«Անձնական իրավաբան»-ն անվճար օգնում է պաշտպանել իրավունքները

01.07.2019 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Անձնական իրավաբան #Մարինա Շիկանյան
«Ազգային իրավաբանական ծառայություն» ընկերությունն արդեն մեկ տարի է, ինչ շուրջօրյա անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում յուրաքանչյուր դիմողի: Արդյունքում անձնական իրավաբանի ինստիտուտը դառնում է մատչելի եւ հասանելի բոլորի համար։

Banks.am-ը «Ազգային իրավաբանական ծառայության» տնօրեն Մարինա Շիկանյանի եւ իրավաբանների օգնությամբ պարզել է ընկերության գործունեության բոլոր մանրամասները:

Հիմնադրման պատմությունը
Մարինա Շիկանյան

«Ազգային իրավաբանական ծառայություն» ընկերությունը հիմնադրել ենք 2018-ին, այժմ հիմնական թիմում 10 հոգի ենք:

Գործունեության սկզբում տրամադրում էինք հիմնականում դասական իրավաբանական վճարովի ծառայություններ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց:

2018-ի վերջին հասկացանք, որ բավարար գումար ենք վաստակում եւ կարող ենք տրամադրել նաեւ անվճար իրավաբանական խորհրդատվություն: Նպատակը մարդկանց իրավագիտակցության բարձրացումն է:

Տրամադրվող խորհրդատվությունն ունի նաեւ կանխարգելիչ գործառույթ։ Անձը մեկ անգամ խորհրդատվություն ստանալուց հետո նմանատիպ իրավիճակներում կրկին հայտնվելիս տեղեկացված է լինում իր իրավունքների եւ պարտականությունների մասին։


Ինչպե՞ս հարցն ուղղել եւ ստանալ լիարժեք պատասխան

«Անձնական իրավաբան» ծառայության կայքում, տեսնելով «Ստացիր անվճար խորհրդատվություն» կոճակը, դիմողը հնարավորություն ունի գրել ցանկացած իրավական հարց ու անվճար ստանալ լիարժեք պատասխան:

Կայքի «ֆորում» բաժնում ուղղված հարցերին մասնագետները հնարավորինս արագ պատասխանում են նույն բաժնում: Հաճախ շատերը ցանկանում են գաղտնի մնալ կամ ամաչում են որեւէ հարց բարձրաձայնել. վստահեցնում ենք՝ պահպանվում է լիակատար գաղտնիություն: Այդ նպատակով հարցը հնարավոր է ներկայացնել նաեւ անանուն:

Շուրջօրյա անվճար խորհրդատվությունը հասանելի է նաեւ հեռախոսազանգի (044 24 00 24) եւ ամենատարածված մեսենջերների միջոցով:

Չհետեւելով մյուսների օրինակին

Նամակներին կամ հեռախոսազանգերին պատասխանում է ոչ թե քարտուղարը կամ այլ աշխատակից, այլ անմիջապես իրավաբանը:

Ոլորտում շատերը հաճախ բաց գովազդային նյութերով առաջարկում են զանգահարել, ստանալ նախնական խորհրդատվություն, որից հետո հրավիրում են գրասենյակ ու փորձում այնպես անել, որ մարդիկ վճարեն այդ ծառայության դիմաց, մինչդեռ մենք համարում ենք, որ շատ հաճախ գրասենյակ այցելելու կարիք չկա:

Նախնական խորհրդատվության ձեւաչափ գոյություն չունի. եթե տալիս ես խորհրդատվություն, ուրեմն դու հասկանում ես, թե որն է խնդիրը, պատճառահետեւանքային կապը, հնարավոր լուծումները. այդ ամենը մեր իրավաբաններն անում են անվճար:

Վահե Խաչատրյան, համահիմնադիր, ֆինանսական տնօրեն

Ինչո՞ւ անվճար

«Անձնական իրավաբան» թիմը որոշել է իր վրա որոշակի սոցիալական պատասխանատվություն վերցնել. հնարավորինս նպաստել նրան, որ մարդիկ ծանոթ լինեն ՀՀ օրենսդրությանը, դառնան ավելի պաշտպանված իրավական դաշտում, նախապես խորհրդատվություն ստանալու միջոցով խուսափեն խնդիրների առաջացումից։ Երբեմն ուղղվող հարցերը բավական պարզ են լինում, եւ դրանց վերաբերյալ խորհրդատվությունը հնարավոր է տրամադրել րոպեների ընթացքում:

Այդպիսի օգնության արդյունավետությունը հաճախորդի մոտ ձեւավորում է վստահություն մասնագետների նկատմամբ: Համոզվելով տրամադրած խորհրդատվության ճշգրտության եւ արդյունավետության մեջ՝ հաճախորդը հետագայում մեզ է վստահում նաեւ այլ իրավաբանական բնույթի խնդիրների լուծումը:

Մարի Մանուկյան, Իրավաբանական դեպարտամենտի ղեկավար

Անձնական իրավաբան՝ ֆիլմերի նման

Շատերը կարծում են՝ իրավաբանությունը բացասական տարր կրող երեւույթ է, այսինքն, եթե մարդը կարիք ունի դիմելու իրավաբանի, նշանակում է՝ որեւէ տհաճ դեպք է տեղի ունեցել: Սակայն իրավական ռիսկերը պետք է գնահատել նաեւ ձեռնարկատիրական գործունեություն սկսելիս, ներդրումներ կատարելիս կամ օրինակ՝ կապիտալ ձեռք բերելիս:

Փորձում ենք կոտրել նաեւ այն կարծրատիպը, որ իրավաբանությունը թանկարժեք ծառայություն է եւ ենթադրում է մեծ ծախսեր, որ ֆիլմերի նման միայն մեծահարուստները կարող են ունենալ անձնական իրավաբան: Ծառայության անվանումը պատահաբար չենք ընտրել. հաճախորդը շուրջօրյա անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու հնարավորությամբ, ըստ էության, ձեռք է բերում անձնական իրավաբան:


Գիշեր-ցերեկ՝ օրական 20-50 զանգ

Իրավաբաններ Լավրենտի Ադուլյան, Մարիետտա Մանուկյան, Սերինե Խաչատրյան եւ Մերի Սերոբյան

Մեզ տրվող հարցերը կարելի է երկու մասի բաժանել՝ «նմանատիպ հարցեր», որոնք ամեն օր են տրվում ու պատասխաններն անգիր գիտենք (արտասահմանում գտնվող թոշակառուն ցանկանում է լիազորել այլ անձանց գումարը ստանալու համար, ժառանգության հետ կապված հարցեր, ԴԱՀԿ-ի հետ կապված հարցեր) եւ «ժամանակ պահանջող հարցեր», որոնց դեպքում անհրաժեշտ են թիմային քննարկումներ, ուսումնասիրություններ:

Մերի Սերոբյան, իրավաբան

Ուրախանում ենք, որ մարդիկ նախօրոք են հարցն ուղղում, մինչեւ որեւէ խնդրի առերեսվելը. օրինակ հարցնում են՝ աշխատանքից ազատման դիմում պարտավո՞ր են գրել, երբ գործատուն ստիպում է անել դա։ Արդյունքում՝ լինում են տեղեկացված, իրազեկվում իրենց իրավունքների մասին ու ինքնուրույն կարողանում պաշտպանվել։

Հաճախ որպես միջնորդ ենք հանդես գալիս նաեւ բանկերի եւ քաղաքացիների միջեւ, հասնում նրան, որ գործը դատարան չհասնի, կողմերը հաշտության գան:

Նորությունը միայն անվճար ծառայությունը չէ

Հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Հայաստանում տնտեսության զարգացմանն ու ներդրումների ավելացմանը նպաստելու նպատակով մշակել ենք նախագիծ, ըստ որի՝ առաջարկում ենք ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ կատարել:

Ըստ մեր նախաձեռնության՝ ավելի հեշտացված կարգով ՀՀ քաղաքացիություն կկարողանան ստանալ այն օտարերկրացիները, որոնք, օրինակ, ներդրումներ կկատարեն Հայաստանում կամ կկատարեն նվիրաբերություն որոշակի նպատակային հիմնադրամների կամ բանկում ավանդ կներդնեն կամ ձեռք կբերեն անշարժ գույք:

Լավրենտի Ադուլյան, իրավաբան

Զուգահեռաբար, պետք է ներկայիս գործող օրենքը խստացնել.այժմ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ այն անձը, որը 3 տարի բնակվում է Հայաստանում ու տիրապետում է լեզվին։ Ըստ մեր առաջարկի՝ անհրաժեշտ տարիների շեմը պետք է բարձրացվի (օրինակ՝ 5 տարի), որ մարդիկ հասկանան ու կարեւորեն ՀՀ քաղաքացի լինելու առավելությունները:

Օրենսդրական նախաձեռնության ամբողջ տեքստը տեղադրված է ընկերության կայքում՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն: Վստահ ենք, որ նախաձեռնությունը կհետաքրքրի ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի
Դիտում՝ 32640
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai