Սահմանամերձ Կողբը՝ մրգօղիով հայտնի դառնալու ճանապարհին

30.09.2019 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Septemberfest #մրգօղու փառատոն #Կողբ
Հայաստանի բերքուբարիքը ներկայացնող ու ճանաչելի դարձնող փառատոնների շարքը համալրվեց եւս մեկով՝ Septemberfest մրգօղու փառատոնով։ Սեպտեմբերի 28-ին Հայաստանի տարբեր անկյուններից  հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Տավուշի մարզի Կողբ համայնքում՝ տնական օղի համտեսելու եւ կողբեցիների հյուրընկալությունը վայելելու նպատակով։

Առաջին անգամ անցկացվող այս փառատոնին զբոսաշրջիկների պակաս չկար։ Տաղավարներում, օղուց բացի, ներկայացված էին մրգեր, հայկական խոհանոցի զանազան ուտեստներ, Կողբում արտադրվող չրերի մեծ տեսականի, հացաբուլկեղեն, թթուներ ու մուրաբաներ։


Առաջին տեղում, սակայն, մրգօղին էր՝ պատրաստողների գովեստով ու պարտադիր փորձել տալու վճռականությամբ։ Հոնից, թթից, սալորից, դեղձից, խնձորից,  ծիրանից, վայրի տանձից, ազնվամորուց եւ այլ հատապտուղներից  ու մրգերից ստացված օղիների կողքին ներկայացված էին «Իսկանդեր», «Չար», «Բարի» գրությամբ օղիներ։ Փառատոնի մասնակիցները բացատրում են՝ «Չար» օղու մեջ սպիրտի պարունակությունը շատ է, այսինքն՝ խմելիս պետք է չափը չանցնել։

Օղու արտադրությամբ զբաղվող ընկերություններն ու անհատներն էլ ներկայացնում էին ավանդական ու ոչ ավանդական այն սարքավորումները, որոնցով թորել էին օղին։  


Իրենց արտադրանքը սպառողին ներկայացնելու նպատակով փառատոնին մասնակցում էին ոչ միայն Տավուշի, այլեւ Լոռու, Արարատի, Կոտայքի, Սյունիքի մարզի արտադրողներ։ Փառատոնին ներկայացված էր նաեւ Արցախի կոնյակը, գինին եւ օղին, որի արտադրող «Մադաթով» ընկերությունն էլ փառատոնի հովանավորն էր։  

Իսկ Septemberfest մրգօղու փառատոնի կազմակերպիչն արմատներով կողբեցի Կարեն Քոչարյանն է։  

«Մրգից պատրաստված օղին վերջին տարիներին սկսել է հետաքրքրել նաեւ զբոսաշրջիկներին։ Եթե ժամանակին միայն կոնյակ էին Հայաստանից տանում, ապա հիմա նաեւ՝ մրգօղի։ Ժամանակի ընթացքում նման փառատոնի ստեղծման մտահղացում առաջացավ, եւ բնականաբար ցանկացա, որ դա կազմակերպվի այնտեղ, որտեղ իմ հայրենիքն է»,- պատմում է Կարեն Քոչարյանն ու հույս հայտնում, որ փառատոնը կնպաստի գյուղի առաջընթացին ու զարգացմանը։   
 

Կարեն Քոչարյանը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը եւս կարեւորում է Septemberfest-ը զբոսաշրջության զարգացման տեսանկյունից՝  առանձնացնելով  մի քանի կարեւոր հանգամանք.

«Մենք գտնվում ենք սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, եւ այսպիսի տոնակատարությունների կազմակերպումը շատ կարեւոր է՝ աշխարհին հայտարարելու համար որպես ուղերձ, որ այստեղ անվտանգ է եւ պետք չէ վախենալ այստեղ ապրելուց։

Այս փառատոնով մենք նաեւ դիրքավորում ենք մեր տարածաշրջանը։ Մեր մրգերի համային հատկանիշները շատ բարձր են, այդպիսին են նաեւ օղիների համային հատկությունները։

Եվ վերջապես, սա հնարավորություն է՝ տեղում տեսնելու գյուղի, տարածաշրջանի տնտեսական ռեսուրսը, մարդկանց հետ զրուցելու, քննարկելու բիզնեսի զարգացման ու համագործակցության հնարավորությունները»։

Հայկ Չոբանյանը

«Սա մեծ հնարավորություն է, որ մարդիկ մոռանան դրսի թվացյալ լավ կյանքի մասին եւ այստեղ ապրեն ու ստեղծեն։ Մեր տարածաշրջանը հարուստ է գրեթե բոլոր տեսակի մրգերով, լավ անտառներ ունենք։ Իսկ այս փառատոնի միջոցով կարող ենք մեր տեղական արտադրանքը միջազգային շուկա հասցնել»,- Կողբի հնարավորություններն է թվարկում գյուղապետ Արսեն Աղաբաբյանը։

Septemberfest մրգօղու փառատոնի ընթացքում նաեւ նարդու մրցաշար անցկացվեց, իսկ գեղարվեստի դպրոցի բակում՝ գորգագործության, կավագործության ու նկարչության վարպետաց դասեր։

Տեքստն ու լուսանկարները՝ Տաթեւիկ Ճուղուրյանի
Դիտում՝ 5364
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai