Ջորջ Սորոս. ԵՄ-ն պետք է «հավերժական պարտատոմսեր» թողարկի

21.04.2020 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ջորջ Սորոսը Բաց հասարակություն հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիրն է ու նախագահը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Covid-19 համավարակի դեմ պայքարի համար Եվրոպային անհրաժեշտ կլինի մոտ 1 տրիլիոն եվրո։ Այդ գումարը կարող է օգտագործվել Եվրոպական վերականգնման հիմնադրամ (European Recovery Fund) ստեղծելու համար: Բայց որտեղի՞ց գտնել նման գումար։

Ես առաջարկում եմ, որ Եվրամիությունը ներգրավի Վերականգնման հիմնադրամի համար անհրաժեշտ միջոցները՝ վաճառելով «հավերժական պարտատոմսեր», որոնց հիմնական պարտքի գումարը վճարելու անհրաժեշտություն չկա (չնայած դրանք կարելի է հետ գնել կամ մարել թողարկողի ցանկությամբ): Այդ պարտատոմսերի թողարկման թույլտվությունը պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունն ապրիլի 23-ին կայանալիք Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին:

Անժամկետ, հավերժական պարտատոմսերի թողարկումը, անշուշտ, աննախադեպ քայլ կլինի ԵՄ-ի համար, հատկապես նման մեծ ծավալներով: Բայց նախկինում էլ այլ երկրների կառավարությունները դիմել են նման քայլերի։ Ամենահայտնի օրինակը Մեծ Բրիտանիան է, որն օգտագործել է կոնսոլիդացված պարտատոմսեր (այսպես կոչված consols)՝ նապոլեոնյան պատերազմները ֆինանսավորելու համար, ինչպես նաեւ ռազմական պարտատոմսեր՝ Առաջին համաշխարհային պատերազմը ֆինանսավորելու համար: Այդ թողարկումների պարտատոմսերը Լոնդոնում վաճառվում էին մինչեւ 2015 թվականը՝ մարման պահը։ Իսկ 1870-ականներին ԱՄՆ Կոնգրեսը թույլ տվեց գանձատանը «կոնսոլներ» թողարկել գոյություն ունեցող պարտատոմսերի կոնսոլիդացիայի համար, եւ, իսկապես, այդպիսի պարտատոմսեր թողարկվեցին հետագա տարիներին:

Եվրոպան պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկի, որպեսզի հաղթահարի այս արտակարգ իրավիճակը, որը հարվածել է ԵՄ բոլոր երկրներին: Եվ պետք չէ խուսափել այնպիսի նախադեպ ստեղծելուց, որը կարդարացներ ԵՄ ընդհանուր պարտքային պարտավորությունների թողարկումը, հենց որ վերականգնվի նորմալ իրավիճակը: ԵՄ-ի եւ նրա վարկունակության վերաբերյալ հավատ ցուցադրող պարտատոմսերի թողարկումը քաղաքական աջակցություն կապահովի այն բանի համար, ինչն արդեն անում է Եվրոպական Կենտրոնական բանկը (ԵԿԲ)․ այն հանեց իր պարտատոմսերի գնման գրեթե բոլոր սահմանափակումները:
    
Հավերժական պարտատոմսերն ունեն երեք լրացուցիչ առավելություններ, որոնք հարմար են դարձնում դրանք ներկայիս հանգամանքների համար:

Նախ եւ առաջ, անժամկետ պարտատոմսերը մարման կարիք չունեն, ուստի դրանք ստեղծում են ԵՄ-ի համար աներեւակայելի թեթեւ բյուջետային բեռ: Եվրամիությունը դրանք վերաֆինանսավորելու անհրաժեշտություն չունի, երբ մոտենում է մարման ժամկետը, կարիք չունի վերադարձնել հիմնական պարտքի գումարը (այսպես կոչված, մաշվածության վճարները), եւ դրանց հետագա մարման համար նույնիսկ կարիք չունի գումար խնայել (օրինակ ՝ մաշվածության ֆոնդում)։

ԵՄ-ից կպահանջվի միայն պարբերաբար տոկոսներ վճարել այդ պարտատոմսերի դիմաց։ 1 տրիլիոն եվրո արժողությամբ անժամկետ պարտատոմսերը 0,5% արժողությամբ կտրոնով ԵՄ բյուջեի համար կարժենան տարեկան ընդամենը 5 միլիարդ եվրո: Սա 2020 թվականի ԵՄ բյուջեի 3%-ից էլ պակաս է։

Երկրորդ առավելությունն ավելի տեխնիկական է, բայց այն գրեթե նույնքան կարեւոր է: Ամենայն հավանականությամբ, շուկան չի կարողանա անհապաղ եւ ամբողջությամբ կլանել 1 տրիլիոն եվրո արժողությամբ պարտատոմսերի թողարկումը: Տեղադրելով պարտատոմսերը՝ ԵՄ-ն կարող է տրանշերով ներգրավել պահանջվող գումարը՝ առանց ամեն անգամ նոր պարտատոմսեր ստեղծելու:

Երրորդ առավելությունն այն է, որ ԵՄ-ի թողարկած «հավերժական պարտատոմսերը» շատ գրավիչ ակտիվ կլինեն ԵԿԲ պարտատոմսերի գնման ծրագրի համար:

Այս պարտատոմսերը թողարկելու համար ԵՄ-ին անհրաժեշտ չէ որեւէ նոր մեխանիզմ կամ կառույց ստեղծել, քանի որ ԵՄ-ն նախկինում արդեն թողարկել է պարտատոմսեր: Դրանց վաճառքից ստացված հասույթը պետք է օգտագործվի համաճարակի դեմ պայքարին ուղղված ներդրումների եւ դրամաշնորհների համար: Եվրահանձնաժողովը կարող է այդ միջոցները բաշխել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ ԵՄ երկրների կառավարությունների եւ այլ հաստատությունների (օրինակ, մունիցիպալ իշխանությունների) միջոցով, որոնք անմիջականորեն զբաղված են Covid-19-ի համաճարակի դեմ պայքարով:

Copyright: Project Syndicate, 2020.
www.project-syndicate.org
Դիտում՝ 15961
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai