Բանկային ոլորտում հաջողելու նուրբ արվեստը

07.03.2021 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ինեկոբանկ #Ինեկոթիմ

«Կանայք ֆինանսական ծառայություններում 2020» միջազգային զեկույցի համաձայն՝ աշխարհում արձանագրվել է դրական միտում ոլորտում ղեկավար դիրքերում կանանց ներգրավվածության առումով: Թեպետ Հայաստանը ընդգրկված չէ ուսումնասիրությունում, մեզանում եւս կանայք ակտիվորեն մասնակցում են ֆինանսաբանկային ոլորտի զարգացման գործում: Մարտի 8-ին ընդառաջ՝ Ինեկոբանկի ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց ուղղել ենք 5 հարց՝ բացահայտելու բիրտ օրենքներով գործող ոլորտում հաջողելու նուրբ արվեստի գաղտնիքները.


- Ե՞րբ եւ ի՞նչպես եք սկսել ձեր մասնագիտական ուղին։ Որն է ձեր առավելությունը որպես Ինեկոթիմի անդամ։

- Ի՞նչպես եք հաղթահարում 21-րդ դարի ամենակարեւոր  մարտահրավերներից մեկը՝ աշխատանք-անձնական կյանք (work-life) հավասարակշռության պահպանումը:

- Հիմնվելով Ինեկոբանկում ձեր փորձի վրա՝ ինչպիսի՞ն պետք է լինի հաջողակ ղեկավար կինը:

- Որո՞նք են մասնագիտական հարթակում մրցակցային լինելու հիմնական մարտահրավերները:

- Ի՞նչ կմաղթեք բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին Կանանց միջազգային օրվան ընդառաջ:

Մարա Աբրահամյանը


Աբրահամյան  Մարա, Կենտրոնական մասնաճյուղի ղեկավար, 39տ., ամուսնացած է, ունի 2 երեխա   

- Մասնագիտական առաջին քայլերս արել եմ հենց Ինեկոբանկում 2003 թվականին՝ որպես հաճախորդների սպասարկման մասնագետ։ Բուհ-ն ավարտելուց հետո CV-ն անմիջապես ուղարկեցի մի քանի բանկեր, որոնք առաջնային հետաքրքրություն էին ներկայացնում ինձ համար, եւ առաջարկ ստացա դրանցից մի քանիսից։ Սակայն վերջնական ընտրությունս կանգնեց Ինեկոբանկի վրա, քանի որ բանկի կողմից կազմակերպված հարցազրույցը, որը բաղկացած էր 4 փուլից, ամենատպավորիչն էր։ Փուլերն իրենց մեջ ներառում էին թե խմբային քննարկումներ, թե տրամաբանական խնդիրներ, թե ինտելեկտուալ խաղեր։ Դրա շնորհիվ Ինեկոն ինձ համար դարձավ միանշանակ ամենաառաջատար, կրեատիվ եւ հեռանկարային բանկը։

Քանի որ բանկային համակարգում իմ առաջին քայլերը սկսվել են հենց Ինեկոբանկից ու շարունակվում են մինչ օրս, իմ հաղորդասեր բնավորության շնորհիվ կարողանում եմ արագ լուծել առաջացած խնդիրները որպես Ինեկոթիմի լիիրավ անդամ (ինչպես ընդունված է ասել մեր երկրում՝ մեկ զանգով, ծիծաղում է-խմբ․

- Հետաքրքիր է, բայց մասնագիտական կյանքում մեծ հաջողությունների հիմքում ընկած է հենց ընտանիքը, հարազատների աննախադեպ աջակցությունը եւ պարզապես անձնական երջանկությունը։ Այն նաեւ ունի բումերանգի էֆեկտ, եւ իր դրական ազդեցությունն է ունենում ընտանիքում ջերմ մթնոլորտի պահպանման հարցում։ Հետեւաբար, կարելի է ասել, որ եթե դու ընդունակ ես պահել աշխատանք-անձնական կյանք ներդաշնակությունը, դու արդեն հաղթողի դերում ես։

- Հաջողակ ղեկավար կինը պետք է լինի նպատակասլաց, չվախենա դժվարություններից, իր աշխատակիցների նկատմամբ ցուցաբերի կառուցողական մոտեցում, ունենա պատասխանատվության մեծ զգացում, եւ, իհարկե, միշտ ժպտա (ինձ նման, ծիծաղում է-խմբ․

- Ժամանակակից աշխարհը շատ դինամիկ է եւ զարգանում է աննկարագրելի արագ տեմպերով։ Ուստի պետք է կարողանաս այդ տեմպին համահունչ «շարժվել»` չմոռանալով ապահովել սեփական մասնագիտական ինքնազարգացումը։ Խորհուրդ կտամ երիտասարդ մասնագետներին ուշադրություն դարձնել հատկապես օտար լեզուների իմացությանը եւ ոլորտին վերաբերող միջազգային եւ տեղական կրթական ծրագրերին։

- Իգական սեռի ներկայացուցիչներին մաղթում եմ գտնել իրենց ուրույն դերն այս կյանքում, չհանձնվել եւ չհիասթափվել խոչընդոտներից, որովհետեւ դրանց հաղթահարումն է կերտում զարգացման իրենց ուղին։ Եվ պարզապես երջանիկ լինեն թե ընտանիքում, թե աշխատանքի մեջ։

Աննա Ալիխանյանը


Ալիխանյան Աննա,
Ֆինանսական ծառայության ղեկավար, 35տ., ամուսնացած է, ունի 2 երեխա

- Մասնագիտական ուղիս սկսել եմ 2008թ.-ին խորհրդատվական ընկերությունում, որտեղ ութ տարի աշխատելուց հետո տեղափոխվել եմ Ինեկոբանկ։ Բանկն ամբողջությամբ նոր աշխարհ էր ինձ համար, բայց, շնորհիվ ղեկավարիս պրոֆեսիոնալիզմի ու համբերատարության, ինձ հաջողվեց կարճ ժամանակում յուրացնել խաղի կանոնները։ Կարծում եմ՝ գլխավոր առավելությունս, որպես Ինեկոթիմի անդամ, դինամիկ զարգացող թիմի եւ ընկերության մաս կազմելն է։

- Պարբերաբար վերանայում եմ առաջնահերթություններս՝ փորձելով գտնել տվյալ պահին ամենաարդյունավետ մոտեցումը: Կյանքում մշտապես փոխզիջումների (trade-offs) գնալու անհրաժեշտություն է առաջանում: Պետք է կարողանաս պահպանել քեզ համար ամենաարժեքավորը:

- Կնոջ համար առավել կարեւոր է աշխատավայր մտնելիս կարողանալ մի կողմ թողնել անձնական եւ կենցաղային բոլոր խնդիրները, վեր կանգնել գենդերային տարբերություններից եւ առաջնորդվել միայն պրոֆեսիոնալիզմով՝ միաժամանակ մշտապես ականջալուր լինելով ներքին ձայնին:

- Մրցակցային մարտահրավերներին արձագանքելու իմ մարտավարությունը  անընդհատ նորը սովորելու եւ կատարելագործվելու պատրաստակամությունն է, կառուցողական քննադատության առջեւ բաց լինելը:

- Բոլոր կանանց եւ աղջիկներին մաղթում եմ իրենց առողջությունը վեր դասել ամեն ինչից եւ հաճախ ժպտալ:

Աննա Դավթյանը


Դավթյան Աննա, Անձնակազմի զարգացման նախագծերի բաժնի ղեկավար, 35տ., ամուսնացած է, ունի 1 երեխա    

    - Մանկուց իմ բոլոր բացահայտումներն ու հետաքրքրությունները եղել են մաթեմատիկների եւ տնտեսագետների միջավայրում, ինչն էլ մեծ ազդեցություն է ունեցել կրթությանս եւ մասնագիտությանս ընտրության հարցում։ Արդեն իսկ կողմնորոշված լինելով՝ աշխատանքային ուղիս սկսել եմ 2009 թվականից որպես Ինեկոթիմի անդամ։

2014 թվականին մեծ խանդավառությամբ ու հետաքրքրությամբ բացել եմ կարիերայի նոր էջ եւ սկսել եմ առաջին քայլերս որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։ Թվերի, աքսիոմների, մոդելների եւ օրենքների աշխարհից անցումը մարդկային աշխարհ համարում եմ բավականին համարձակ։

Որպես Ինեկոթիմի անդամ ես միշտ ազատ եմ գեներացնելու եւ կյանքի կոչելու նորարար եւ հետաքրքիր գաղափարներ եւ հպարտ եմ, որ բանկի առաքելության եւ արժեքների մի մասնիկն եմ։  

- Սեփական փորձով եկել եմ մի ալգորիթմի՝ անհնարին ոչինչ չկա։ Մենք չենք կարող ամբողջությամբ վերահսկել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, բայց կինը ցանկացած տարիքում կարող է ունենալ այն, ինչ ուզում է, երբ իր կյանքում կան մարդիկ, ովքեր իրեն հավատում են, իր հետ երազում են եւ պարզապես իր կողքին։

- Ինձ համար, անկախ սեռից, հաջողակ ղեկավարի բանաձեւը միակն է․ «Եթե ղեկավարի գործողությունները թիմի անդամներին ոգեշնչում են ավելի շատ երազել, սովորել, անել եւ դառնալ ավելին, ապա ղեկավարը հաջողակ է»։

- ՄՌ ոլորտում մրցակցային լինելու միակ ուղին տեսնում եմ «Կապույտ օվկիանոսի ռազմավարության» համաձայն արժեքային նորարարությունը, այսինքն՝ ՄՌ մասնագետի՝ որպես կազմակերպության ռազմավարական բիզնես գործընկերոջ ընկալման ձեւավորումը եւ զարգացումը։

- Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Եղեք ներդաշնակ, լույսով և ջերմությամբ ողողված եւ պարզապես երջանիկ:

Լիլիթ Մարտիրոսյանը


Մարտիրոսյան  Լիլիթ, Կորպորատիվ բիզնեսի խթանման ծառայության ղեկավար, 37 տարեկան, ամուսնացած է, ունի 2 երեխա

 - Իմ մասնագիտական ուղին սկսել եմ հենց Ինեկոբանկում: Սկզբից ընդունվել եմ որպես պրակտիկանտ, իսկ 3 ամիս անց արդեն հիմնական աշխատող էի առեւտրային վարկերի բաժնում եւ դիտարկում էի փոքր բիզնես վարկեր, ինչը բավականին բարդ, բայց միեւնույն ժամանակ անչափ հետաքրքիր աշխատանք էր: Իմ մասնագիտական ուղին սկսելով հենց առեւտրային վարկավորումից՝ հավատարիմ մնացի հենց այդ ոլորտին եւ կարիերայի աճ ունեցա հենց այդ՝ բանկի կորպորատիվ բիզնեսի ուղղությամբ: Մասնագետի բոլոր փուլերով անցնելուց հետո եղել եմ բաժնի ղեկավար, այնուհետեւ ծառայության ղեկավարի տեղակալ, իսկ այժմ հանդիսանում եմ Կորպորատիվ բիզնեսի խթանման ծառայության ղեկավարը:  

Ինքնին Ինեկոթիմի անդամ լինելն արդեն իսկ առավելություն է: Իսկ իմ առավելությունը, կարծում եմ, մարդկանց համախմբելն է Ինեկոթիմի գաղափարների շուրջ: Ես միշտ փորձում եմ Ինեկոբանկի ներքին մշակույթը փոխանցել մեր նոր աշխատակիցներին, քանի որ Ինեկոթիմի ներսում կան շատ կարեւոր արժեքներ:

- Պետք է նշեմ, որ հայ իրականության մեջ, հատկապես կանանց համար, չափազանց բարդ է համատեղել աշխատանքն ու անձնական կյանքը: Դժվարությունները հաղթահարելի են, երբ իրապես գնահատված ես, իսկ Ինեկոբանկի պես գործատուի շնորհիվ ունեմ եւ կարիերայի առաջխաղացում, եւ հիանալի ընտանիք:

- Կարծում եմ, որ հաջողակ կին ղեկավարը պետք է լինի նպատակասլաց, համբերատար, չփորձի խուսափել իր առջեւ դրված խնդիրներից եւ գտնի դրանց լուծումները, որքան էլ որ դրանք բարդ լինեն (չէ՞ որ կանայք առօրյա, կենցաղային կյանքում շատ ավելի բարդ խնդիրներ են կարողանում լուծել, ծիծաղում է-խմբ․): Այդ ամենի հետ մեկտեղ կին ղեկավարը չպետք է կորցնի իր կանացի հմայքը:

- Մասնագիտական հմտություններից եւ անընդհատ կատարելագործվելուց բացի պետք է լինել համարձակ, չվախենալ ոչ մի մարտահրավերից:

- Կինը հաստատուն կանգնած է երեք փղերի վրա. դրանք են իր սիրելին, իր զավակները, իր հողը, ուստի իսկական կնոջ համար ամենաթանկը խաղաղությունն է, որովհետեւ պատերազմն է, որ կարող է խլել առաջինին, զրկել երկրորդից եւ սպառնալ երրորդին: Կնոջ երջանկությունը սիրո հավերժ մթնոլորտն է, պարբերական հիշեցումը, որ նա ամենասիրվածն է, ամենագեղեցիկը, ամենահմայիչը եւ ամենախելացին: Սակայն մեր օրերում կնոջ կատարյալ երջանկությունը պայմանավորված է նաեւ նրա գործնական հաջողություններով, իր ներուժի կիրառմամբ: Ուստի մաղթում եմ խաղաղություն, սեր եւ գործնական հաջողություններ:

Թիմային աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմը Ինեկոբանկի 25-ամյա գործունեության հիմնաքարային արժեքներից են: Բանկում հավաստիացած են, որ հաջողում է աշխատասեր ու ազնիվ մասնագետը՝ անկախ սեռից, եւ մաղթում են սիրելի կանանց լինել գնահատված բոլոր ոլորտներում:

Դիտում՝ 14452
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai