու փորձի պրոֆեսիոնալ կրողն է, որի սահմանած չափանիշներով գործում են աշխարհի յուրաքանչյուր կետում գտնվող PR մասնագետները: Եվ, որպես հաղորդակցությունների ոլորտի ընկերություն, SPRING PR-ը մշտապես կիսել է այդ արժեքները, առաջնորդվել հենց այդ հիմնարար` գրագետ եւ էթիկական հաղորդակցություններ վարելու սկզբունքներով։

Դիտում՝ 18973
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai