«Դրամապատում». Հայկական դրամի ստեղծման պատմությունը մեկ ֆիլմում

24.07.2020 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Դրամապատում» #Վահե Սուքիասյան #Զարուհի Բարսեղյան
Ռեժիսոր Վահե Սուքիասյանի՝ Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը ներկայացնող «Դրամապատում» վավերագրական ֆիլմը հնարավորություն է բացահայտելու հայկական դրամի ստեղծման պատմության, դրամանիշերի ու դրամաշրջանառության փուլերը:

Ֆիլմում դրամաշրջանառության ողջ պատմությունը ներկայացնում են դրամագիտության ոլորտի հայտնի մասնագետներն ու պատմաբանները:

Banks.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասել է, որ նման ֆիլմ նկարելու գաղափար շատ վաղուց է ունեցել:

««Դրամապատում»-ը ցանկանում էի նկարել 2018-ին՝ հայկական դրամի ստեղծման 25-ամյակի առթիվ, սակայն չստացվեց, եւ այն ներկայացվեց 2019-ին»,- նշել է ռեժիսորը:

Ֆիլմի պատվիրատուն ՀՀ Կենտրոնական բանկն (ԿԲ) է: Ֆիլմի ստեղծման աշխատանքները համակարգել են ԿԲ այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը եւ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը:

Ռեժիսորը շեշտում է, որ նրանց՝ այսպիսի ֆիլմ նկարելու գաղափարն իրեն շատ է ոգեւորել:

«Նման ֆիլմերի պահանջ միշտ էլ կա: Դրանք շատ լուրջ ինֆորմացիա են կրում, լավ կլինի, որ հաճախ նկարահանվեն ու ցուցադրվեն՝ հատկապես դպրոցներում»,- հավելել է Վահե Սուքիասյանը:

Զարուհի Բարսեղյանն էլ նշել է, որ ԿԲ այցելուների կենտրոնը վաղուց նպատակ ուներ մեկ ֆիլմում ամփոփել Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը:

«Շատ քիչ ժողովուրդներ կան, որ կարող են հպարտանալ նրանով, որ ունեն այսպիսի հին դրամաշրջանառության պատմություն, որը սկսվում է մթ.ա. 3-րդ դարից: Ուզում էինք ֆիլմի տեսքով եւ մի քանի լեզուներով (ֆիլմն ունի հայերեն, անգլերեն եւ ռուսերեն տարբերակներ) բավականին շատ տեղեկություն փոխանցել թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում փողի առաջացման ու ստեղծման մասին: Ֆիլմում ներկայացվել են այդ զուգահեռները՝ Հայաստանում եւ աշխարհում դրամաշրջանառության պատմության մասին»,- ասել է Զարուհի Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ ռեժիսոր Վահե Սուքիասյանի, սցենարի հեղինակ, պատմաբան Արտակ Մովսիսյանի, վարող Արթուր Կարապետյանի, ողջ ստեղծագործական խմբի, պատմաբանների ու փորձագետների շնորհիվ շատ լավ արդյունք է ստացվել, որը ներկայացվել է լայն հասարակությանը:



Պատրաստեց Արփի Ջիլավյանը
Լուսանկարները՝ անձնական արխիվից
Դիտում՝ 8952
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai