Ինչպես արագացնել Հայաստանի տնտեսական զարգացումը

22.07.2019 | 09:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#տնտեսական զարգացում
Ավետիք Չալաբյան
Իգոր Զարգարյան

Հայաստանում անկախությունից ի վեր տնտեսական կայուն զարգացման մոդելի ձեւավորումը դարձել է ազգային կարեւորագույն գերխնդիրներից մեկը եւ մինչեւ հիմա չի գտել իր հիմնավոր լուծումը։ Այս խնդիրը հատուկ ուշադրության է արժանացել վերջին մեկ տարում, երբ հասարակությունը նոր իշխանություններից հստակ եւ համոզիչ տեսլական է ակնկալում տնտեսական զարգացման վերաբերյալ, սակայն մինչ այժմ լսում է «տնտեսական հեղափոխության» մասին անորոշ եւ շատ դեպքերում էլ հակասական պնդումներ։ Այս պայմաններում մենք ցանկանում ենք ներկայացնել մեր այլընտրանքային մոտեցումը իշխանության կողմից հնչող թեզերին՝ հստակ հասկանալով, որ սրանք ընդամենը առաջին կոնցեպտուալ ուրվագծերն են եւ հետագա բազմաթիվ քննարկումներ են պահանջելու միս ու արյունով լցվելու համար։

Զարգացման տեսլականը

Ներկայում Հայաստանի տնտեսությունը համարյա անտեսանելի է համաշխարհային տնտեսական քարտեզի վրա, իսկ մասնակցությունը աշխարհի առեւտրատնտեսական զարգացմանը չի արտացոլում ազգային ստեղծարար ներուժը: Խորհրդային տնտեսության զգալի մասը փլուզվել է, իսկ անկախության տարիներին ժամանակակից նոր տնտեսական ակտիվության կենտրոններն առաջացել են միայն փոքր կղզյակներով, արդյունքում այժմյան տնտեսվարումը հաճախ անարդյունավետ է եւ անխնա, իսկ արտադրանքի միայն փոքր մասը՝ մրցունակ միջազգային շուկայում: Հայաստանում տնտեսության մեջ ժամանակակից կապիտալի բազայի ձեւավորումը խրոնիկ հետ է մնում Հայաստանի բնակչության կրթական եւ աշխատանքային կարողություններից, արդյունքում աշխատանքի փաստացի արտադրողականությունը Հայաստանում միջինում մոտ չորս անգամ ցածր է, քան զարգացած երկրներում, գործազրկությունը գերազանցում է 20 %-ը, իսկ աշխատունակ բնակչության զգալի մասն էլ սեզոնային կամ մշտական աշխատանքով է զբաղված այլ երկրներում։

Որպեսզի Հայաստանը դուրս գա խրոնիկ դարձած տնտեսական ճգնաժամից, նրա տնտեսությունը առնվազն երկու տասնամյակ պետք է աճի արագացված տեմպերով (առնվազն տարեկան 7% եւ ավելի), այդ դեպքում այն իր արդյունավետությամբ կհավասարվի կամ կգերազանցի մեր տարածաշրջանի խոշոր երկրներին, տնտեսական արտագաղթը կդադարի եւ նախադրյալներ կստեղծվեն երկրի հետագա կայուն զարգացման համար։ Այս նպատակով Հայաստանը պետք է գործուն մասնակցություն ունենա համաշխարհային առեւտրատնտեսական զարգացմանը, ներկայում գործող կիսափակ տնտեսությունը պետք է բացվի եւ դառնա գերմրցունակ ու կարողանա ակտիվորեն ներգրավել ներդրումներ առաջանցիկ աճի համար։ Միաժամանակ, Հայաստանի տնտեսական համակարգը պետք է կայանա որպես ազգային, հենվի առաջին հերթին ազգային կապիտալի եւ մասնագիտական ռեսուրսների վրա, ակտիվորեն ներգրավի հայության տարբեր հատվածներին շահավետ տնտեսական գործունեության մեջ՝ դարձնելով Հայաստանը նրանց տնտեսական շահի կենտրոն, ներկայացնի ու պաշտպանի այդ տնտեսական շահը թե´ երկրի ներսում, թե´ միջազգային շուկաներում։ Հայաստանի տնտեսական համակարգը պետք է պարտադիր ներառի Արցախը, որի տնտեսական ռեսուրսները կարող են արագացված տնտեսական աճի եւ աշխատատեղերի ստեղծման լրացուցիչ աղբյուր հանդիսանալ հստակ քաղաքական նպատակադրության եւ արդյունավետ զարգացման ծրագրերի իրականացման պայմաններում։

Ավետիք Չալաբյանը

Բարձր տեմպերով երկարաժամկետ աճը հնարավորություն կտա էապես բարելավել ներկայի ծանր սոցիալական վիճակը երկրում՝ նպաստելով գործազրկության ու աղքատության մակարդակների զգալի կրճատմանը, եթե տնտեսական աճի արդյունքները ավելի համաչափ բաշխվեն քաղաքացիների մեջ՝ մասնավորապես ուղղվելով նրանց շարունակական կրթությանը եւ սոցիալական մոբիլության ապահովմանը։ Մեր կուսակցության հավակնությունն է լինելու առաջիկա տասը տարում մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը առնվազն կրկնապատկել, գործազրկությունը եւ աղքատությունը նվազեցնել՝ յուրաքանչյուրը 10 %-ից ցածր, իսկ հաջորդ տասնամյակի ընթացքում հասնել ՀՆԱ եւս մեկ կրկնապատկման, գործազրկության նվազման՝ մինչեւ բնական մակարդակ (4-6%), եւ երկրում աղքատության փաստացի վերացման։   

Տնտեսական զարգացման հիմնական վեկտորները

Մենք իրատեսական մոտեցում ունենք տնտեսական զարգացման վերաբերյալ եւ չենք համարում, որ տնտեսությունը կարող է հրաշքով արագ թռիչք կատարել դեպի «պայծառ ապագա»։ Քանի որ մեր նպատակը ՀՆԱ առնվազն կրկնապատկումն է առաջիկա տասնամյակում, մեր հիմնական թիրախը պետք է լինի ներդրումների արդյունավետ ներգրավումը տնտեսության մեջ, դրանք մեր պայմաններոմ տնտեսական աճի հիմնական շարժիչն են հանդիսանալու առաջիկա տարիներին։ Տնտեսության աճի տեմպերն ուղղակիորեն կախված են ՀՆԱ-ի նկատմամբ համախառն կապիտալի կուտակման կշռից կապիտալի բազայի արագացված ընդարձակման համար։ Որպեսզի Հայաստանում առաջանցիկ տնտեսական աճ ապահովվի, համախառն կապիտալի կուտակման կշիռը պետք է կայուն գերազանցի  ՀՆԱ-ի 25 %-ը՝ վերջին տարիների 16-20 %-ի փոխարեն, եւ ներդրումները ուղղվեն տնտեսապես արդյունավետ ծրագրերի մեջ: Այս նպատակով ներքին խնայողությունների աճի խթանմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է ակտիվ ներդրումային քաղաքականությամբ էապես ավելացնել օտարերկրյա ներդրումների ծավալները։ Դրանք հատկապես կարեւոր են տեխնոլոգիաների փոխանցման եւ նոր շուկաների հասանելիության ապահովման համար, իսկ համախառն ներդրումների թիրախային մակարդակին հասնելու համար մոտակա 10 տարում անհրաժեշտ է ներգրավել տարեկան առնվազն 500-700 մլն ԱՄՆ դոլարի օտարերկրյա ուղիղ ներդրումներ։ Ուստի, պետության ներդրումային քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանում քաղաքական կայունության ապահովմանը եւ երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, առաջին հերթին՝ մրցակցային միջավայրի խաթարումների վերացման, հեռանկարային ոլորտներում նոր տնտեսական հնարավորությունների բացահայտման, պետության կողմից կատալիտիկ ներդրումների իրականացման եւ երկարաժամկետ մասնավոր ֆինանսավորման աղբյուրների զարգացման միջոցով։

Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանում եւ ԵԱՏՄ-ում ներդրողների համար լավագույն գործարար միջավայր ունեցող երկիրը՝ ապահովելով բիզնեսի վարման պայմանների, ներառյալ հարկային ռեժիմի, եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների շարունակական բարելավում, եւ դա պետք է տարեցտարի արտացոլվի համապատասխան միջազգային հեղինակավոր ռեյտինգներում։ Պետության առաջնային նպատակը պետք է լինի արդար մրցակցային դաշտի եւ հավասար մեկնարկային պայմանների ապահովումը, որը հնարավոր է միայն տնտեսության ստվերային հատվածի էական կրճատման, պարզ եւ հստակ օրենսդրական կանոնակարգման, տնտեսական եւ քաղաքական շահերի տարաբաժանման, արդյունավետ պետական վարչարարության եւ կոռուպցիոն ռիսկերի համակարգային նվազեցման միջոցով։ Պետությունը տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության միջոցով պետք է բացառի գերիշխող դիրքի չարաշահումները եւ հակամրցակցային պայմանավորվածությունները՝ միաժամանակ չխաթարելով խոշոր բիզնեսների օբյեկտիվ մրցակցային առավելությունների իրացումը, մասնավորապես արտաքին շուկաներում։

Լինելով փոքր ներքին շուկա ունեցող երկիր՝ արտահանման կողմնորոշումը եւ գլոբալ արժեշղթաներին արդյունավետ ու շահավետ ինտեգրումը Հայաստանի համար այլընտրանք չունի, եւ դա պետք է ապահովվի տարածաշրջանային ինտեգրացիոն միավորներին արդյունավետ անդամակցումն ու գործակցությունը եւ երկրի համապատասխան դիրքավորումը տարբեր խոշոր աշխարհաքաղաքական միավորների ավանդական տնտեսական խաչմերուկում։ Հայաստանը պետք է դիրքավորվի որպես արդյունավետ հարթակ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի եւ Մերձավոր Արեւելքի երկրների տնտեսական գործակցության ծավալման համար՝ հիմք ընդունելով բոլորի հետ բարենպաստ տնտեսական հարաբերությունները եւ տնտեսվարման ներքին ռեժիմի առավելությունները: Այս գործակցության հաշվին Հայաստանը պետք է ձգտի ապրանքների ու ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին հասցնել առնվազն 60 %-ի առաջիկա տասը տարում եւ հետագայում էլ շարունակի կայուն ավելացնել։  

Ոլորտային զարգացումը պետք է հիմնվի արդի արդյունաբերական քաղաքականության մոտեցումների վրա, ըստ որի՝ պետությունը հասցեագրելու է շուկայի բացթողումները, մասնավորապես՝ ինֆորմացիոն ասիմետրիաները եւ կոորդինացիոն ձախողումները։ Ըստ այդմ՝ բոլոր հեռանկարային ոլորտներում պետական-մասնավոր գործակցության սկզբունքով կգործեն ոլորտային խորհուրդներ, մասնակցային գործընթացի հիման վրա շարունակաբար կբացահայտվեն ոլորտային արժեշղթաների հիմնական խնդիրները եւ մասնավոր հատվածի կոորդինացված հանձնառությունների հետ մեկտեղ կկիրառվի պետական աջակցության թիրախային գործիքակազմ՝ ներառյալ երկրի ու ոլորտի բրենդի առաջմղումը, արտաքին շուկաներում ձեռնարկություններին աջակցությունը, արժեշղթայում խոչընդոտների վերացումը, աշխատուժի մասնագիտական վերապատրաստումը եւ այլն։ Պետությունը նաեւ պետք է նպատակաուղղված աջակցի փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ օգտագործելով սակայն այնպիսի գործիքակազմ, որը կնպաստի դրանց զարգացմանն ու խոշորացմանը, եւ ոչ թե ֆրագմենտացմանն ու կոնսերվացմանը, ինչպես հաճախ տեղի է ունենում հիմա։

Նորարարությունը եւ տեխնոլոգիական առաջընթացը պետք է դառնան երկրի մրցունակության աճի եւ տնտեսական զարգացման շարժիչ ուժը։ Որակական փոփոխությունների համար անհրաժեշտ է նորարարություն իրականացնող ընկերությունների կշիռը այսօրվա 10 %-ից հասցնել մինչեւ 30-40 %-ի, իսկ ՀՆԱ-ի մեջ հետազոտությունները եւ մշակումների կշիռը այսօրվա 0,25 %-ից մինչեւ 3%, որոնցից առնվազն մեկ երրորդը՝ պետական կայուն ֆինանսավորմամբ։ Նորարարության խթանման քաղաքականությունը պետք է ունենա երեք հիմնական ուղղություն՝ ա) նոր տեխնոլոգիական մասշտաբային քլաստերների ստեղծում այն բնագավառներում, որտեղ Հայաստանը կարող է ձեւավորել համաշխարհային նշանակության կարողություններ՝ մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնագիտական ծառայությունների, ռազմարդյունաբերության ոլորտներում, բ) տնտեսության տեխնոլոգիական վերազինում՝ հատուկ աջակցման գործիքակազմի միջոցով նպաստելով արդի տեխնոլոգիաների յուրացմանը տեղական ընկերությունների կողմից, գ) հասարակության տարբեր շերտերի լայն ներգրավում հանրային խնդիրների լուծմանն ուղղված նորարարությունները խրախուսելու միջոցով։ Նորարարության տարածման առանցքային խթան է լինելու ռազմարդյունաբերության զարգացումը, որն իր ուղղակի գործառնություններից զատ, տնտեսության մեջ տեխնոլոգիական նորամուծությունների փոխանցման եւ ներդրման կարեւորագույն գործառնություն է կատարելու։

Իգոր Զարգարյանը

Առանձին ուշադրություն է պահանջելու գյուղատնտեսության զարգացումը։ Գյուղերի եւ գյուղատնտեսության նկատմամբ պետական քաղաքականությունը պետք է բխի դրանց բազմակի նշանակություն ունենալու հանգամանքից՝ սկսած պարենային անվտանգությունից եւ վերջացրած դեմոգրաֆիական անվտանգությամբ, ուստի գյուղատնտեսությունը հատուկ պետական աջակցություն է պահանջելու։ Գյուղատնտեսության մեջ պետական աջակցությունը սակայն չպետք է բերի առկա իրավիճակի կոնսերվացման, ընդհակառակը, պետք է նախադրյալներ ստեղծի գյուղերի ու գյուղատնտեսական արտադրության արագացված զարգացման համար, ուստի այն կարիք ունի նորարարական լուծումների՝ գյուղական համայնքների կենսագործունեության համար կայուն պայմանների ստեղծման, ապրանքային գյուղատնտեսության եւ արդյունագործական այլ ճյուղերի արագ զարգացման, գյուղական համայնքներում կյանքի գրավչության բարձրացման նպատակով։ Այս իմաստով Արցախում նոր գյուղատնտեսական համայնքների զարգացումը կարող է հնարավորություն տալ ի սկզբանե ձեւավորել արդյունավետ նորարարական լուծումներ, որոնք հետագայում կարող են կիրառվել երկրի այլ մասերում։

Հայաստանում արագացված տնտեսական զարգացումը նաեւ պահանջելու է ֆինանսական կապիտալի մոբիլիզացման նոր մեխանիզմներ։ Հայաստանի ֆինանսական շուկայում բանկային վարկերի գերակշռությունը հանգեցրել է մասնավոր հատվածի պարտքով գերբեռնվածության՝ սահմանափակելով երկարաժամկետ ներդրումային նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները։ Հայաստանում կայուն տնտեսական աճը պահանջում է ֆինանսավորման երկարաժամկետ, ոչ վարկային միջոցների առկայություն։ Այս նպատակով անհրաժեշտ է լինելու խթանել արժեթղթերի եւ պարտատոմսերի շուկան՝ երաշխավորման գործիքների, դրանցից ստացված եկամուտների նկատմամբ հարկային խթանների կիրառման, վարկանշավորման ինստիտուտի ներդրմամբ եւ այլ գործիքների կիրառման միջոցով։ Ուղիղ բաժնեմասնակցային ֆոնդերի խթանումը հնարավոր է համաֆինանսավորման, տեխնիկական աջակցության ծրագրերի ձեւավորման ու ֆոնդերի կառավարիչների հետ ակտիվ տեղեկատվական աշխատանքի միջոցով։ Կարեւոր է նաեւ պետության դերը՝ խթանելու խոշոր հանրային ընկերությունների ձեւավորումը, մասնավորապես՝ ռազմավարական ոլորտներում (ռազմարդյունաբերություն, էներգետիկա, ջրային ռեսուրսների կառավարում), որոնք կարող են դառնալ մասնավոր բաժնետիրական կապիտալի ներգրավման արդյունավետ հարթակներ։  

Պետության մասնակցությունը տնտեսական զարգացմանը

Հայաստանում տնտեսությունը պետք է իր հիմքում լինի մասնավոր, դա հայ մարդու ազատության եւ ազատ ստեղծագործելու հիմնաքարերից մեկն է, սակայն այն պետք է նաեւ հավասարակշռվի պետության կարգավորող դերով, որը պետք է խրախուսի տնտեսական, սոցիալական եւ բնական ռեսուրսների խնայողական օգտագործումն ու վերականգնումը։ Պետության կարգավորող դերը տնտեսության մեջ պետք է լինի արդյունավետ, խրախուսի մրցակցությունն ու նորարարությունը եւ հիմնվի տնտեսության բարդ համակարգի գործողության մեխանիզմի խոր ճանաչողության, կիրառվող գործիքակազմի համալիր ազդեցության գնահատականի ու կոմպետենտ պետական կառավարման վրա։ Պետությունը նաեւ պետք է նախաձեռնի եւ խրախուսի տնտեսության զարգացման առանցքային նախագծերը, որոնք հնարավոր չէ իրականացնել միայն մասնավորի ներգրավմամբ։ Պետության անմիջական մասնակցությունը տնտեսական գործունեության մեջ սակայն պետք է սահմանափակ լինի՝ խուսափելու շուկաներում մրցակցության ձեւախեղումից ու հանրային միջոցների ոչ արդյունավետ օգտագործումից։ Զուգահեռ պետությունը պետք է աջակցի  նաեւ խոշոր հանրային ընկերությունների ձեւավորմանը, որոնք կկարողանան ապահովել արդիական եւ թափանցիկ կառավարում, մոբիլիզացնել ազգային ու օտարերկրյա կապիտալը եւ արդյունավետ մրցակցել միջազգային ասպարեզում։

Պետական ներդրումները տնտեսության մեջ պետք է ուղղվեն նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, առկա ռազմավարական ակտիվների պահպանմանը եւ բարելավմանը։ Ներդրումների առաջնահերթությունները մոտակա տասնամյակում պետք է դառնան ճանապարհները, ջրային ռեսուրսների կուտակման եւ բաշխման համակարգը, ընդհանուր օգտագործման էներգետիկ ենթակառուցվածքը եւ կարեւորագույն ռազմարդյունաբերական կարողությունները։ Հանրային ծառայությունների կարգավորմամբ պետությունը պետք է ապահովի այլ ենթակառուցվածքային ծառայությունների բարձրորակ մատուցումը եւ հասանելիությունը՝ համահունչ տնտեսության զարգացման պահանջներին։ Բացի ենթակառուցվածքներում ներդրումներից, պետությունը կարող է իրականացնել խոշորամասշտաբ կատալիտիկ ներդրումային նախագծեր, որոնք ուղղված կլինեն նոր տնտեսական ենթակառուցվածքների, տնտեսական աճի նոր հնարավորությունների ստեղծմանը եւ փոխկապակցված մասնավոր ներդրումների խթանմանը (օրինակ՝ արդյունաբերական գոտիներ, առանցքային զբոսաշրջային ենթակառուցվածքներ, գիտահետազոտական կենտրոններ, այլն)։

Ամփոփում

Տնտեսական զարգացման՝ մեր կողմից առաջարկվող մոդելը տարբեր վարիացիաներով փորձարկվել է մի շարք երկրներում, որոնք, չունենալով մեծ ներքին շուկա եւ տնտեսական ռեսուրսներ, կարողացել են նախորդած տասնամյակներում արագացված տնտեսական աճ ապահովել՝ այդ թվում Իռլանդիան, Հարավային Կորեան, Իսրայելը, Էստոնիան, եւ այսօր արդեն դարձել են միջազգայնորեն մրցունակ, դինամիկ զարգացող երկրներ։ Մեր երկար տարիների վերլուծությունները եւ տարբեր ծրագրերի իրականացման կուտակած փորձը բերել են այն համոզման, որ տնտեսական զարգացման առաջարկված մոդելը իրատեսական է նաեւ Հայաստանում, թեեւ համակարգային բարեփոխումների մեծ եւ հետեւողական ջանքեր է պահանջելու։ Մենք պատրաստ ենք վերցնել մեզ վրա այդ բարեփոխումների իրականացման քաղաքական առաջնորդությունը եւ հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին սկսել քննարկումներ՝ համատեղ ջանքերով ամբողջացնելու եւ լիարժեքորեն կիրառական դարձնելու մեր կողմից առաջարկվող հայեցակարգը։

Ավետիք Չալաբյանը եւ Իգոր Զարգարյանը «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրներ են: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակներին եւ կարող են չհամընկնել Banks.am-ի տեսակետներին:
Դիտում՝ 12155
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai