Կորոնավիրուսային ճգնաժամի կառավարման արդյունավետությունը գնահատող 7 թեստերը

05.06.2020 | 18:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Մանուկ Հերգնյան #Ի-Վի Քոնսալթինգ
«Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի հոդվածը Banks.am-ի համար:

Կորոնավիրուսի համաճարակը յուրահատուկ փորձության է ենթարկում երկրների ոչ միայն առողջապահական, այլեւ կառավարման համակարգերը։ Այս մարտահրավերին կառավարչական արձագանքի որակը կարեւորագույն նշանակություն է ստանում, քանի որ այս բարդագույն խնդրի ընթացքը պայմանավորող այն գործոններից է, որ «մարդկային ձեռքերում է»։ Այս համատեքստում, երբ վտանգված են մարդկային կյանքեր, այդ գործոնից սպասումներն էականորեն ավելի բարձր են, քան այլ պայմաններում։  Հետեւաբար, օբյեկտիվ գնահատականի առկայությունը առաջին հերթին կարեւոր է կառավարման որակի եւ արդյունավետության բարձրացման համար։

Հայաստանում այս գնահատականները ծայրահեղ բեւեռացված են։ Մասնագիտական օբյեկտիվության տեսանկյունից՝  նման գնահատականների գերակշիռ մասի թերությունները պայմանավորված են 3 հիմնական պատճառներով։
 
1.    Միագործոն գնահատականներ

Բարդ համակարգերի աշխատանքը հասկանալու համար պարզեցումը մինչեւ միագործոն պատճառահետեւանքային կապեր ամենամեծ գայթակղություններից մեկն է։ Մեր դիտարկած երեւույթը եւս բացառություն չէ։

2.    Միայն արդյունքային ցուցանիշներով գնահատականներ

Կորոնավիրուսով պայմանավորված առանցքային արդյունքային ցուցանիշները հիմնական համաճարակաբանական ցուցանիշներն են` վարակակիրների քանակը, մահացության աստիճանը, բուժվածների քանակը, իսկ տնտեսական մասով՝ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Խնդիրն այն է, որ արդյունքների վրա ազդում են ոչ միայն կառավարչական որոշումները, այլեւ բազմաթիվ այլ գործոններ՝ սկսած համակարգերի մեկնարկային պայմաններից մինչեւ սոցիալ-հոգեբանական գործոններ։ Ընդհանրապես, այս խնդիրը բոլոր տեսակի կատարողականների գնահատման տիպային ծուղակներից է։ Ի լրումն արդյունքային ցուցանիշների՝ հավասարակշռված գնահատականները ներառում են նաեւ ներդրանքային ցուցանիշներ։ Վերջիններիս չափումը շատ ավելի բարդ է։

3.    Քաղաքականացված գնահատականներ

Քաղաքականացված գնահատականներն ըստ սահմանման առավել ենթակա են օբյեկտիվության խեղման, քանի որ փաստերը քաղաքական շահի եւ նպատակահարմարության տեսանկյունից զտելու շարժառիթները չափազանց ուժեղ են։

Հետեւաբար, անհրաժեշտություն կա մասնագիտական գնահատականների։ Ինչպե՞ս եւ ի՞նչ չափանիշներով պետք է արվեն նման գնահատականները։ Առաջարկում ենք 7 հիմնական թեստեր, որոնք համապատասխանեցված են առավելապես այս մարտահրավերի կառավարչական արձագանքման արդյունավետությունը գնահատելուն։

Թեստ 1․ Արդյոք կառավարչական գործողությունները կանխարգելո՞ղ են, թե արձագանքող

Համավարակի զսպման մեջ ծայրահեղ կարեւորություն ունի ճիշտ ժամանակին արձագանքը։ Վարակի անկառավարելի տարածումը կարող է էքսպոնենցիալ լինել։ Էքսպոնենցիալ ֆունկցիայի առանձնահատկությունն այն է, որ սկզբնական շրջանում թվերի փոքր լինելու պատճառով դրանց աճի ահռելի պոտենցիալը մնում է «անզեն աչքին» աննկատ, սակայն թվերի մեծացմանը զուգընթաց աճում է նաեւ տեմպը։ Նման իրավիճակներում  համարվում է, որ ընդունելի է նույնիսկ որոշակի  սահմաններում չափազանցված արձագանքը։ Համավարակն ու դրա հետեւանքները կառավարելի սահմաններում պահելը հնարավոր է միայն, եթե կառավարչական գործողությունները մի քանի քայլ առաջ են նրանցից։ Սա ենթադրում է համավարակի ռիսկի լուրջ գնահատական՝ մինչեւ նույնիսկ նրա սկսվելը երկրում։ Այն տարածվելուց հետո ծայրահեղ կարեւորություն ունի վարակի տարածման ու սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող վաղ ազդանշանների արձանագրումը, որը, մասնավորապես, կարող է արվել զանգվածային թեստավորման, բիզնեսի եւ բնակչության պարբերական հարցումների միջոցով։ Բացի դրանից, ռիսկերի կառավարման տեսանկյունից՝ կանխարգելող գործողությունների մեջ առանցքային է առողջապահական, պարենային եւ այլ ոլորտներում ավելցուկային ենթակառուցվածքների, պաշարների եւ կարողությունների արագ ստեղծումը։ Ավելցուկային հզորությունները հաշվարկվում են ճգնաժամի գագաթնակետի խնդիրները բոլոր ուղղություններով լուծելու համար։

Թեստ 2․Արդյո՞ք խթանները համարժեք են եւ համապատասխանում են թիրախներին

Նմանատիպ ճգնաժամերի կառավարումը ենթադրում է լայն եւ խայտաբղետ հասարակական շերտերի վարքագծի վրա ազդեցություն՝ խթանների ու պատժամիջոցների միջոցով։ Միջամտությունների արդյունավետությունն էլ կախված է նրանից, թե դրանք ինչքանով են ազդում դրված նպատակների վրա։ Դրա համար պետք է պարզվեն վարքագիծը պայմանավորող շարժառիթները եւ միջամտությունները լինեն բավարար ազդեցիկ՝ վարքագծի ցանկալի փոփոխություն առաջացնելու համար։ Օրինակ, եթե խնդիր է դրված ապահովելու դիմակների զանգվածային կրում, պետք է խթաններն ու պատիժներն արտացոլեն դիմակ կրելու կամ չկրելու հիմնական դրդապատճառները՝ դրա օգտակարության նկատմամբ վստահությունը, մատչելիությունը բոլորի համար, մտածելակերպային իներցիան, տուգանքների համարժեքությունը ընկալված վնասի եւ միջին եկամտի հարաբերակցությանը եւ այլն։

Մյուս կողմից՝ տնտեսական կորուստը այս ճգնաժամի սկզբնական փուլում տեղի է ունենում տնտեսական գործունեություն ծավալելու ֆիզիկական սահմանափակման պատճառով։ Հետեւաբար, խթանները կլուծեն բուն խնդիրը, եթե ուղղված լինեն կոնկրետ այդ սահմանափակումների հետեւանքով կորսված եկամուտների փոխհատուցմանը (օրինակ՝ չստացված աշխատավարձ, ընկերության կորսված շրջանառություն)՝ չգայթակղվելով թեկուզ կարեւոր, բայց անուղղակի թիրախներով (օրինակ՝ ընդհանուր սոցիալական խնդիրներ՝ բազմազավակության նպաստներ, ուսանողական վարձավճարներ եւ այլն)։

Թեստ 3․ Արդյո՞ք կա խնդրի լուծման վրա գերկենտրոնացում

Կյանքի եւ մահվան կռիվներում գերկենտրոնացումը եւ ուժերի գերլարումը հաղթանակի բացարձակ պայման է։ Այլ ոլորտներում հաղթանակները արագորեն կարժեզրկվեն, եթե տանուլ տաս ամենակարեւոր ճակատում։ Սա այն ժամանակն է, երբ գերակայությունները պետք է սահմանվեն արմատականորեն եւ անխնա մերժվեն բոլոր շեղող այլընտրանքները (թեկուզ կարեւոր այլ պայմաններում)։ Հաճախ այս իրավիճակներում «որոշ բաներ չանելու» որոշումները լինում են ամենակարեւորները։ Երբեմն դրանք լինում են նաեւ ամենադժվար որոշումները, հատկապես հանրային կառավարման ոլորտում, որտեղ պահանջները բազմաթիվ են՝ ներառյալ քաղաքական կենսունակության պահանջները։ Գերկենտրոնացման ցուցիչներից է այն, թե արդյո՞ք կառավարիչները կենտրոնացրել են իրենց լավագույն մարդկային եւ ինստիտուցիոնալ ռեսուրսները հիմնական խնդրի վրա եւ արդյո՞ք «խլացրել են» այլ խնդիրներին առնչվող հաղորդակցական ուղիները։

Թեստ 4․ Արդյո՞ք որոշումներն ունեն գիտական կամ փորձագիտական վավերացում

Համաճարակը բազմաթիվ առումներով առնչվում է գիտության հետ՝ սկսած ախտորոշման եւ բուժման խնդիրներից, հանրային առողջության կանոններից եւ վերջացրած տնտեսագիտական մոդելավորումով։ Մյուս կողմից՝ կարեւորագույն կառավարչական որոշումները կայացնում են քաղաքական գործիչները եւ պետական պաշտոնյաները։ Օպտիմալ որոշումները ենթադրում են գիտական եւ փորձագիտական գնահատականների ներառում այդ գործընթացում։ Նվազ կարեւոր չէ քաղաքականապես անկախ, գիտական փաստերով առաջնորդվող եւ հեղինակավոր կենտրոնների առկայությունը բնակչությանը որոշումների հիմնավորվածության մասին տեղեկացնելու եւ դրանց նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար։  Ընդ որում, միջազգային գիտական մտքի արտաբերումները բավարար չեն, դրանք պետք է դառնան ներքին գիտելիք՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները։  

Թեստ 5․ Արդյո՞ք որոշումներն իրագործելի են եւ կատարումը խստապահանջ

«Մի՛ ընդունեք որոշումներ, որոնք իրագործելի չեն». այս համընդհանուր կառավարչական սկզբունքը այստեղ է՛լ առավել է շեշտադրվում։ Վիճակագրական փաստ է, որ ռազմավարությունների տապալման հիմնական պատճառը դրանց վատ իրականացումն է։ Իրականացման կարողություններն ընդգծում են հնարավոր որոշումների սահմանը։ Կառավարիչները որոշումներ ընդունելիս միշտ պետք է այս հարցը տան՝ արդյոք դրանք նշված սահմանից նե՞րս են, թե դուրս։ Կորոնավիրուսին հակազդելու համատեքստում շատ որոշումներ, օրինակ՝ կարանտինը եւ տեղաշարժման սահմանափակումները, արտակարգ են եւ պահանջում են կատարման համարյա ռազմական կարգապահություն։ Այլապես որոշումների կատարման արդյունավետությունը խիստ ընկնում է, ինչը բերում է դրանց նկատմամբ վստահության անկման, եւ սկսվում է դրանց չենթարկվելու արատավոր շղթան։

Թեստ 6․ Արդյո՞ք հասարակության  հետ կառավարիչների հաղորդակցությունը համախմբող է

Ավտորիտար միջավայրում ճգնաժամերը հաղթահարվում են կոշտ միջամտությունների միջոցով, իսկ ժողովրդավարական միջավայրում՝ համախմբման։ Վերջինիս պարագայում որոշիչ դեր է խաղում առաջնորդների կիրառած հաղորդակցության բովանդակությունը եւ ոճը, քանզի դրանից են սնվում եւ այնուհետեւ կրկնօրինակվում հասարակությունում կամ կոնկրետ կազմակերպությունում գերակշռող պատումները եւ մտայնությունները։

Առաջնորդները պետք է պատրաստ լինեն հաղորդակցության անհամաչափ իրավիճակի՝ ուժգնացող քննադատություններին հետեւողականորեն պատասխանելով առավելապես համախմբող ուղերձներով։ Ավելին, եթե դրանք լինեն միմյանց հակասող, ամբողջությամբ  կարժեզրկվի այս կարեւոր գործիքը։

Թեստ 7․ Արդյո՞ք կա անխափան  հետադարձ կապ

Արագ ծավալվող ճգնաժամային իրավիճակներում որոշումների ազդեցության վերաբերյալ տեղեկույթը եւ այդ որոշումների ազդեցությունը կրող անհատներից, խմբերից եւ հաստատություններից եկող արձագանքը ապահովում են որոշումների համարժեքությունը իրադրությանը։ Կարեւոր է, թե ինչպես է այդ արձագանքն օժանդակում նոր գիտելիքի կուտակմանը եւ դրա ներառմանը որոշումների հաջորդ փուլի մեջ։ Ընդհանրապես, ճգնաժամերը գիտելիքն արագ յուրացնելու եւ այն նոր որոշումների վերածելու խիստ պահանջներ են դնում։ Կառավարիչների այդ հավաքական կարողությունն էլ առավել մեծ կարեւորություն է ստանում։

Կառավարման արդյունավետության մասին բոլոր քննարկումներում ներկայացված հարցերից շատերն արծարծվում են, սակայն հաճախ լինում են կանխակալ, հատվածական, ցաքուցրիվ, շփոթեցնող եւ ոչ ամբողջական։ Այս թեստերը հնարավորություն կտան այդ գնահատականներն առավել հիմնավորված եւ տրամաբանական կառուցվածքով տալու։

Արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Banks.am-ի տեսակետներին:
Դիտում՝ 7237
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai