Սարգիս Գրիգորյան. Կառավարությունն ունի արտաքին պարտքը վերակազմակերպելու հնարավորություն

01.04.2020 | 19:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Սարգիս Գրիգորյան #Gpartners #արտաքին պարտք
GPartners իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Սարգիս Գրիգորյանը  Banks.am-ին է տրամադրել իր հոդվածը: Արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Banks.am-ի տեսակետներին:

2020 թվականի մարտի 25-ին Համաշխարհային բանկի խումբը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը ներկայացրել են հայտարարություն Մեծ 20-յակին՝ հորդորելով միջազգային պարտատերերին՝ Արժույթի միջազգային ասոցիացիայի անդամ երկրների դիմումների հիման վրա վերջիններիս արտաքին պարտքի վճարումները կասեցնել: Նպատակը՝ թեթեւացնել մի շարք երկրների ֆինանսական վիճակը, որը ստեղծվել է կորոնվիրուսային ճգնաժամի հետեւանքով եւ ժամանակ տրամադրել այդ երկրներին գնահատել ստեղծված իրավիճակը՝ ֆինանսական ճգնաժամը հաղթարահելու համար օպտիմալ լուծումներ գտնելու համար։

Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը առաջարկել են առանձնացնել այն երկրներին, որոնք ունեն անկայուն արտաքին պարտքի բեռ, եւ զարգացնել հնարավոր մեխանիզմներ թե՛ ֆինանսական, թե՛ պարտավորական բեռը թեթեւացնելու նպատակով: Այդպիսի առաջարկների փաթեթը քննարկվելու է այդ միջազգային կազմակերպությունների կողմից 2020 թվականի ապրիլի 16-17-ին տեղի ունենալիք գագաթաժողովում:

Կարծում եմ՝ ներկայումս Հայաստանի կառավարությունը կարիք ունի առավել արդյունավետ կերպով արձագանքելու Covid-19-ի տնտեսական հետեւանքներին, ինչը կպահանջի ոչ միայն ակտիվ եւ թիրախավորված արտակարգ իրավիճակային կարգավորումներ, այլեւ վերականգնողական քաղաքականության որդեգրում եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ կառուցելու ամուր, կայուն եւ հավասարակշռված տնտեսություն։

Այս նպատակին հասնելու համար Հայաստանը կարող է ակտիվորեն ներգրավվել Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող բազմակողմ բանակցություններին՝ կասեցնելու արտաքին պարտքի վճարումները (մորատորիում): Հայաստանը միջազգային համայնքին կարող է առաջարկել հստակ մեխանիզմներ՝ սառեցնելու ֆինանսական պարտավորությունների կատարումը՝ մինչեւ ճգնաժամի հետեւանքների գնահատումը եւ դրանց վերացումը:

Ավելին՝ այժմ Հայաստանն իր արտաքին պետական պարտքը վերակազմակերպելու եզակի հնարավորություն ունի՝ կորոնավիրուսային մարտահրավերները հաղթահարելու նպատակով: Արտաքին պարտքերի վերակառուցման ներկայիս միջազգային համակարգը ավելի երկարատեւ է, անորոշ եւ անկանխատեսելի: Մինչդեռ, այս դեպքում Հայաստանը կարող է բացահայտել եւ առաջարկել նոր մեխանիզմներ՝ հաղորդ դառնալով միջազգային համայնքի կողմից համաճարակի վնասները մեղմելուն եւ վերացնելուն ուղղված քայլերին:

Պետք է նշել, որ միջազգային իրավունքի համաձայն, յուրաքանչյուր պետություն ունի իրավունք իր հայեցողությամբ մշակելու եւ իրականացնելու մակրոտնտեսական քաղաքականությունը, ներառյալ վերակառուցելու իր արտաքին պարտքը (ՄԱԿ-ի Պետական պարտքի վերակառուցման գործընթացների հիմնական սկզբունքները (A/69/L.84)։ Պետությունների այդ իրավունքը նաեւ հաստատվել է Միջազգային արդարադատության միջազգաին դատարանի նախադեպային իրավունքում (SS ‘Lotus’ (France/Turkey) [1927] PCIJ Series A No. 10, 18 and 19):

Համաճարակի պատճառով սոցիալական, բժշկական եւ տնտեսական խնդիրներ ունեցող երկրները մեծապես ողջունել են Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի նախաձեռնությունը: Այնուամենայնիվ, նախքան այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալը, անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել, թե ինչպիսի ազդեցություն կունենա պետության կողմից նման քայլ անելը վերջինիս պայմանագրային այլ իրավահարաբերությունների վրա: Որոշ միջազգային ֆինանսական պայմանագրեր հնարավոր է պարունակեն պայմանագրային այնպիսի դրույթներ, որոնց լույսի ներքո պետության կողմից նման նախաձեռությունը կդիտվի որպես պայմանագրի էական խախտում, որն իր հերթին կառաջացնի այլ անցանկալի եւ անբարենպաստ հետեւանքներ:

Վերջում, ուզում եմ նշել, որ մեր ընկերությունը գրություն է ուղարկել Կառավարությանը՝ հայտնելով իր պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանի արտաքին պարտքի սառեցման եւ վերակազմակերպման հարցում։
Դիտում՝ 4792
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai