Մշակութային «պայթյուն» EY-ի աշխատակիցների ու գործընկերների համար

25.07.2019 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#EY #Հակոբ Սարգսյան
Աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում առաջատար EY ընկերությունը (նախկինում՝ Ernst & Young) 2013 թվականից ի վեր Հայաստանում իրականացնում է «Ծիրանի տոն» (Apricot Party) հավաք-միջոցառումը՝ միավորելով ընկերության աշխատակիցներին ու գործընկերներին աշխարհի տարբեր երկրներից եւ ներկայացնելով նրանց հայկական մշակույթը: Այս տարի «Ծիրանի տոնը» անցկացվեց հուլիսի 12-14-ին, իսկ հյուրերի հանդիսավոր ընդունելությունը տեղի ունեցավ Apricot Hotel Yerevan հյուրանոցի «Շառլ Տեռաս» ռեստորանում:

Մշակույթի նորովի ներկայացում

«Ծիրանի տոնը» իրականացվում է արդեն 7-րդ անգամ: Կազմակերպիչները կարեւորում են, որ միջոցառումը յուրաքանչյուր տարի նոր շնչով մատուցվի՝ փորձելով հյուրերին տանել այնտեղ, որտեղ նրանք դեռ չեն եղել:

Այս տարի մասնակիցները եղան Ջերմուկում, այցելեցին նաեւ Խոր Վիրապ եւ Նորավանքի վանական համալիր:

«10 տարվա ընթացքում մեր գրասենյակի աշխատակիցների թիվն աճել է 8-ից մինչեւ 75-ը, չհաշված այն 20 աշխատակիցներին, որոնք երկարատեւ գործուղումներում են ընկերության տարբեր երկրների գրասենյակներում»,- Banks.am-ի հետ զրույցում ասել է EY Հայաստանի կառավարիչ գործընկեր Էրիկ Հայրապետյանը:

Էրիկ Հայրապետյանն ու Հակոբ Սարգսյանը

«Փորձը ցույց է տալիս, որ նրանցից շատերը կա՛մ երկարացնում են EY-ի օտարերկրյա գրասենյակի հետ պայմանագիրը, կա՛մ մնում են այնտեղ՝ ընտրելով այդ երկիրը մշտական բնակության համար: Իհարկե, դա մի փոքր տխուր է, բայց այսօրվա աշխարհի օբյեկտիվ իրողություն է, երբ սահմաններն արագորեն ջնջվում են, իսկ մենք աշխատում ենք օգուտ քաղել դրանից: Պահպանելով կապը մեր շրջանավարտների եւ տարբեր գրասենյակներից հայրենակիցների հետ՝ մենք հնարավորություն ունենք համաշխարհային ընկերության հսկայական ներուժին ավելացնել հայազգի բազմաթիվ գործընկերների եւ Հայաստանի ընկերների ներգրավվածությունն ու նվիրվածությունը եւ օգտագործել նրանց փորձը հայրենիքում բիզնեսը զարգացնելու համար: Այս միջոցառումը հնարավորություն է տալիս պահպանել եւ ամրապնդել կապը հարազատ գրասենյակի եւ հայրենիքի հետ: Մենք, համաշխարհային մրցունակ ազգ լինելուց բացի, այլընտրանք չունենք եւ մենք փորձում ենք մեր համեստ լուման ներդնել այս կարեւոր առաքելության իրականացման գործում»,- նշել է Էրիկ Հայրապետյանը:


«Ցանկացանք, որ մեր հյուրերը տեսնեն՝ որքան բազմազան է Հայաստանը: Երեւանից ընդամենը երեք ժամ է մինչեւ Ջերմուկ, բայց տեսնում ես բոլորովին այլ լանդշաֆտ, այլ կլիմա: Մյուս պատճառը, իհարկե, Ջերմուկի հանքային ջուրն է՝ մեր պարծանքը: Մենք կարծեցինք, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեր ընկերները պետք է փորձեն բնության այդ հրաշքը: Լիահույս ենք, որ նրանք հետագայում այստեղ կվերադառնան՝ արդեն ընտանիքներով», - Banks.am-ի հետ զրույցում ասում է EY ԱՊՀ տարածաշրջանի կառավարիչ գործընկերոջ ավագ խորհրդատու եւ ԱՊՀ տարածաշրջանում գնահատման եւ բիզնես-մոդելավորման ծառայությունների խմբի ղեկավար Հակոբ Սարգսյանը:

Միջոցառման հյուրերը մասնակցել են նաեւ «Ծիրանի փառատոնին», որի ընթացքում ծիրանի ջեմ, մուրաբա, սուջուխ, ծիրանի լավաշ եւ չիր պատրաստեցին, ծիրանի օղի թրմեցին, ինչպես նաեւ մասնակից դարձան ազգային պարերի ուսուցանմանն ու կատարմանը:


Առանց փողկապերի

EY ընկերության ԱՊՀ տարածաշրջանի հարկային եւ իրավաբանական խորհրդատվական ծառայությունների պրակտիկայի ղեկավար Իրինա Բիխովսկայան «Ծիրանի տոն» միջոցառմանն առաջին անգամ է մասնակցում: Նա Banks.am-ի հետ կիսվել է իր տպավորություններով:

«Միջոցառումն ասես մշակույթի տարածման խթան լինի բոլորովին տարբեր երկրներից ժամանած մարդկանց միջեւ: Այստեղ ներկա են մարդիկ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, եւ ես կարծում եմ, որ սա հրաշալի է: Այստեղ հանդիպել եմ գործընկերների, որոնց հետ աշխատել եմ, բայց երբեք նախկինում չեմ հանդիպել»,- ասել է նա:

Իրինա Բիխովսկայան

Միջոցառման մշտական մասնակիցներից է դարձել EY ԱՊՀ տարածաշրջանի խորհրդատվական ծառայությունների պրակտիկայի ղեկավար, հիմնադիր գործընկեր Միխայիլ Ռոմանովը: «Ծիրանի տոնը» նրա համար ոչ միայն գործընկերներին հանդիպելու լավ առիթ է, այլեւ ուսուցողական միջոցառում ՝ երկրի մշակույթի եւ տնտեսական ներուժի բացահայտման առումով:

«Միշտ ընտանիքիս հետ եմ գալիս այստեղ, եւ երեխաներիս համար այս միջոցառումն ամռան ամենասպասված իրադարձությունն է»,- հավելել է Միխայիլ Ռոմանովը:

Միխայիլ Ռոմանովը

Մշակութային «պայթյուն»

Մեզ հետ զրույցում Հակոբ Սարգսյանն ընդգծել է, որ «Ծիրանի տոն» միջոցառումը մեծապես կարեւոր է Հայաստանի ճանաչելիության բարձրացման տեսանկյունից:

«Ամեն տարի միջոցառմանը մասնակցելու համար գալիս են ավելի շատ մարդիկ, որոնք առաջին անգամ են այցելում Հայաստան: Սա շատ կարեւոր է»,- նշել է նա:

Հակոբ Սարգսյանն ու Եվգենիա Վետերը

«Մյուս տարի մենք անպատճառ կանցկացնենք միջոցառումը 8-րդ անգամ եւ այդ անգամ կփորձենք անել արմատական փոփոխություններ, ներկայանալ բոլորովին նոր, անսպասելի ձեւաչափով: Կարծում եմ՝ դա կլինի հերթական փոքրիկ մշակութային «պայթյունը»,- ամփոփել է Հակոբ Սարգսյանը:

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ EY-ի
Դիտում՝ 59896
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai