Շեֆիլդի համալսարանը եւ Ինեկոբանկը համատեղ ծրագիր են սկսում

24.10.2019 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շեֆիլդի համալսարան
Երեւանում մեկնարկել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի 4-րդ տարին: Այն նշանավորվել է Ինեկոբանկի հետ փոխհամաձայնության հուշագրի ստորագրմամբ:

Executive MBA ծրագիրը Երեւանում իրականացվում է 2016 թվականից: Այն նորարար, միջազգային ծրագիր է, որը նախագծված է այսօրվա մենեջերների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների եւ գործարարների մասնագիտական զարգացման համար:

Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը, որը հանդիսանում է ծրագրի շրջանավարտ, նշել է ծրագրի՝ գործնական գիտելիքներ տրամադրելու եւ զուգահեռաբար դրանք աշխատանքում կիրառելու հրաշալի հնարավորության մասին:

Նրա խոսքով՝ Շեֆիլդի համալսարանի հետ համագործակցության գաղափարը ծնվել է հենց ուսումնառության ընթացքում:

Արեն Նալթակյանը

«Այսօր մենք հիմք ենք դնում նոր համագործակցության, որով համատեղում ենք Ինեկոբանկի՝ տարիների հաջողության փորձն ու կուտակված մասնագիտական գիտելիքը Շեֆիլդի համալսարանի պրոֆեսորների կողմից տրամադրվող պրակտիկ հմտությունների հետ։ Սրա արդյունքում առաջիկայում եւ՛ Ինեկոբանկի աշխատակիցներին, եւ այլ անհատներին կընձեռենք հնարավորություն մասնակցելու համալսարանի հետ կազմակերպվող թրեյնինգ-դասընթացներին եւ ձեռք բերելու նոր գիտելիքներ եւ հմտություններ»,- մանրամասնել է Արեն Նալթակյանը:

Executive MBA ծրագրի գործադիր տնօրեն Ջորջ Էֆստադիադիսը, կարեւորելով համալսարանների եւ ընկերությունների համագործակցությունը, նշել է, որ հենց նման համատեղ աշխատանքն է իրական մարտահրավերները լուծելու ճանապարհը:

Ջորջ Էֆստադիադիսը

«Executive MBA ծրագիրը պատրաստում է հայ մենեջերներին՝ դարձնելով նրանց ավելի լավ մասնագետներ եւ առաջնորդներ, նպաստում նրանց մասնագիտական աճին, որպեսզի կարողանան ավելի մրցունակ դարձնել իրենց ընկերությունները, հետեւապես նաեւ բարձրացնեն Հայաստանի տնտեսության մրցունակությունը: Ընկերությունների զարգացման հետ մեկտեղ կբարելավվի Հայաստանի բնակչության բարեկեցությունը: Մենք նպատակ ունենք պատրաստել մենեջերների այնպիսի խումբ, որը բավարար կլինի այս զարգացումն իրագործելու համար»,- հավելել է նա:

Փոխըմբռնման հուշագրի շրջանակում կկազմակերպվեն թրեյնինգ-դասընթացներ, կոնֆերանսներ, բաց դասեր՝ ուղղված հասարակությունում ֆինանսական ոլորտի գիտելիքների զարգացմանը։ Այս մասին ասել է Ինեկոբանկի վերապատրաստումների եւ զարգացման բաժնի ղեկավար Աննա Բաննահյանը:

«Համագործակցությամբ նաեւ նախատեսված է, որ Շեֆիլդի համալսարանը Ինեկոբանկի աշխատակիցներին կտա ուսումնառության հնարավորություն Executive MBA ծրագրում, իսկ համալսարանի բակալավրիատում եւ մագիստրատուրայում սովորող ուսանողները կկարողանան անցնել պրակտիկա Ինեկոբանկում»,- հավելել է նա:

Աննա Բաննահյանը

Շեֆիլդի համալսարանի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն, Հայաստանում համալսարանի պաշտոնական ներկայացուցիչ Լիլիթ Շահզադեյանը հատկապես կարեւորել է ուսանողների համար ֆինանսական ընկերությունում աշխատանքային պրակտիկայի հնարավորությունը:

Լիլիթ Շահզադեյանը

«Համալսարանն ունի ինչպես Executive MBA ծրագրի ուսանողներ ու շրջանավարտներ, այնպես էլ կրթում է բակալավրի եւ մագիստրատուրայի հայ ուսանողներին, որոնք Հայաստան վերադառնալով կունենան ոչ միայն պրակտիկայի հնարավորություն, այլեւ փոխադարձ ցանկության դեպքում աշխատանքի հնարավորություն կստանան Ինեկոբանկում, որը կնպաստի երիտասարդների՝ Հայաստան վերադառնալու շահագրգռվածության մեծացմանը»,- ամփոփել է նա:  

Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 6546
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai