Շղարշե տոպրակներ՝ պլաստիկի փոխարեն

30.07.2019 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ecologic Life #Լուսինե Սաղյան
Ecologic Life առցանց խանութի հիմնադիր Լուսինե Սաղյանը մոտ երկու ամիս է՝ պատրաստում է շղարշյա գործվածքից տոպրակներ՝ առաջարկելով իր այլընտրանքը պլաստիկին։ Էկո տոպրակների եւ «կանաչ» խանութի մասին Լուսինեն պատմել է Banks.am-ին։

Անձնական էկո տոպրակը

Նախքան Ecologic Life առցանց հարթակը ստեղծելը՝ Լուսինե Սաղյանը մասնակցել է բնապահպանական թեմաներով դասախոսությունների, որից հետո էլ պլաստիկի խնդիրը նրա համար դարձել է ավելի առարկայական։

«Մոտ 5-6 տարի առաջ Հայաստանում շատ քիչ էր խոսվում պլաստիկի վնասակար ազդեցության մասին։ Երբ գնումներ կատարելիս ասում էիր, որ քեզ պլաստիկ տոպրակ պետք չէ, դու ունես կտորից տոպրակ, մտածում էին, թե խնայել ես ցանկանում կամ էլ տարօրինակ հայացքով էին նայում»,- պատմում է Լուսինե Սաղյանը։

Լուսինե Սաղյանը

Նրա խոսքով՝ այս հարցում վերջին երկու տարում մեծ առաջընթաց է նկատվում. մարդկանց վերաբերմունքը շատ է փոխվել։

Թեթեւ եւ անվնաս

Կշռվող մթերքների դեպքում կտորե պայուսակները հարմարավետ չեն, եւ մթերքները կշռում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներով։

«Նկատել էի, որ եվրոպական շատ երկրներում մրգեր գնելիս օգտագործում են բամբակե տոպրակներ, սակայն դրանց քաշը 20 գրամ էր։ Որոշեցի փնտրել այլ գործվածք, որն ավելի թեթեւ կլինի»,- պատմում է Լուսինե Սաղյանը։


Երկար որոնումներից հետո 3-5 գրամ քաշով շղարշե գործվածքը դարձավ այն հումքը, որով Լուսինեն սկսեց կարել տոպրակներ՝ հնարավոր դարձնելով գնել կշռվող մթերքներ առանց պլաստիկի կիրառման։



Մեկ տոպրակի արժեքը 910 դրամ է, սակայն Լուսինեի խոսքով՝ այն կարելի է օգտագործել ամիսներ շարունակ, քանի որ հեշտությամբ լվացվում է եւ բավական ամուր է։

Կան նաեւ ավելի ամուր կտորից տոպրակներ, որոնք նախատեսված են մեծ քաշերի համար։

«Սուպերմարկետների աշխատակիցներն արդեն սովոր են, որ շատ մարդիկ նախընտրում են սեփական տոպրակն ունենալ, անհատ վաճառողներն են երբեմն զարմանում, սակայն բացասական արձագանքներ այլեւս չեն լինում»,- պատմում է նա։


Լուսինեի խոսքով՝ չնայած շղարշե տոպրակները նոր են, սակայն արդեն իսկ կան շատ գնորդներ։ Առայժմ կարում է հիմնականում պատվերով, իսկ բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ՝ հույս ունի ավելացնել արտադրության ծավալները։

Տոպրակների ձեռքբերման համար Ecologic Life-ն ունի հանձնման կետեր Երեւանում եւ Ստեփանակերտում, ինչպես նաեւ գործում է առաքում դեպի մարզեր։


Հետաքրքրությունից՝ բիզնես

Սկզբում Ecologic Life-ը պարզապես ֆեյսբուքյան էջ էր, որը տեղեկատվություն էր տրամադրում Հայաստանում բնապահպանական խնդիրների մասին։ Հետագայում Լուսինեն որոշեց էկոլոգիապես մաքուր իրեր վաճառել ու այն վերածեց խանութի։

Նախքան շղարշե տոպրակներ կարելը՝ Ecologic Life-ում արդեն իսկ վաճառվում էին Էկոլոգիապես մաքուր սպասք, հիգիենայի պարագաներ, անգամ համակարգչի ստեղնաշար ու մկնիկ։


«Գիտեի, որ աշխարհում կան էկոլոգիապես մաքուր շատ ապրանքատեսակներ, որոնցից, ցավոք, Հայաստանում չէի գտնում։ Սպասում էի՝ երբ մեկը նման խանութ կունենա ու ես կգնեմ դրանք։ Հետո հասկացա, որ կարող եմ ինքս դրանով զբաղվել ու սկսեցի տարբեր երկրներից պատվիրել, փորձարկել, հավանելու դեպքում էլ ավելի մեծ քանակով պատվիրել»,- մանրամասնում է նա։

Իրերը գնում է Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից ու ընտրում այն ապրանքատեսակները, որոնք Հայաստանում որեւէ այլ տեղ չեն վաճառվում։ Դրանց մեծ մասը պատրաստված են հնդկեղեգից, որը ցավոք, Հայաստանում չի աճում։


«Կան հնդկեղեգի տեսակներ (Phyllóstachys bambusoídes եւ Arundinaria kurilensis), որոնք կարող են աճել հայաստանյան կլիմայի պայմաններում, սակայն հնդկեղեգն այնպիսի բույս է, որ շատ արագ է տարածվում, եւ բարդ է այն պահել որոշակի տարածքում։ Այժմ ընկերներով փորձում ենք մեխանիզմ մշակել, որպեսզի կարողանանք այն փոքր տարածքում աճեցնել»,- ասում է Լուսինե Սաղյանը։

Նա հավելում է, որ աշխատում են ստանալ նաեւ էկոլոգիապես մաքուր, մեկանգամյա օգտագործման ձողիկներ, սակայն թե ինչ հումքից՝ դեռեւս գաղտնիք է։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ Ecologic Life-ի
Դիտում՝ 11526
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai