Բիզնեսի շարունակականության պլանավորում. ուղեցույցի առանցքային կետերը

22.05.2020 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Հովսեփ Պատվականյան #ուղեցույց #բիզնես
ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել է «Բիզնեսի շարունակականության պլանավորում կորոնավիրուսի պայմաններում եւ հետեւանքով» ուղեցույցը:

Գործարարության աջակցման գրասենյակի տնտեսագետ, ուղեցույցի հեղինակ Հովսեփ Պատվականյանը Banks.am-ի հետ զրույցում ներկայացրել է ուղեցույցի նպատակներն ու առանցքային կետերը:

Հիմնական նպատակը

Կորոնավիրուսի հետեւանքով արտակարգ դրության իրողություններին հարմարվելը եւ բիզնեսի շարունակականության ապահովումը Հայաստանում գործող տնտեսվարող սուբյեկտների համար այսօր դարձել է առանցքային:

Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության արդյունքում մշակվեց ուղեցույց, որը կօգնի գործարարին նախագծել իր բիզնեսի շարունակականության պլանը` համապատասխան սցենարներով եւ դրանց գնահատականներով:

Ուղեցույցը տարածվելու է գործարարների շահերը ներկայացնող բոլոր հնարավոր ասոցիացիաների, միավորումների, հասարակական կազմակերպությունների միջոցով:  

Ուղեցույցի 6 քայլերը

1. Որոշել ընկերության առաջնահերթ ապրանքները եւ/կամ ծառայությունները (priority goods & services)
2. Նշել ընկերության առաջնահերթ ապրանքների արտադրության եւ/կամ ծառայության մատուցման համար անհրաժեշտ կրիտիկական ակտիվներն ու բաղադրիչները (critical assets & inputs)
3. Հրատապության աստիճանից ելնելով` նշել ընկերության գործառնությունները (urgency-based operations)
4. Քարտեզագրել ներքին եւ արտաքին ռիսկերը, որոնք կարող են խաթարել ընկերության հետագա գործառնությունները  (risk mapping)
5. Պատրաստել սպառնալիքների հավանական սցենարներ (threat scenario mapping)
6. Մշակել եւ վավերացնել բիզնեսի շարունակականության պլանը (business continuity plan):

Յուրաքանչյուր քայլի շրջանակներում կան 1-5 հստակ առաջադրանքներ, որոնք գործարարը պետք է իրականացնի քայլի ամբողջացման համար: Բոլոր առաջադրանքների համար տրված են նաեւ լրացման ենթակա նմուշներ:

Օգտվելու կարգը

Նախ, ուղեցույցի յուրաքանչյուր քայլի եւ առաջադրանքի հետ տրվում է նաեւ մեկ օրինակ, թե ոնց է ամենը աշխատում: Օրինակ, ենթադրենք, կա ընկերություն, որը զբաղվում է պայմանական 3 ապրանքատեսակի արտադրությամբ` տոմատի մածուկ, ծիրանի ջեմ, բալի մուրաբա:

Ուղեցույցի 1-ին մասում նկարագրված է, թե ինչպես պետք է որոշել տվյալ ապրանքների արտադրության առաջնահերթությունները` ելնելով վերջինիս վաճառքի ծավալից, ընդհանուր եկամուտների մեջ մասնաբաժնից, ոչ ժամանակին առաքման «ծախսերից» եւ այլն: Յուրաքանչյուր չափանիշից ելնելով` տոմատի մածուկը, ծիրանի ջեմը, բալի մուրաբան կգնահատվեն 1-5 սանդղակով: Ենթադրենք, գումարային վերջնական միավորով ամենից առաջնահերթն է տոմատի մածուկի արտադրությունը:

Այս դեպքում ուղեցույցի արդեն 2-րդ մասում նկարագրված է, թե ինչպես ներկայացնել լոլիկի մածուկի արտադրության հետ կապված գործառնությունները եւ ինչ կրիտիկական ակտիվներ են հարկավոր վերջինիս համար: Մեր պարագայում հիմնական գործառնություններն են լոլիկի ձեռք բերումը, լվացումը եւ պահեստավորումը, կլեպազատումն ու կտրատումը, համեմումը, տարաների մեջ լցոնումը, պահեստավորումը, առաքումը հաճախորդներին:

Վերոնշյալներից յուրաքանչյուրի համար այնուհետեւ նշվում է դրանց իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները, օրինակ` կլեպազատման եւ կտրատման համար անհրաժեշտ ակտիվներն են`սարքավորումների օպերատորներ, կլեպազատման եւ կտրատման մոնոբլոկ, էլեկտրականություն:

Ուղեցույցի 3-րդ մասում նկարագրվում է, թե ինչպես կազմել տվյալ գործառնությունների եւ ակտիվների խափանման ռիսկային քարտեզ, իսկ 4-րդ մասում` մշակել նախանշված ռիսկերի արձագանքման գործիքներ տարբեր հնարավոր սցենարների համար:

Այսպիսով, հետեւելով ուղեցույցում նախանշված քայլերին եւ առաջադրանքներին, գործարարը կկարողանա մշակել բիզնեսի շարունակականության պլան կամ ռազմավարություն, ինչն իրեն կօգնի կորոնավիրուսի պայմաններում առկա սպառնալիքները վերածել հնարավորությունների եւ ապահովել իր գործունեության շարունակականությունը առկա մարդկային, նյութական եւ ֆինանսական ռեսուրսների միջոցով:

ՓՄՁ-ների ու խոշոր ընկերությունների համար

Ուղեցույցը գրված է այնպես, որ օգտվելու հնարավորություն ունենան, թե' ՓՄՁ-ները, թե' խոշոր ընկերությունները: Դրա շրջանակում յուրաքանչյուր քայլի առանձնահատկությունից ելնելով` նշվում է նաեւ ՓՄՁ-ների եւ խոշոր ընկերությունների արձագանքման տարբերությունների հնարավորությունը:

Պատրաստեց Արփի Ջիլավյանը
Դիտում՝ 7411
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai