Սպառիչ պատասխան չի տրվում թուրքական հումքի եւ ապրանքների մասին հարցերին

13.04.2021 | 22:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ս.թ. մարտի 24-ին Banks.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ուղղված գրավոր հարցմամբ փորձել էր ստանալ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքին հետեւած գործընթացների եւ խնդիրների վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ:


Մասնավորապես, ցանկանում էինք ստանալ տեղեկատվություն այս ընթացքում ներմուծողներին աջակցելու ուղղությամբ կատարված քայլերի եւ այն խնդիրների վերաբերյալ, որոնց բախվում են գործարարները (լոգիստիկային եւ նոր գործընկերներ փնտրելուն առնչվող բարդություններ):

Հարցերում շեշտադրել էինք նաեւ այն հանգամանքը, որ փաստացի, թուրքական ապրանքները դուրս չեն մղվել հայկական շուկայից եւ շարունակելով ներմուծվել Ռուսաստանից՝ մնում են բարդ մրցակից հայ արտադրողների համար: Բացի այդ, փորձել էինք պարզել՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում թուրքական հումքի ներմուծման արգելք եւս լինի, եւ արդյոք կառավարությունը դիտարկու՞մ է որոշ ոլորտներում տեղական հումքի արտադրության կազմակերպման հնարավորությունները:



Մեր կողմից շարադրված հարցերին ի պատասխան՝ ապրիլի 12-ին նախարարությունից ստացել ենք կցկտուր տեղեկատվություն, որի բովանդակային հատվածները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ընդհանուր առմամբ, Թուրքիայից ներմուծվող ապրանքների հիմնական մասն ունեն համադրելի որակներով փոխարկելիություն, սակայն փոխարկելիության անցումը կպահանջի որոշակի ժամանակահատված, որպեսզի տնտեսվարողները կարողանան գտնել այլընտրանքային շուկաներից որակապես նույնատիպ ապրանքներ։

Իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ 2019 թվականին ՀՀ ներմուծված թուրքական ծագում ունեցող 209.0 մլն ԱՄՆ դոլարի վերջնական սպառման արտադրանքի մոտ 30%-ը կազմել է առավելագույն մաքսային արժեք ունեցող թվով 20 ապրանքատեսակները, ուստի դիտարկվել է տվյալ ապրանքների այլընտրանքային շուկաներից ներմուծման հնարավորությունները, ինչպես նաեւ որոշ ապրանքների մասով տեղական արտադրություն հիմնելու  նպատակահարմարության հարցը:



Վերոնշյալ 20 ապրանքների ցանկում տեղ են գտել ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական նշանակության ապրանքներ: Գյուղատնտեսական ապրանքատեսակներն են` նարինջ, մանդարին, կիտրոն, նուռ, տանձ, խաղող եւ լոլիկ: Ելնելով բնակլիմայական պայմաններից՝ Հայաստանում հնարավոր չէ կազմակերպել ցիտրուսային մրգերի արտադրություն, ուստի անհրաժեշտ է դիտարկել նշված ապրանքների ներմուծումը այլընտրանքային շուկաներից, մասնավորապես.

- նարնջի եւ մանդարինի մասով` ԻԻՀ,  Վրաստան, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, ՌԴ,

- կիտրոնի մասով` Վրաստան, Եգիպտոս, Հունաստան, ԱՄԷ, Հարավային Աֆրիկա, Արգենտինա, ՌԴ:

- նռան մասով` ԻԻՀ, Վրաստան, Պերու, Կոլումբիա, ՌԴ,

- տանձի մասով` ԻԻՀ, Հարավային Աֆրիկա, Բելգիա, Նիդերլանդներ, Չինաստան, ՌԴ,

- խաղողի մասով` ԻԻՀ,

- լոլիկի մասով`  ԻԻՀ:

Նշված ապրանքատեսակների ներմուծումը կրում է սեզոնային բնույթ եւ այս ուղղությամբ ներկայումս մշակվում են համապատասխան ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում ջերմոցային եւ սառնարանային տնտեսության զարգացմանը:



Վերոնշյալ ցանկում մեծ տեսակարար կշիռ է կազմում նաեւ Հայաստան թուրքական ծագման տեքստիլե արտադրանքի ներմուծումը: Նշված ապրանքների փոխարինելությունը կարելի է ապահովել այլընտրանքային հետեւյալ հիմնական շուկաներից` Չինաստան, ԱՄԷ, ԵՄ երկրներ, Միացյալ Նահանգներ, ԻԻՀ, Վիետնամ, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Հնդկաստան, ՌԴ, Պերու, Թունիս: Սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանում տեքստիլ արտադրության ոլորտում առկա է արտադրական մեծ ներուժ, դիտարկվում է նաեւ տեղական արտադրության ընդլայնման հնարավորությունները, միաժամանակ, աշխատանքներ է տարվում հայտնի բրենդների հետ` իրենց արտադրությունը Հայաստանում հիմնելու ուղղությամբ:

Լվացող եւ մաքրող միջոցների այլընտրանքային շուկաներն են` ՌԴ, ԻԻՀ, ԵՄ երկրներ, Սերբիա, Ուկրաինա: Հարկ է նշել, որ այս ապրանքատեսակները հիմնականում ներկրվում են այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի արտոնյալ առեւտրային ռեժիմի կիրառման հնարավորություն:

Էլեկտրական սարքավորումների, էլեկտրոեռակցման էլեկտրոդների եւ տրանսպորտային միջոցների այլընտրանքային հիմնական շուկաներն են` ՌԴ, ԵՄ երկրներ, Չինաստան, Կորեա, Թաիլանդ, ԻԻՀ, Ուկրաինա, Մեքսիկա:

Խողովակների, փողակների մասով ներմուծման այլընտրանքային շուկաներն են Չինաստան, ԻԻՀ, ՌԴ, Թուրքմենստան, ԵՄ երկրներ, Միացյալ Նահանգներ եւ Շվեյցարիա: Վերոնշյալ ապրանքատեսակների ուղղությամբ հնարավոր է դիտարկել նաեւ օտարերկրյա ներդրումների միջոցով Հայաստանում արտադրություն հիմնելու նպատակահարմարության հարցը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում է տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակներում 20-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել առանձին տնտեսվարողների կողմից՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքով պայմանավորված՝ նոր արտադրությունների կազմակերպմանը, այդ թվում՝ արտադրական ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինմանը, ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը եւ արտահանման ծավալների աճին նպաստելու համար։ Սույն միջոցառման շրջանակներում նախատեսված օժանդակության նպատակը տնտեսվարողների համար մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումն է, մասնավորապես՝ արտադրության կազմակերպման գործընթացում պետության մասնակցության միջոցով՝ երկրում հորիզոնական եւ ուղղահայաց արժեշղթաների զարգացման համար գործարար հնարավորությունների եւ կարողությունների, ինչպես նաեւ տարածքային տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնումը»,- նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գրավոր պատասխանում:

Գայանե Ենոքյան

Դիտում՝ 2122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai