Աշտարակը՝ տուրիզմի ապագա էպիկենտրոն. օգնում է Եվրոպական միությունը

07.06.2019 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ԵՄ #Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման
2017թ. հունվարին Արեւելյան գործընկերության շրջանակում մեկնարկել է Եվրոպական միության նոր նախաձեռնությունը՝ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել Արեւելյան գործընկերության երկրների համայնքներին եւ նրանց ղեկավարներին՝ դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնող:

Այսօր Հայաստանի 16 համայնք, որոնք «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի անդամ են, արդեն նախաձեռնության խորհրդատվական աջակցությամբ մշակել եւ իրականացնում են տեղական տնտեսական զարգացման պլաններ՝ ուղղված  համայնքներում մասնավոր հատվածի զարգացմանը։ Այս պլանները պաշտոնապես հաստատվել են Համաշխարհային բանկի մասնագետների կողմից իրականացված տեխնիկական վերլուծության հիման վրա։

Մրցույթի արդյունքում, որին մասնակցել են Արեւելյան գործընկերության 6 երկրների մոտ 50 համայնքներ, Հայաստանից ընտրվել է 2 համայնք՝ Դիլիջանը եւ Աշտարակը, Աշխատակիցների փոխանակման ծրագրին մասնակցելու նպատակով։ Վերջինս, միանալով նախաձեռնությանը 2017-ին, արդեն անցել է սեփական գործնական պլանի իրագործմանը։

«Աշտարակ համայնքը Հայաստանում գործող 16 ակտիվ անդամներից մեկն է,- ասում է «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության հայաստանյան համակարգող Սեւակ Հովհաննիսյանը: -Աշտարակը նաեւ մշակել է տեղական տնտեսական զարգացման պլան եւ դրա գործողությունների իրականացման շրջանակում դիմել է մեզ, որպեսզի աջակցություն ցուցաբերենք, եւ փորձի փոխանակման միջոցով հնարավոր լինի ծանոթանալ եվրոպական լավագույն փորձին»։

Սեւակ Հովհաննիսյանը

Սեւակ Հովհաննիսյանը հավելում է, որ նախաձեռնության հիմնական բաղադրիչը տեղում կարողությունների զարգացումն է, որը ներառում է ուսումնառություն, խորհրդատվություն, նաեւ՝ լավագույն փորձի փոխանակում:

«Մենք փորձում ենք խուսափել այն սխալներից, որոնք կարելի է չանել՝ օգտագործելով մեր գործընկերների փորձը»,- հավելում է Աշտարակ համայնքի ղեկավարի տեղական տնտեսական զարգացման պատասխանատու, խորհրդական Արթուր Ոսկանյանը եւ հավելում, որ նախաձեռնության նպատակներից է համայնքներին հասու դարձնել եվրոպական լավագույն փորձը՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների փոխանակման ծրագրի միջոցով։

Հենց այդ նպատակով Աշտարակում էր գտնվում Լատվիայի Վալկա քաղաքի քաղաքապետարանի խորհրդի զարգացման եւ պլանավորման վարչության պետ Գունթա Սմանեն: Նա ավելի քան 30 տարի աշխատում է Վալկայի քաղաքային խորհրդում եւ իր մեծ ներդրումն ունի տարածքային զարգացման եւ պլանավորման, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման նախագծերի մշակման եւ իրականացման գործում:

Գունթա Սմանեն

Համաձայն Աշխատակիցների փոխանակման ծրագրի սկզբունքների՝ Գունթա Սմանեն Աշտարակ այցելել է սիրով, եւ որեւէ շահ չի հետապնդում։ Նրա նպատակը մեկն է՝ Աշտարակի մրցակցային առավելություններն ավելի գրագետ ու ճիշտ ներկայացնելու հարցում օգնել իր տեղացի գործընկերներին։

Իսկ Աշտարակում ներկայացնելու շատ բան կա. ինչպես նշում է Արթուր Ոսկանյանը՝ Աշտարակի միայն ընկույզով չէ հայտնի, այլ իր շատ համեղ չրերով, գինիներով, եւ հենց գյուղմթերքի մշակման ոլորտի զարգացման շնորհիվ էլ հնարավոր է զուգահեռաբար զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը։

Անուշահամ գինով եւ չրերով հասցրել էին հյուրասիրել 3 օրով Աշտարակ ժամանած եվրոպացի հյուրին, որը գոհ է մնացել։

«Այստեղ՝ Աշտարակում, կան բազմաթիվ տեղական արտադրողներ, որոնք զբաղվում են չրարտադրությամբ, տարբեր տեսակի գինիներ են պատրաստում: Այստեղ այնքան շատ գեղեցիկ պատմական վայրեր կան, խորհուրդ եմ տալիս զարգացնել տեղական տուրիզմը՝ ներառելով պատմական այդ բոլոր կառույցները եւ էքսկուրսիաներ կազմակերպել տեղական արտադրողների մոտ»,- ասում է տիկին Սմանեն։

Նա պատմում է իր հայրենի քաղաքում կատարված աշխատանքների մասին. զբոսաշրջությանը զարկ տալու նպատակով փոխվել է երբեմնի զբոսաշրջային քարտեզը: Այն այսօր ներառում է ոչ միայն պատմամշակութային վայրեր տանող ուղիներ, այլեւ փոքրիկ հյուրընկալություններ են կազմակերպվում տեղական արտադրողների մոտ, որտեղ կարելի է համտեսել տեղական բարիքներ, ծանոթանալ տեղական համին՝ չմոռանալով գնումներ կատարելը:

Սեւակ Հովհաննիսյանը, Գունթա Սմանեն եւ Արթուր Ոսկանյանը

Տիկին Գունթան կարեւորում է նաեւ տարբեր ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը, որոնք սկզբում ոչ շահութաբեր են թվում, սակայն հետագայում կարող են ֆինանսական հոսքեր ապահովել համայնքային բյուջե: Ասում է՝ տոնավաճառը զբոսաշրջիկների մեծ հոսք է բերում ոչ միայն Լատվիայից, այլեւ հարեւան մի շարք երկրներից:

Տիկին Սմանեն հատկապես կարեւորում է Վալկայի քաղաքապետարանի եւ մասնավոր հատվածի միջեւ ձեւավորված համագործակցությունը։ Համայնքում ռազմավարական պլանավորման ժամանակ կարեւորում են բիզնեսի զարգացման կարիքները եւ հաճախ ներդրումների ժամանակ առաջնայնությունը տալիս են այն նախագծերին, որոնք կնպաստեն գործարարության զարգացմանը։ Որովհետեւ մասնավոր հատվածն է, որ աշխատատեղեր է ստեղծում եւ հարկեր մուծում տեղական բյուջե։

Աշտարակի ՏԻՄ ներկայացուցիչները կարեւորում են նախաձեռնությունը տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացման եւ համայնքի բարեկեցության ու կենսամակարդակի բարձրացման համար։ Ընդհանուր առմամբ, Աշտարակի զարգացման երկամյա պլանը թիրախավորում է համայնքում զբոսաշրջության, գյուղմթերքի վերամշակման եւ ՏՏ ոլորտների զարգացումը:

Գունթա Սմանեն իր խորհուրդներով կիսվել է նաեւ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ՝ հույս հայտնելով, որ, եթե ստացվի ու հաջորդ տարի կրկին Աշտարակում լինի, ավելի զարգացած տնտեսությամբ համայնք կտեսնի:

Տեքստը եւ լուսանկարները՝ Արմինե Ավետիսյանի
Դիտում՝ 61395
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai