Վահե Շարաֆյան. Արտադրողն ու ներմուծողը պետք է հավասար պայմաններ ունենան

31.08.2020 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Հայաստանում առաջին արեւային վահանակներ արտադրող «Սոլարոն» ընկերության համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է հայկական շուկայում տեղական արտադրողների համար առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծման տարբերակների մասին:

- Որո՞նք են Հայաստանում արտադրական գործունեություն ծավալելու հետ կապված հիմնական խոչընդոտները:

- Հայաստանում ընդհանրապես ոչ ճիշտ վերաբերմունք կա արտադրող ընկերությունների հանդեպ: Առաջին հերթին, շատերը չեն հավատում, որ այստեղ կարող է որակյալ արտադրանք լինել, միշտ այն միտքը կա, որ դրսում արտադրվածն ավելի լավն է: Սա նրա արդյունքն է, որ երկար տարիներ արտադրական գործունեությունը Հայաստանում պասիվ է եղել:

Արտադրող հիմնարկների համար ստեղծված պայմաններն այդքան էլ բարենպաստ չեն: Հիմնական խոչընդոտներից մեկը տրանսպորտային կապն է: Հայաստանը շատ է անջատված զարգացած պետություններից, ինչպիսիք Չինաստանն ու Հնդկաստանն են, որտեղից մեզ նման ընկերությունները հումք եւ սարքավորումներ են ներմուծում:

Օրինակ՝ մեզ համար Չինաստանից Հայաստան արեւային բջիջների ներմուծումն այսպիսի ճանապարհ է անցնում. դրանք Չինաստանից գալիս են Ստամբուլ, այնտեղից ինքնաթիռով հասնում են Թբիլիսիի օդանավակայան, այնտեղից էլ՝ Հայաստան:

- Իսկ մաքսային սակագները եւ օրենսդրությունն արդյոք բարենպա՞ստ են արեւային վահանակների արտադրությամբ զբաղվող տեղական ընկերության համար:

- 2017 թվականին, երբ նոր էինք պատրաստվում հիմնել Հայաստանում արեւային վահանակների արտադրության գործարան, ուսումնասիրելով օրենսդրությունը՝ պարզեցինք, որ արտերկրից ներմուծվող արտադրական բոլոր սարքավորումներն ու արտադրության համար նախատեսված նյութերի մեծ մասը հարկվում են մաքսատուրքերով, սակայն պատրաստի արեւային վահանակները՝ ՀՀ ներմուծվելիս ենթակա չեն որեւէ հարկի: Սա ոլորտում գտնվող ընկերությունների համար մրցակցային անբարենպաստ միջավայր է ստեղծում:

Ստացվում է, որ տեղական արտադրողը պաշտպանված չէ օրենսդրությամբ եւ հնարավորություն չունի հավասար պայմաններում մրցակցելու ներկրող ընկերությունների հետ, ինչից ելնելով էլ մեր ապրանքները 20%-ով ավելի թանկ են ներմուծվածներից:

Այսպիսի տպավորություն կա Հայաստանում, որ եթե դու արտադրող ես, քեզ մոտ ապրանքի արժեքը զրոյից է կազմվում, կարող ես որքան ուզում ես էժան վաճառել, բայց իրականում այդպես չէ, մեր ավելացված արժեքն այդքան մեծ չէ:

Մեզ համար դժվար է հասկանալ՝ ինչո՞ւ պետք է պատրաստի վահանակը ներմուծվի Հայաստան առանց որեւէ մաքսատուրքի կամ ԱԱՀ-ի, իսկ մեր հումքը, սարքավորումները ներմուծելիս՝ ամեն անգամ ստիպված լինենք դիմել կառավարությանը:

- Հայտնի է, որ «Սոլարոն» ընկերությունը դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ սարքավորումների եւ հումքի ներմուծման համար արտոնություններ ստանալու նպատակով: Ի՞նչ պատասխան ստացաք նախարարությունից:

- Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ընկերությունը ստիպված է լինում սարքավորումների եւ հումքի ներմուծման համար արտոնություններ ստանալու նպատակով պարբերաբար դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Սակայն, ինչպես պարզվեց, արտոնություններ ստանալու համար ընթացակարգային ժամանակատար աշխատանք է պահանջվում: Անհրաժեշտ է նախ ներկայացնել ներմուծվող ապրանքների ու մատակարարի անունները, ներմուծվող նյութերի տեխնիկական բնութագրերը, դրանց քանակը, իրականացման ու գործարքի փակման ժամկետները:

Ստացվում է, որ նախարարությունը տրամադրում է արտոնություններ միայն հստակ գործարքի եւ ոչ արդյունաբերության կամ գործունեության տեսակի համար, եւ մենք անընդհատ ստիպված ենք լինելու ցանկ ներկայացնել:

Այսինքն՝ արտոնություններ ստանալու այս ընթացակարգը հարմար չէ այն ընկերություններին, որոնք ներմուծված հումքից արտադրանք են ստեղծում: Անգամ որոշակի արտոնություններ ստանալուց հետո շարունակում ենք մաքսատուրք վճարել ներմուծվող նյութերի զգալի մասի համար:

- Ըստ Ձեզ՝ խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ կարող է գտնել կառավարությունը:

- Կառավարությունն այս հարցը լուծելու տարբեր ձեւեր կարող է գտնել: Ամենաառաջին տարբերակներից մեկն այն է, ինչ անում են գրեթե բոլոր երկրները, որոնք ինչ-որ արտադրություն ունեն: Նրանք աշխատում են իրենց բոլոր պետական կամ նշանակալի նախագծերում հնարավորինս օգտագործել տեղական արտադրանքը: Այդպիսի օրենք Ռուսաստանում եւս գործում է:

Սա ճանապարհներից մեկն է, մյուսը՝ որ մեր արտադրանքը թույլատրեն վաճառել առանց ԱԱՀ-ի ու մաքսատուրքի, ինչպես ներմուծվող վահանակների դեպքում է:

- Ե՞րբ եք վերջին անգամ դիմել նախարարությանը՝ արտոնություն ստանալու համար եւ ակնկալիքներն ինչպիսի՞ն են:

- Վերջին անգամ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպել ենք մոտ մեկ շաբաթ առաջ: Մենք առաջարկեցինք մեր տարբերակները, թե ինչ կարելի է անել, պատասխանեցին, որ պետք է նաեւ քննարկեն ներմուծողների հետ, որպեսզի խնդրի լուծումն ընդունելի լինի բոլորի կողմից:

Մենք եւս կողմնակից չենք պատրաստի վահանակներ ներմուծողների գործունեությանը խոչընդոտելուն, այլ պարզապես ուզում ենք հավասար պայմաններում մրցակցել նրանց հետ:

Եթե խոչընդոտների հաղթահարման տարբերակներ գտնվեն, մենք կկարողանանք արտադրական գործունեություն ծավալել ամբողջ հզորությամբ: Մտադիր ենք սկսել նաեւ արեւային բջիջների արտադրություն, ինչն իր հերթին կբերի նոր ներդրումներ ու աշխատատեղեր:

Վահե Շարաֆյանի հետ զրուցել է Արփի Ջիլավյանը

Դիտում՝ 22884
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai