Թափոնների վերամշակումն ու պլաստիկի նոր կյանքը Կապանում

21.08.2019 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Պլաստշին #Դավիթ Ղազարյան #Նորիկ Հարությունյան
Մայիսին Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Եվրոպայի օրվա տոնական միջոցառումների շրջանակում, բացվեց պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամասը՝ «Պլաստշին»-ը: Վերջինի գործունեության մասին Banks.am-ը խոսել է ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի եւ արտադրամասի տնօրեն Նորիկ Հարությունյանի հետ:

Աղբահանության ավանդույթները Կապանում

Կապանի փողոցներով շրջելիս դժվար է չնկատել գրեթե ամեն քայլափոխի տեղադրված պլաստիկ թափոնների համար նախատեսված տարրաները: Եվ որքան էլ զարմանալի է, տարրաները դատարկ չեն:

Կապանում պլաստիկ թափոնների տարանջատման մշակույթը դրվել է դեռ 2013-ից, երբ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի բնապահպանական ծրագրի շրջանակում մոտ մեկ տարվա ընթացքում քաղաքի համար ձեռք բերվեցին պլաստիկ թափոնների համար նախատեսված աղբամաններ: Այդ ժամանակ քաղաքին տրամադրվեց նաեւ պլաստիկի մամլիչ, հիմնանորոգվեց պլաստիկի պահեստավորման համար նախատեսված տարածքի տանիքը:


«Պլաստշին»

Պլաստիկի տարանջատման այդ ավանդույթները հաշվի առնելով՝ 2017-ին Եվրամիության ֆինանսավորմամբ տարածաշրջանում մեկնարկեց մեկ այլ ծրագիր, որը բնապահպանական բաղադրիչ ունենալուց բացի, ընդհանուր առմամբ ուղղված է Սյունիք եւ Վայոց ձոր մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հենց այդ ծրագրի շրջանակում էլ մայիսին Կապանում բացվեց «Պլաստշին»-ը:


Նախագիծն իրականացնում է 4 գործընկերներից բաղկացած կոնսորցիումը՝ Կապանի քաղաքապետարան, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, «Հայ կոնսալտ» խորհրդատվական հիմնադրամ եւ «Մրցունակ հասարակություն» հասարակական կազմակերպություն:


«Պլաստշին»-ի ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանը նշում է, որ ընդհանուր առմամբ հատկացվել է €750 000, որի 68%-ը տրամադրել է Եվրամիությունը, 25%-ը՝ կառավարությունը, իսկ մնացած մասը՝ գործընկեր կազմակերպությունները:

Ի՞նչ խնդիր է լուծում

Պլաստիկի վերամշակման արտադրամասը ձեւակերպվել է որպես համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն (ՀՈԱԿ) եւ հիմնադրումից հետո հանձնվել է համայնքին:


«Ծրագիրը նախեւառաջ բնապահպանական խնդիր էր դրել իր առջեւ,- ասում է ծրագրի ղեկավար Դավիթ Ղազարյանը:- Եվ Կապանն ընտրվեց նաեւ նրա համար, որ այստեղ աղբահանության մակարդակն ավելի բարձր էր, բնակչության թիվն էլ՝ ավելի մեծ»:

Դավիթ Ղազարյանը

Ծրագրի առջեւ դրված մյուս կարեւոր նպատակը նշված մարզերում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն է: Նախատեսվում է, որ լիարժեք գործարկման դեպքում արտադրամասը կապահովի 35 աշխատատեղ (այս պահին գործարանում աշխատում է 11 մասնագետ):

Երրորդ, եւ ոչ պակաս կարեւոր նպատակը մարդկանց ինքնագիտակցության բարձրացումն է: «Արդեն որոշակի փոփոխություն է գրանցվել բնակչության գիտակցության եւ պահվածքի մեջ,- ասում է Դավիթ Ղազարյանը: -Աստիճանաբար քաղաքում ձեւավորվում է պլաստիկի տարանջատման եւ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության մշակույթ»:
 
Արտադրանք

«Պլաստշինի» տնօրեն Նորիկ Հարությունյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ անհրաժեշտ հումքը՝ պլաստիկը, գնելու համար ծրագրով որոշակի գումար է նախատեսվել:


Բացի այդ, արտադրամասը սերտորեն գործակցում է Սյունիքի եւ Վայոց ձորի 9 համայնքների (Մեղրի, Ագարակ, Քաջարան, Կապան Գորիս Սիսիան Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք) հետ:

«Ծրագրի շրջանակում այդ համայնքներին տրամադրվել է նաեւ մամլիչ՝ պլաստիկը մամլելու համար, ինչպես նաեւ պլաստիկի աղբամաններ,- ասում է Նորիկ Հարությունյանը:- Այնտեղից արդեն հատուկ մեքենայով պլաստիկը տեղափոխվում է արտադրամաս»:

Նորիկ Հարությունյանը

Հետագայում նախատեսվում է պլաստիկ ձեռք բերելու համար գործընկերություն հաստատել տեղի շինանյութերի խանութների, ռեստորանների, սուպերմարկետների եւ այլ հաստատությունների հետ:

Արտադրամասում տեղադրված հոսքագծով վերամշակված պլաստիկ թափոնը որոշակի արտադրական գործընթաց անցնելով եւ խառնվելով ավազի հետ՝ վերածվում է շինանյութի՝ տանիքի կղմինդրներ, սալահատակի եզրաքարեր, փողոցային սալիկներ, ծաղկանոցների ցանկապատներ:

Սպառում

Գործարանը փորձնական աշխատանքները սկսել է 2019թ. մարտից եւ արդեն ունեն արտադրանք՝ սեփական աչքի առաջ. Կապանի մայթերից մեկը՝ մոտ 80 քառակուսի մետր տարածք, սալիկապատվել է հենց «Պլաստշինի» սալիկներով:

Գեւորգ Ղազարյանի խոսքով՝ այս պահին սպառման հիմնական շեշտը դրված է ներքին շուկայի, հիմնականում՝ շահառու համայնքների վրա:

Ծրագրի ղեկավարը եւ գործարանի տնօրենը պնդում են, որ թեեւ որոշ արտադրատեսակներ գնային առումով ավելի բարձր են, փոխարենը որոշները շուկայում եղածներին չեն զիջում, անգամ գերազանցում են որակով:


«Օրինակ, սալիկների գները որոշակիոեն բարձր են, բայց մենք շեշտը դնում ենք որակի վրա. դրանք կարող են դիմանալ -40–ից մինչեւ -50 աստիճան ցրտին, չեն կոտրվում անգամ մեծ բարձրությունից գցելիս»,- ասում է Դավիթ Ղազարյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի ավարտից հետո եթե արտադրամասը կարողանա ապահովել հումքի ներկրում եւ սպառում այնպիսի հարաբերակցությամբ, որ կարողա շահույթ ստանալ, նրա իրավաբանական կարգավիճակը կարող է փոխվել եւ դառնալ ՓԲԸ՝ բնականաբար, համայնքի վերահսկողության տակ:

Հարցին՝ արդյոք արտադրամասը շարունակելու է գործել մոտ երկու տարի անց՝ ծրագրի ավարտից հետո, Նորիկ Հարությունյանը դրական է պատասխանում.

«Եթե շահույթով աշխատենք, իհարկե, շարունակելու ենք: Եվ մենք արդեն տեսնում ենք, որ շահույթով կարող ենք աշխատել»:

Վիկտորյա Անդրեասյան
Լուսանկարները՝ ԵՄ ֆեյսբուքյան էջից եւ անձնական արխիվից
Դիտում՝ 7901
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai