Լոռու ժամանցի գոտիները «քովիդի» պայմաններում. խնդիրներ ու նոր ծրագրեր

08.08.2020 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#զբոսաշրջիկ #բիզնես
Լոռու մարզի հանգստի եւ ժամանցի գոտիներն արդեն 1-2 ամիս է բացվել ու   այցելուներ գրեթե չեն ունենում։ COVID-19-ով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում կառավարությունը թեպետ թույլատրել է աշխատել, բայց փակ սահմանների պատճառով բիզնեսն էլ փակուղի է մտել։

Banks.am-ը փորձել է պարզել, թե ինչպես են գոյատեւում զբոսաշրջային բիզնեսները՝ առանց զբոսաշրջիկների։



Սահմանների բացմանը սպասելով

Հաղպատում գտնվող Կանչաքար վրանային գոտում առաջին հատուկենտ այցելուներին հունիսին են ընդունել։ Բոլորը տեղացիներ են եղել։ Քանի որ հայաստանցիներն առանձնապես քեմփինգի սիրահար չեն, հանգստի գոտում այցելուների աճի հետ կապված սպասելիքներ չունեն։

«Հայաստանի վրա շատ կենտրոնանալու իմաստ մեր դեպքում չեմ տեսնում, որովհետեւ էքստրեմալ տուրիզմն այնքան էլ շատ չի տարածված էստեղ, իսկ քեմփինգի կուլտուրան զարգացած չէ մեզանում։ Այս իրավիճակում որեւէ կանխատեսում չենք կարող անել, թե սահմանները երբ կբացվեն։ Իսկ դա ամենակարեւորն է մեզ համար, որովհետեւ մեր հաճախորդների 95 տոկոսը
դրսից են գալիս»,- ասում է Կանչաքար Քեմփզոն-ի տնօրեն Մարտուն Ազատյանը։

Մարտուն Ազատյանը


Հաճախորդների փոքր թվաքանակն է նաեւ պատճառը, որ հանգստի գոտու տարածքում այս տարի վրաններ նախօրոք չեն տեղադրել։ Արեւի եւ հատկապես անձրեւի տակ երկար մնալով՝ դրանք կարող են փչանալ, նշում է տնօրենն ու ավելացնում, որ ունեցած վրաններն այս տարի նորերով են փոխարինել. 5 րոպեում վրանը կարելի է բացել ու տեղադրել։  

«Կանչաքար»-ը մինչեւ հոկտեմբեր բաց է լինելու։ Զբոսաշրջիկներ, ճիշտ է, չկան, բայց արդեն հաջորդ տարվա հետ կապված անելիքներն են շատ։ Որոշել են գործունեության ձեւաչափը փոքր-ինչ փոխել ու վրաններից բացի նաեւ հյուրատուն ունենալ։



«Երբ տուրիզմով զբաղվում ես փոքր երկրում, ապա պետք է բոլոր ճյուղերում էլ ինչ-որ չափով ներգրավված լինես։ Եթե, օրինակ, վատ եղանակ է, ու հնարավոր չէ այցելուի բացօթյա հանգիստը կազմակերպել այն պատճառով, որ վրանից բացի այլ բան չունես, կարող ես հաճախորդ կորցնել։ Դրա համար մտադիր ենք տարածքում  տաղավարներն ավելացնել ու փոքրիկ կացարան կառուցել՝ գիշերակացի կամ պարզապես ոչ վրանային հանգիստը նախընտրողների համար։ Սա 2021-ի համար էինք նախատեսել, բայց շինարարությունը նաեւ համավարակի պատճառով դադարեցրինք։ Այս պայմաններում ցանկալի եկամուտներ, բնականաբար, չենք կարող  ունենալ, բոլորի նման մենք էլ պետք է սպասենք»,- ասում է Մարտուն Ազատյանը։



Համավարակի նահանջի դեպքում բիզնեսը ճգնաժամից փրկելու համար, ըստ Մարտուն Ազատյանի, ներքին տուրիզմն էլ չի օգնի. ճանապարհների պատճառով մարդիկ պարզապես հրաժարվում են Հաղպատ գալու մտքից։



Ներքին տուրիզմից ակնկալիք չունենալով

Հաղպատի Զարնի-Պարնի քարայր-ամրոցային համալիրի տնօրեն Արմինե Թադեւոսյանը պատմում է, որ իրենց զանգողների առաջին հարցը տեղանքի՝ բազմամարդ լինելու հետ է կապված, երկրորդը՝ ճանապարհների։ Համավարակից շատ, անբարկարգ ճանապարհի պատճառով են խուսափում Երեւանից Հաղպատ գալ։

«Նախորդ տարի նույնպես ճանապարհները շատ խանգարեցին զբոսաշրջային հոսքին։ Հուսով ենք, որ մինչեւ տարեվերջ եւ՛ համաճարակը կվերջանա, եւ՛ ճանապարհների հիմնանորոգումը կավարտեն։ Թեեւ ներքին տուրիզմից առանձնապես ակնկալիքներ չունենք։ Շատ քչերն են իրենց երկիրը ճանաչելու նպատակով ճամփորդում։ Բացի այդ, համավարակը նաեւ զբոսաշրջային գործակալությունների աշխատանքին է վնասել։ Անցած տարի գործակալություն կար, որ շաբաթը երկու անգամ այստեղ զբոսաշրջիկներ էր բերում, իսկ հիմա չեն կարողանում խմբեր հավաքել։ Մարդիկ խուսափում են մեկ մեքենայի մեջ գտնվել այլ մարդկանց հետ, խուսափում են երկար ճանապարհից, որովհետեւ Լոռի գալու դեպքում ստիպված են 3 ժամ դիմակով նստել միկրոավտոբուսի մեջ, ինչն ամռան շոգին հեշտ չէ»։

Արմինե Թադեւոսյանը


Զարնի-Պարնի համալիրը նախորդ տարի 5 ամիս է աշխատել։ Իսկ ձմռան ամիսներին նախապատրաստվել են զբոսաշրջային նոր սեզոնի բացմանը։ Ռեստորանային մասն են ընդլայնել, որպեսզի միաժամանակ ավելի շատ հյուրերի կարողանան սպասարկել։ Բայց հունիսին բացվելուց հետո ստիպված են եղել սեղանների մի մասը կրկին հանել, որպեսզի կարողանան պահպանել սոցիալական հեռավորության կանոնը։

«Սա աշխատանք համարել չի կարելի։ Զբոսաշրջիկներ չկան, տեղացիներն էլ թեեւ երկրից չեն կարող դուրս գալ, բայց ներսում ծախսելու համար էլ գումար չունեն։ Գալիս են ընտանիքով, բայց, օրինակ, չեն ճաշում։ Շրջում են ամրոցի տարածքում ու հեռանում»,-պատմում է Զարնի-Պարնի համալիրի տնօրենը։



Քիչ այցելուներ ունենալու պարագայում նույնպես ամեն օր առավոտից մինչեւ երեկո ողջ անձնակազմով աշխատանքի են գալիս։ Հաճախորդների քանակը կրճատվել է, ծախսերը՝ մի քանի անգամ ավելացել։ Բիզնեսի համար ճգնաժամային այս իրավիճակում աշխատավարձ վճարելուց բացի պարբերաբար ախտահանող նյութեր, դիմակներ ու ձեռնոցներ են գնում։

Նոր ծրագրերը 2021 տեղափոխելով

Ի տարբերություն Կանչաքարի եւ Զարնի-Պարնիի, որոնք որոշակի չափանիշներին չհամապատասխանելու պատճառով կառավարությունից աջակցություն չեն ստացել,
Ալավերդիում գտնվող ArmBee Honey Farm մեղվաբուծարանը, որտեղ նաեւ մեղվաբուժություն (ապիթերապիա) են իրականացնում, կառավարության 2 անգամ օժանդակություն է ստացել։ Բայց, ինչպես ասում է մեղվաբուծարանի տնօրեն Վիգեն Մնացականյանը, զբոսաշրջիկների բացակայությունն ու ֆինանսական կայուն հոսքեր չունենալու պատճառով վարկերը դժվարությամբ են մարում։

Վիգեն Մնացականյանը


«2020-ը հենց սկզբից շատ խոստումնալից էր թվում, որովհետեւ մեր գործունեության նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կար տուրիստների կողմից։ Մեծաքանակ ամրագրումներ ունեինք, որոնք հետզհետե հանվեցին՝ սահմանները փակվելու պատճառով։ Շատ հետաքրքիր ծրագրեր, մեղվաբուժության ու տուրիզմի հետ կապված նոր գաղափարներ կան, որոնք պատրաստվում ենք ներկայացնել դոնոր կազմակերպություններին։ Արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Այդ ամենը, սակայն, մտովի տեղափոխել ենք 2021 թվական։ Բայց կարեւոր է, որ ArmBee Honey Farm-ը բազմապրոֆիլ բիզնես է։ Տուրիզմից բացի, մենք զբաղվում ենք նաեւ մայր մեղուների սելեկցիայով, մեղրի, այլ մեղվամթերքների արտադրանքով եւ վաճառքով։ Եվ հենց դա կօգնի մեզ մնալ շուկայում, չփակվել ու դիմակայել փորձություններին»,- ասում է մեղվաբուծարանի տնօրենը։



ArmBee Honey Farm-ի գործունեության արդյունքում մեղվաբուծությունն ու ապիթերապիան հետաքրքիր եւ գրավիչ են դարձել նաեւ տեղացիների համար, ինչն էլ նոր բիզնես ստեղծելու հիմք է դարձել։ Վիգեն Մնացականյանը կնոջ՝ Սոնա Եփրեմյանի հետ, Ջինիշյան հիմնադրամի աջակցությամբ BeeYan անվամբ սոցիալական ձեռնարկատիրություն է հիմնել։ Այս ծրագրով 4 տարվա ընթացքում 19 մարդ մեղվաբուծություն է սովորելու։ Հիմնական շահառուները կանայք են։  

«Այս պահին ծրագիրը ընթացքի մեջ է։ Մենք հմտություններ ենք սովորեցնում   սկսնակ մեղվաբույծներին եւ տրամադրում մեղվաընտանիքներ՝ ժամանակի ընթացքում դրանք վերադարձնելու պայմանով։ Բայց, իհարկե, օգնում ենք, որպեսզի ավելացնեն  մեղվաընտանիքների քանակը, հիմնեն իրենց սեփական բիզնեսը։ Ստացվում է կոլեկտիվ մեղվաբուծություն, ինչի արդյունքում մենք աջակցում ենք  մեղրի վաճառքի, գնումների (մեղվաբուծական գույք), ցուցահանդեսներին մասնակցելու եւ այլ հարցերում։ Բացի այդ, նաեւ ոլորտի խնդիրներն ենք համատեղ քննարկում ու լուծումներ գտնում»,- նոր ծրագրից մանրամասներ է ներկայացնում Վիգեն Մնացականյանը: Սկսնակ մեղվաբույծների առաջին խմբի անդամներն արդեն ստացել են իրենց մեղվաընտանիքներն ու BeeYan ձեռնարկատիրության գործընկերներն են համարվում։

Տաթեւիկ Ճուղուրյան

Լուսանկարները՝ Էմմա Պետրոսյանի եւ Կանչաքարի, Զարնի-Պարնիի եւ ArmBee Honey Farm-ի ֆեյսբուքյան էջից
Դիտում՝ 10460
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai