uSave ստարտափը կօգնի գումար խնայել ապագա ցանկությունների համար

18.07.2019 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#uSave #Տիգրան Մկրտչյան #ֆինտեխ
Հայկական uSave ֆինտեխ ստարտափը մշակում է նորարարական լուծումներ, որոնց շնորհիվ օգտատերերը կկարողանան հեշտությամբ եւ նույնիսկ առանց նկատելու գումար խնայել՝ չվնասելով սեփական բյուջեն:

Ստարտափի հիմնադիրներն են ֆինանսաբանկային եւ ՏՏ ոլորտում երկարամյա փորձ ունեցող Տիգրան Մկրտչյանը, Դավիթ Մկրտումյանը եւ Գեւորգ Ազիզխանյանը:

Նրանք Banks.am-ին պատմել են, որ Android եւ iOS համակարգերի համար մշակվող անվճար հավելվածում, ինչպես նաեւ usave.am կայքում հայաստանյան բոլոր բանկերի քարտապանները, մեկ անգամ գրանցելով իրենց քարտերը, կկարողանան նպատակային խնայողություններ կատարել իրենց անունով ստեղծվող «uSave» խնայողական հաշիվներում:

«Վերջին երկու տարիներին, ուսումնասիրելով ամերիկյան հավելվածների գրանցած հաջողությունները եւ հաշվի առնելով հայաստանյան շուկայում համանման ծառայության բացակայությունը, այս տարվա մարտին Դավիթի եւ Գեւորգի հետ որոշեցինք մեր հայրենակիցներին ցույց տալ, որ խնայելը կարող է լինել հեշտ եւ հաճելի»,- նշել է Տիգրան Մկրտչյանը:

Դավիթ Մկրտումյանը, Տիգրան Մկրտչյանը եւ Գեւորգ Ազիզխանյանը

Նրա խոսքով՝ հավելվածում օգտատերերը երկու եղանակով կկարողանան խնայել՝ ավտոմատ ալգորիթմի միջոցով եւ ինքնուրույն։ Նման համադրության շնորհիվ ստարտափի հեղինակները կօգնեն օգտատերերին խնայելը դարձնել սովորույթ եւ բարձրացնել հավելվածի արդյունավետությունը։

«Դե իսկ պրոդուկտի զարգացման եւ առաջխաղացման համար օգտվելու ենք պոզիտիվության եւ վարքագծային հոգեբանության կանոնների համադրությունից»,- հավելել է uSave-ի համահիմնադիրը:

Ներկայում ստարտափը հավելվածի ստեղծման եւ բանկերի ու վճարահաշվարկային կազմակերպությունների հետ ակտիվ բանակցությունների փուլում է:

Նպատակն է մեկ միասնական համակարգի միջոցով հնարավորություն տալ հայաստանյան բոլոր բանկերին ու նրանց հաճախորդների օգտվել uSave-ի ծառայություններից:

Հավելվածը նախատեսվում է գործարկել Խնայողությունների միջազգային օրը՝ հոկտեմբերի 31-ին:

Իսկ մինչ այդ ստարտափը մասնակցելու է արդեն ավանդական դարձած Sevan Startup Summit-ին:
Դիտում՝ 7818
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai